Գիտելիքահեն, մարդակենտրոն, ՏՏ ոլորտը տարիներ ի վեր տնտեսության գերակա ճյուղ հռչակած եւ այլ նման թիթիզ ու ամբիցիոզ հայտարարություններ անող հայրենի կառավարությունը, պարզվում է, միջոցներ չունի՝ իր երիտասարդ գիտնականներին հատկացվող չնչին հավելավճարները տալու համար:
Պարզվում է` դեռ անցած հոկտեմբերից ոչ լրիվ դրույքով աշխատող գիտնականները կառավարության որոշմամբ զրկվել են գիտությունների թեկնածուների դեպքում 25 հազար, իսկ դոկտորների դեպքում՝ 50 հազար դրամ կազմող հավելավճարներից: Կառավարությունն իր այս քայլը բացատրում է իրական եւ կեղծ գիտնականներին ֆիլտրելու անհրաժեշտությամբ` պնդելով, թե հավելավճարներից զրկված գիտնականներն ունեն այլ եկամտի աղբյուր. քանի որ նրանց մեծ մասը զբաղվում է դասախոսական աշխատանքով:
Այդպես է դա, թե ոչ, ըստ էության, կարեւոր չէ: Խնդիրն այն է, որ խոսքը գիտնականների մասին է, որոնց մի մասը, եթե անգամ նաեւ զուգահեռ դասախոսական գործունեությամբ է զբաղվում, էլի այդ խղճուկ 25 հազար դրամների կարիքն ունի, քանի որ որեւէ մեկի համար գաղտնիք չէ, թե մեր երկրում որքան քիչ են վճարվում դասախոսները: Թեեւ միգուցե կան բացառություններ, օրինակ` երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը, որը, հիշեցնենք, իր հայտնի հարցազրույցներից մեկի ընթացքում հայտարարել էր, թե Հայաստանում մարդկանց խնդրում են, որ նրանք աշխատեն 150 հազար դրամ աշխատավարձով, բայց նրանք, չգիտես ինչու, չեն համաձայնում եւ արտագաղթում են: Երկրի ղեկավարի կողմից արված նման հայտարարությունն, իհարկե, շատ դառը զավեշտ է, որը, սակայն, եզակի դրսեւորում չէ: Օրինակ` վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ տարեսկզբին հպարտությամբ հայտարարեց, թե կառավարությունը, հավատարիմ գիտելիքահեն հասարակության արժեւորման իր սկզբունքին, որոշել է ավելացնել գիտնականների հավելավճարները` թեկնածուների համար 10, իսկ դոկտորների` 25-հազարական դրամները դարձնելով համապատասխանաբար 25 եւ 50 հազար դրամ:
Հիմա պարզվում է՝ կառավարությունում որոշել են, որ անտեղի «շռայլություն» են իրենց թույլ տվել, եւ այդ գումարի մի մասը հետ են ցանկանում ստանալ ոչ ամբողջական դրույքով աշխատող երիտասարդ գիտնականների հաշվից:
Արդյոք Հայաստանում այդքան շատ են գիտնականները, որ պետությունը գնում է այդպիսի քայլերի: Ի վերջո, գիտելիքահեն հասարակության ձգտող պետության համար պետք է որ առանձնապես ծանր բեռ չլիներ այդ 25-հազարական դրամների վճարումը: Այն դեպքում, երբ տարատեսակ անհասկանալի, անիմաստ ծրագրերի համար շռայլվում են միլիարդավոր դրամներ: Եվ, ի վերջո, թող երկրի վարչապետը մի քանի չարտերային չվերթ պակաս անի, նախարարներն ու վարչության պետերն էլ գործուղումների մեկնեն ոչ թե բիզնես, այլ էկոնոմ կլասով: