ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐ ՓՆՏՐԵԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ն խորհրդարանում հայտնվել է մեկուսացված՝ մերժվածի կարգավիճակում: Բանն այն է, որ ՀՀԿ-ն ցանկանում էր ԱԺ արտահերթ նիստ հրավիրել` օրակարգում ունենալով ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ ԱԺ խմբակցությունների անունից միասնական հայտարարություն ընդունելու հարցը:
Հայտարարության նախագծի վերաբերյալ ԱԺ խմբակցությունները ՀՀԿ-ին են ուղարկել իրենց առաջարկները: Սակայն ՀՀԿ կազմած նախագծում ներկայացված առաջարկներից որեւէ մեկը տեղ չի գտել: Արդյունքում` ԱԺ ոչ կոալիցիոն խմբակցություններն այսօր մերժում են ՀՀԿ նախագիծը` այն համարելով անընդունելի:
«Այն դեկլարատիվ հայտարարություն էր, բարի ցանկությունների հռչակագիր, որտեղ որեւէ կոնկրետ քայլ, որը լուծում կտար երկրում ստեղծված իրավիճակին, չկար: Ավելին, մենք նախապես ներկայացրել էինք մեր առաջարկները, թե ինչպես ենք տեսնում լուծումները, մասնավորապես ԸՕ օր առաջ բարեփոխումը` հիմք ընդունելով բացարձակ համամասնական ընտրակարգի անցումը: ՀՀԿ ներկայացված տեքստում, բնականաբար, մեր առաջարկը չկար: Այնինչ մեզ համար սկզբունքային հարց է մեծամասնական ընտրակարգը վերացնելը»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա վստահեցրեց. «ԲՀԿ-ն ՀՀԿ ներկայացրած հայտարարության տեքստի տակ չի դնելու իր ստորագրությունը»: Սակայն, ըստ Զոհրաբյանի, եթե, այնուամենայնիվ, ՀՀԿ-ն նախաձեռնի ԱԺ արտահերթ նիստ, իրենք կմասնակցեն դրան ու կներկայացնեն իրենց տեսակետը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի համար եւս անընդունելի է ՀՀԿ խմբակցության ներկայացրած նախագիծը: «Իրենց խմբագրած նոր տեքստն առկա հարցերի պատասխանները չի տալիս, հետեւաբար մեզ համար այն ընդունելի չէ»,-նշեց Վարդանյանը` հիշեցնելով, որ իրենք ՀՀԿ-ին նախապես էին փոխանցել իրենց պատկերացումներն ԱԺ-ում քննարկվելիք հայտարարության վերաբերյալ, սակայն դրանք չէին ընդունվել:
ԱԺ ՀԱԿ խմբակցությունն էլ նախօրեին էր հաղորդագրություն տարածել` ներկայացնելով հայտարարության իրենց տարբերակն ու ընդգծելով, որ միայն նման տեքստի շուրջ կարող է կայանալ համաձայնություն: Իսկ իրենց նախագծում նրանք նշել են. «Հայաստանում թիվ մեկ քաղաքական խնդիրը ոչ օրինակարգ իշխանության գոյությունը եւ սահմանադրական կարգի խաթարվածությունն է, ինչի վերականգնման համար անհրաժեշտ է ԸՕ-ում կատարել բոլոր այն փոփոխությունները, որոնք վերջին տարիներին առաջարկել է ընդդիմությունը` առավելագույնս բացառելու համար ընտրախախտումները, անցկացնել լսումներ եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչների քննարկումներ՝ արտահերթ նախագահական, ապա արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու միջոցով Հայաստանում խաթարված սահմանադրական կարգի վերականգնման օրակարգով»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին հարցրինք` ինչու ՀՀԿ-ն չի ընդունել մյուս խմբակցությունների ներկայացրած առաջարկները: «Իրենք մեր ներկայացրած տարբերակին համաձայն չեն, մենք էլ իրենց տարբերակներին համաձայն չենք, որովհետեւ այնտեղ ոչ թե սկզբունքների, այլ մոտեցումների տարբերակ է: Մենք ասում ենք` եկե՛ք նստենք, քննարկենք բոլոր հարցերը, իրենք ասում են` ոչ թե քննարկենք, այլ ընդունե՛ք, որ արտահերթ ընտրություններ պետք է լինեն, անցնենք խորհրդարանական կառավարման եւ այլն: Պարզապես անհեթեթ իրավիճակ են ստեղծում»,-ասաց Սահակյանը` հավելելով, որ կուսակցություններից յուրաքանչյուրն իր խնդիրն ունի եւ փորձում է այսպես առաջ տանել դրանք: Մեր հարցին, թե կարելի է այս թեման համարել փակված, Սահակյանը բացասական պատասխան տվեց. «Քաղաքական դաշտում ոչ մի թեմա չի փակվում, այլ անընդհատ զարգացող պրոցեսների մեջ պետք է տեսնել ամեն ինչ»:

Պիոներական. միշտ պատրաստ

Մինչ այդ նկատենք, որ Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան նամակագրական կապը գնալով նոր երանգներ է ստանում: «Ժառանգություն» կուսակցության ղեկավարի վերջին նամակին անդրադարձել է Ս. Սարգսյանի խոսնակ Արմեն Արզումանյանը` ընդգծելով. «Մարտի 25-ին Սարգսյանի հղած նամակում արված առաջարկությունը դեռ շարունակում է մնալ ուժի մեջ, թեեւ հրապարակից հնչող անհիմն վերջնագրերի լեզուն ժամ առ ժամ նվազեցնում է դրա արդիականությունը, Ս. Սարգսյանի հանդիպումները կազմակերպվում են վաղօրոք պլանավորված արարողակարգով, կանխավ ամրագրված ժամերի եւ տեղի են ունենում նախագահական նստավայրում»: Ր. Հովհաննիսյանը երեկ Ազատության հրապարակում հայտարարեց, թե ինքը չի մեկնաբանի այդ խոսքերը: Սակայն նաեւ նշեց` իր հնչեցրած առաջարկներն ուժի մեջ են. «Բոլոր դեպքերում մեր մոտեցումը շատ հստակ է, երկրի փրկությանն ուղղված է եւ ոչ երբեք՝ վերջնագիր: Թող ոչ մեկն իմ խոսքը չխեղաթյուրի իր մանր շահի համար: Մեր առաջարկը եւս մնում է ուժի մեջ»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս