ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը սկսել է իրականացնել Մեծամոր պատմահայրենագիտական արգելոց-թանգարանի համակողմանի ուսումնասիրության առաջին փուլը: Այն ներառում է վաղ բրոնզեդարյան եւ միջին բրոնզեդարյան դամբարանադաշտերի մաքրման, ուսումնասիրման եւ այլ աշխատանքներ:
Մանրամասներ իմանալու ակնկալիքով զրուցեցինք ՊՈԱԿ-ի փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի հետ:
«Աշխատանքները մի քանի փուլ են ներառում` մինչեւ 2007թ. Մեծամորում կատարված պեղումների թողած հատվածի մաքրման ու տեսքի բերման աշխատանքներ, Մեծամոր բնակավայրի 1960-80-ական թվականների պեղումների հետագա ընդլայնում… Իսկ ամենակարեւորը Մեծամորը որպես պատմամշակութային կարեւորագույն օջախ ու հուշարձան ներկայացնելն է: Չէ՞ որ այն Մերձավոր Արեւելքի եզակի հուշարձաններից մեկն է, մետաղագործության կարեւոր կենտրոն…
2006թ.` հնագետ Էմմա Խանզադյանի մահվանից հետո, պեղումներն ընդհատվել էին, 2010թ. դրանք վերսկսվեցին, եւ կարծում եմ` հուշարձանը մեկ անգամ եւս լավ չափագրելու, տեսքի բերելու ու հանրությանը հավուր պատշաճի ներկայացնելու ժամանակն է: Արշավախումբն անցյալ եւ նախանցյալ տարիներին նախնական աշխատանքներ է իրականացրել Մեծամորի արդեն պեղված դամբարանադաշտի տարածքում եւ մաքրման աշխատանքներ է կատարել: Այս տարի կիրականացնենք նաեւ մանրազնին պեղման, որոնման գործընթացները: Կարծում եմ` բավականին հետաքրքիր նյութեր ենք ունենալու: Նաեւ մտադիր ենք հրատարակության պատրաստել Մեծամորից պեղված, մեծ քանակություն կազմող անագե իրերի ուսումնասիրության արդյունքները: Անագը Հայկական լեռնաշխարհում եւ Մերձավոր Արեւելքում պարզապես գոյություն չունի, եւ հնագույն ժամանակներում` բրոնզե դարաշրջանում, ուշ բրոնզի շրջափուլում, արդեն առեւտրական գործարքներ էին արվում այն ինչ-որ տարածքներից բերելու եւ օգտագործելու համար: Հետաքրքիր է՝ որ ճանապարհով, ինչպես է բերվել անագը, ինչպես է օգտագործվել:
Քանի որ Մեծամորը նաեւ արգելոց-թանգարան է, այնտեղ համակարգված աշխատանքների խնդիր նույնպես կա` դեպի հուշարձան տանող ճանապարհի վերանորոգում, թանգարանային ցուցադրության համալրում, նորացում եւ արդիականացում: Տուրիստական շատ կազմակերպություններ Մեծամոր չեն գալիս, քանի որ ճանապարհը լավը չէ… Լուսավորության վերականգնման, վերանորոգման խնդիրներ կան: Պետք է կարգավորել զետեղարանը, որտեղ Մեծամորի պեղումներից հայտնաբերված ոսկյա իրերն են:
Մեկ ամսվա ընթացքում կհրատարակենք մեր առաջին աշխատանքը, որը վերաբերում է Մեծամորի ոսկե իրերին: Դա հատկանշական ցուցակ է, կատալոգ, որտեղ ներառված են Էմմա Խանզադյանի պեղումների արդյունքում հայտնաբերված բոլոր ոսկե իրերը»,-ներկայացրեց Ա. Փիլիպոսյանը:
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ