««Ժողովուրդ» թերթի հարգելի՛ խմբագրություն, ուզում եմ տեղեկացնել, որ վերջերս ձեր թերթում հրապարակել էիք «Վովան մուկ եւ մուկիկ չէ» վերնագրով մի հոդված, որում գոնե իմ մասով առկա են մի շարք անճշտություններ:
Նշեմ, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործության օրը պետական եւ քաղաքական գործիչների դաժան սպանությունների ականատեսն եմ եղել եւ ամբողջ ընթացքում ինքս դահլիճից դուրս եմ եկել երկու անգամ. առաջին անգամ, երբ դահլիճից դուրս էինք հանում գնդակահարված Միքայել Քոթանյանին, ի դեպ, նա մահացավ իմ ձեռքերի վրա, երկրորդ անգամ օգնել դուրս եմ հանել սպանված Կարեն Դեմիրճյանի դին: Այս անգամ մոտ տասը րոպե զրուցել եմ ոստիկանության աշխատակիցների հետ, հետո կրկին վերադարձել եմ դահլիճ՝ մտածելով, թե էլի կգտնվեն վիրավորներ, որոնք օգնության կարիք կունենան: Մինչեւ առավոտ եղել եմ դահլիճում, այս ամենի մասին կա քրեական գործում բոլոր մանրամասներով: Ի դեպ, մինչեւ դահլիճի դուռն եմ հասցրել նաեւ վիրավոր Էդմոն Ծատուրյանին, փորձեցի օգնել նաեւ վիրավոր Արմեն Խաչատրյանին: Նաեւ ԱԺ դահլիճի բարձրախոսով պահանջել եմ շտապօգնություն կանչել:
Գաղտնիք չէ, որ դահլիճից դուրս եկողներն այլեւս չէին վերադառնում, եւ սա բնական է, կար վախ, անհանգստություն, իսկ ինքս կամովին վերադարձել էի՝ հասկանալով, որ ներսում լինելով՝ կարող եմ շատերին օգնել: Չեմ կարծում, որ հոկտեմբերի 27-ն այն ողբերգությունն է, որը շահարկելով՝ որոշ մարդիկ կարող են հետին թվով հերոսանալ»:
Հարգանքով` ԱԺ պատգամավոր,
Աֆղանական պատերազմի
վետերանների խորհրդի նախագահ,
պահեստի գնդապետ
ԱՐՄԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ