Լևոն Մութաֆյանի մահվան առեղծվածը. նա միայնակ չի՞ եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ երեկ՝ նոյեմբերի 11-ին, Երևանի Զաքյան փողոցում գտնվող «Աստորիա» հյուրանոցում հայտնաբերվել է թատերագետ Լևոն Մութաֆյանի դին:

Նախնական վարկածով՝ նա հանկարծամահ է եղել:

Դեպքից հետո լրատվամիջոցներում տարբեր լուրեր և կարծիքներ շրջանառվեցին, մասնավորապես այն, որ Լևոն Մութաֆյանը հյուրանոցում միայնակ չի եղել. նրա հետ, ըստ լուրերի, ինչ-որ երիտասարդ է հյուրանոց ժամանել, թեպետ աշխատակիցները վստահեցնում են, որ թատերագետը միայնակ է եղել:

Ապա Լևոն Մութաֆյանի մտերիմներից դրամատուրգ Սամվել Խալաթյանը Aravot.am-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ իր մանկության ընկերոջը սպանել են՝ դեպքը առեղծվածային համարելով:

Ստեղծվածի շուրջ ArmLur.am-ը զրուցեց մահացածի դստեր՝ դերասանուհի Անահիտ Մութաֆյանի հետ, ով վստահեցրեց, որ սպանության վարկածը բացարձակ սուտ է. նույն գնահատականը տվեց նաև «անհայտ» երիտասարդի հետ կապված լուրերին. «Չի կարող նման լինել: Չկա այդպիսի բան: Հյուրանոցի տնօրենի հետ ենք խոսել. ասում է, որ հայրս միայնակ է եղել»:

Հարցին՝ իրենց բնակարանը նշված հյուրանոցից 300 մետր հեռավորության վրա է գտնվում, ինչո՞ւ պետք է Լևոն Մութաֆյանը որոշեր հյուրանոցում լոգանք ընդուներ, մեր զրուցակիցը մեկնաբանեց. «Ինքը երբ իրեն վատ էր զգում, միանգամից բաղնիք էր մտնում՝ ցնցուղ ընդունելու: Առողջական խնդիրներ ուներ. վերջին շրջանում Կապան, ապա՝ Վրաստան գնաց, հետ եկավ, եղանակային պայմանների տատանումներից վիճակը սրվեց»:

Այդուհանդերձ, նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարվում է քննություն՝ պարզելու Լևոն Մութաֆյանի մահվան հանգամանքները։ Դատաբժշկի կողմից դիակի նախնական զննության արդյունքում բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։




Լրահոս