ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀԱՐՑ. Ամուսնացած եմ, ունեմ 3 տարեկան աղջիկ: Հաջորդ տարի պետք է մեկնեմ պարտադիր զինվորական ծառայության: Ուզում եմ իմանալ` արդյոք կարող եմ օգտվել բնակության վայրին մոտ տեղակայված զորամասում ծառայելու հնարավորությունից:
Արտակ Պողոսյան 
(24 տարեկան, ատամնաբույժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ կետը սահմանում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ժամանակ, ինչպես նաեւ այդ ծառայության ընթացքում բնակության վայրին մոտ գտնվող զորամասում ծառայելու արտոնությունից օգտվելու հիմքերը, ըստ որի` նման իրավունք ունեն.
ա) միայնակ եւ տարիքային կենսաթոշակի անցած կամ երրորդ խմբի հաշմանդամ հոր կամ մոր միակ զավակը,
բ) Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության, զինված ուժերում եւ այլ զորքերում ծառայության ընթացքում, ինչպես նաեւ ՀՀ միջազգային պայմանագրերով ՀՀ-ում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) հայր (մայր) կամ եղբայր (քույր) ունեցող զորակոչիկները,
գ) ամուսնացած եւ մեկ երեխա ունեցող զորակոչիկները,
դ) երկկողմանի ծնողազուրկ զորակոչիկները, ինչպես նաեւ միակողմանի ծնողազուրկ այն զորակոչիկները, որոնք չունեն չափահաս քույր կամ եղբայր,
ե) ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ այլ զորակոչիկները:
Այսպիսով՝ Դուք անվերապահորեն օգտվում եք բնակության վայրին մոտ, այն է՝ Ձեր հաշվառման (հաշվառում չունենալու դեպքում` փաստացի բնակության) վայրից մինչեւ 150 կմ հեռավորության վրա տեղակայված զորամասում ծառայելու արտոնությունից:
«Իրավունքի իրազեկում» 
հասարակական կազմակերպություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշված պայմանները վաղուց բոլորին են հայտնի: Այսուհանդերձ, մեր ընթերցող Արտակ Պողոսյանը, ծանոթանալով օրենքի համապատասխան կետին, կարող է վերստին համոզվել, որ ինքը ծառայության տարիները կարող է անցկացնել բնակավայրին եւ ընտանիքին համեմատաբար մոտ: Այնպես որ, փոքրիկը հորը շատ չի կարոտի:




Լրահոս