Այսօր շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 14-ին ողջ աշխարհը նշում է Շաքարախտի դեմ պայքարի օրը: Այս օրը 1991թ. սահմանել են Շաքարախտի միջազգային ֆեդերացիան (IDF) և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ ի պատասխան ամբողջ աշխարհում այս հիվանդության տարածման սպառնալիքին:

1922թ. հունվարին կանադացի գիտնական Ֆրեդերիկ Բանթինգն առաջին անգամ շաքարախտով տառապող14-ամյա մի տղայի կյանք է փրկել՝ նրան ինսուլին ներարկելով: Այս դեղամիջոցը պատենտավորելու և դրա շնորհիվ աներևակայելի հարստություն կուտակելու փոխարեն՝ Բանթինգն իր իրավունքները փոխանցել է Տորոնտոյի համալսարանին:

Հետագայում ինսուլինի արտադրության իրավունքներն անցել են Բժշկական հետազոտությունների կանադական խորհրդին: 1922թ. վերջին դեղամիջոցը հայտնվել է շուկայում: Շաքարախտի դեմ պայքարի օրը ՄԱԿ-ի հովանու ներքո նշվում է 2007թ.-ի նոյեմբերի 14-ից՝ ի պատիվ Բանթինգի, ով ծնվել էր 1891թ. այդ օրը:

Դարեր շարունակ մարդկությունը ծանոթ չէր ծանր այս հիվանդության դեմ պայքարի միջոցներին, և «շաքարախտ» ախտորոշումը հիվանդին չէր թողնում ոչ միայն ապաքինման, այլև կյանքի հույս: Այսպիսով, Ֆրեդերիկ Բանթինգի ու նրա գործընկեր Չարլզ Բեսթի բացահայտումը փրկել է միլիոնավոր կյանքեր:

Չնայած շաքարախտն այսօր էլ անբուժելի է, սակայն ինսուլինի շնորհիվ մարդիկ սովորել են հիվանդությունը վերահսկողության տակ պահել:




Լրահոս