Տարոն Մարգարյանը մասնակցել է համաքաղաքային ծառատունկին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 14-ին Երևանում համաքաղաքային ծառատունկի ու շաբաթօրյակի օր էր հայտարարված: Ավելի կանաչ ու մաքուր մայրաքաղաք ունենալուն ուղղված այս նախաձեռնությունը համախմբել էր բազմաթիվ պետական ու մասնավոր հիմնարկ-ձեռնարկությունների, կազմակերպությունների ներկայացուցիչների, Երևանի ավագանու անդամներին, ինչպես նաև հազարավոր քաղաքացիների: Նոր Նորք վարչական շրջանի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում որդիների հետ միասին ծառատունկին մասնակցել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Ինչպես գիտեք, ամեն շաբաթ մայրաքաղաքում իրականացվում են ներքին շաբաթօրյակներ, բայց բարի ավանդույթ է դարձել, որ տարեկան, առնվազն, 2 անգամ էլ համաքաղաքային շաբաթօրյակներ անցկացնենք, որի նպատակը համատեղ ուժերով մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման տարածքները մաքրելն ու ծառատունկ իրականացնելն է: Մասնավորապես, ծառատունկի հետ կապված այս անգամ հիմնական շեշտը դրել ենք մայրաքաղաքի որոշ հատվածներում ամառային շոգերի հետևանքով հրդեհված կանաչ տարածքների վերականգնման վրա: Ըստ այդմ, ծառատունկեր են իրականացվում Ծիծեռնակաբերդի լանջի հրդեհված տարածքում, Բուսաբանական այգում, ինչպես նաև «Փարոսի» անտառ-պուրակում:

Բացի այդ, ծառերով ենք համալրում նաև նոր ստեղծված այգիներն ու պուրակները, ինչպես Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգին է, որը մեր բնակիչների տնօրինմանը հանձնեցինք այս տարվա սեպտեմբերին: Ի դեպ, այս տարի ստեղծել ենք ավելի քան 6 հեկտար նոր կանաչ տարածքներ, որոնց թվում թե՛ այս զբոսայգին է և թե՛ Շենգավիթ վարչական շրջանում ձևավորված Արցախյան ազատամարտի հերոս նահատակներից մեկի՝ Արթուր Կարապետյանի անվան զբոսայգին: Բացի այդ, համաքաղաքային ծառատունկերի շրջանակում նաև բակերն են համալրվում նոր ծառերով»,- ընդգծել է քաղաքապետը:

Ընդհանուր առմամբ, աշնանային ծառատունկի ընթացքում մայրաքաղում կտնկվի ավելի քան 20 հազար ծառ և թուփ: Երևանի քաղաքապետի կողմից պատասխանատուների առջև հստակ խնդիր է դրված՝ ծառատունկն իրականացվում է բացառապես ոռոգելի տարածքներում:
«Եթե գարնանային ծառատունկի տվյալներն էլ ամբողջացնենք, ապա այս տարի ընդհանուր առմամբ շուրջ 55000 ծառ և թուփ է ավելացել մայրաքաղաքում: Անշուշտ, կարևորը դրանց խնամքն է, ու հենց այդ նպատակով մենք հատկապես վերջին մի քանի տարիներին ծառատունկերն իրականացնում ենք բացառապես ոռոգելի տարածքներում: Ամեն տարի զգալիորեն ընդլայնում ենք նաև ոռոգման ցանցը, ընդ որում, յուրաքանչյուր տարի շուրջ 20 կիլոմետրով, ինչի արդյունքում եթե 3 տարի առաջ մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ընդհանուր մակերեսը մոտ 845 հեկտար էր, ապա այսօր այն շուրջ 860 հեկտար է կազմում»,-նշել է քաղաքապետը:

Կարևորելով մայրաքաղաքի կանաչ տարածքների ավելացմանն ուղղված քաղաքային իշխանությունների հետևողական քաղաքականությունը՝ ծառատունկի մասնակիցները մեկ անգամ ևս իրենց գոհունակությունն են հայտնել Տարոն Մարգարյանին՝ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգին վերակառուցելու և այն իրենց համար իսկապես լիարժեք հանգստի գոտի դարձնելու համար: Քաղաքապետն էլ իր հերթին հորդորել է նրանց մաքուր պահել մայրաքաղաքն ու իսկական տանտիրոջ պես վերաբերվել Երևանին:

«Շատ կարևոր է, որ տարեցտարի ավելանում է ծառատունկին և շաբաթօրյակին մասնակցող մասնավոր ընկերությունների ու հասարակական կազմակերպությունների և, որ հատկապես ուրախալի է, նաև մեր համաքաղաքացիների թիվը: Սա նաև յուրօրինակ երաշխիք է, որ նույն այդ կազմակերպություններն ու մարդիկ կխնամեն ու կպահպանեն նոր ստեղծվող կանաչ տարածքները: Եվ իհարկե, առիթն օգտագործելով կցանկանայի մեկ անգամ ևս կոչ անել մեր համաքաղաքացիներին՝ խնամքով վերաբերվել կանաչ տարածքներին ու, ընդհանրապես, չաղտոտել, մաքուր պահել մեր քաղաքը: Դա ոչ միայն մեզ բոլորիս է պետք, այլև մեր սերունդներին»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի զարգացման քառամյա ծրագրում առանձնակի կարևորված են նաև մայրաքաղաքի մուտքերի կանաչապատմանը, գեղարվեստական ձևավորմանն ու բարեկարգմանն ուղղված աշխատանքները: Երևանի քաղաքապետը բնակիչների հետ միասին ծառեր է տնկել նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Արգավանդի խաչմերուկին հարակից տարածքում, որը վերջին տարիներին ամբողջությամբ բարեկարգվել, կանաչապատվել է ու ապահովվել ոռոգման նոր համակարգով:




Լրահոս