Այս տարվա փետրվարի 19-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, մահացու վրաերթ էր տեղի ունեցել Նորք Մարաշի Արմենակյան փողոցում:
Ռազմիկ Ավետիսյանը 40կմ/ժ արագությամբ վարելով իր ավտոմեքենան՝ հասել էր Արմենակյան փողոցի թիվ 122 հասցե, այստեղ վրաերթի ենթարկել 82-ամյա Անահիտ Կարապետյանին, ապա՝ դուրս եկել երթևեկելու գոտուց և բարձրանալով մայթին վրաերթի ենթարկել 29-ամյա Աննա Հարությունյանին, վերջինիս 8 ամսական երկվորյակ որդիներին, այնուհետև բախվել ցանկապատին: Վրաերթի հետևանքով մանկահասակ երեխաներից մեկը տեղում, մյուսը՝ հիվանդանոցում մահացել են, իսկ երկու կանայք ստացել ծանր վնասվածքներ։
Վթարի հետևանքով վնասվածքներ էր ստացել նաև ավտոմեքենայի ուղևորը՝ վարորդի կինը: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։
Եվ ահա, ArmLur.am-ը տեղեկանում է, որ նախաքննությունն ավարտվել է: Պարզվում է դժբախտ դեպքի պատճառը Ավետիսյանի հիվանդությունն է հանդիսացել:
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Ռազմիկ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ տառապելով «Էպիլեպսիա» հիվանդությամբ և դրա հետևանքով նախկինում մի քանի անգամ ունենալով գիտակցության կորուստ, գիտակցելով, որ հիվանդության հետևանքով ցանկացած պահի կարող է գիտակցությունը կորցնել և հանրության համար վտանգ ներկայացնել՝ ավտոմեքենան վարել է Արմենակյան փողոցով շուրջ 40 կմ/ժամ արագությամբ և չընտրելով իր վարած ավտոմեքենայի ընթացքի լիարժեք կառավարումն ապահովող ռեժիմ՝ վրաերթի է ենթարկել Անահիտ Կարապետյանին և վերջինիս որդիներին, ապա ընդհարվել է ցանկապատին: Սրա հետևանքով որդիներին անզգուշությամբ պատճառել է մահ, իսկ Աննա Կարապետյանին` կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ:
Գործն ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, մակագրվել դատավոր Գագիկ Պողոսյանին:
Լուսանկարը՝ shamshyan.com-ի: