Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում այսօր մեկնարկել են ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների հավաստագրման քննությունները: Քննությունների մեկնարկին ներկա է գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով շրջել է քննասենյակում, զրուցել տնօրենների հավակնորդների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին: «Մեկ ամիս անընդմեջ քննություններ կանցկացվեն: Հինգ տարի է արդեն անցել գործընթացի մեկնարկից, և այսօր արդեն շատ տնօրեններ վերադառնում են` վերահաստատելու իրենց իրավունքը` ղեկավարել դպրոց: Հուսով եմ, որ դրական արդյունքի պարագայում կգտնեք ձեր տեղը աշխատաշուկայում»,-նշել է նախարարը` քննության մասնակիցներին մաղթելով հաջողութուն:
Լրագրողների հետ զրույցում Արմեն Աշոտյանը նշել է, որ վերոնշյալ հավաստագրման գործընթացը մեկնարկել է 2011 թվականին: «Հավաստագրման նպատակը պարզ էր` դպրոցներն ապահովել այնպիսի կադրերով, ովքեր տեղյակ կլինեն անհրաժեշտ օրենդրությունից, մանկավարժական, ֆինանսական հոսքերի հիմնական կառավարման սկզբունքներից, այսինքն` կլինեն ղեկավարներ: Անցել է հինգ տարի, և այսօր փաստացի գործընթացի նոր էջ ենք բացում, քանի որ հավաստագրման քննությունների մի շրջան արդեն անցյալում է: Կարող ենք վստահությամբ փաստել, որ համակարգն ամբողջությամբ իրեն արդարացրել է: Այս պարագայում հաջողության ցուցանիշը կարող ենք համարել այն, որ տնօրեններն այսօր ավելի շատ են կարդում, ծանոթանում օրենսդրությանը, մարդկային ռեսուրսների կառավարման խնդիրներին, ֆինանսական պատասխանատվություն կրում: Եվ սա դեռ այս գործընթացի վերջը չէ, որովհետև բովանդակության առումով վերապատրաստման ծրագրերը դեռևս մշտական փոփոխության կարիք ունեն: Գաղտնիք չէ, որ լավ տնօրենը դպրոցի հաջողության կեսն է, որովհետև լավ տնօրենը հավաքում է լավ կադրեր, ստեղծում արդար մթնոլորտ, ծնողների և աշակերտների շրջանում կայանում որպես հեղինակություն, որի արդյունքում այդ դպրոցը դառնում է համայնքային կյանքի կարևոր օբյեկտ: Եվ պատահական չէ, որ վերջին շրջանում նվազել են բողոքները տնօրենների աշխատանքից:
Սա, իհարկե, նախարարության խստապահանջ աշխատանքի արդյունքն է, բայց նախևառաջ այն գիտելիքների, որ պահանջում ենք տնօրեններից: Այս քննություները դեռ երկար կյանք կունենան, որի ընթացքում պարբերաբար կվերանայվի հարցաշարերի բովանդակությունը»,-նշել է Արմեն Աշոտյանը` տեղեկացնելով, որ անցած հինգ տարիների ընթացքում չի եղել տնօրեն, ով չի անցել հավաստագրման քննություն: «Կարող եմ վստահեցնել, որ հավաստագրման քննություններն անցնում են շատ թափանցիկ և արդար: Այս հինգ տարիների ընթացքում գեթ մեկ հիմնավորված բողոք չենք ստացել: Իհարկե, կա բողոքարկման համակարգ. եղել են մի քանի դեպքեր, երբ բողոքարկվել է քննության արդյունքը, որի հետևանքով կամ հաստատվել է հանձնաժողովի գնահատականը, կամ հանձնաժողովն ընդունել է իր սխալը: Բոլոր ձայնագրությունները պահպանվում են, և քննության արդյունքների դժգոհ լինելու դեպքում դրանք կարելի է բողոքարկել»,-ընդգծել է նախարարը:
Նշենք, որ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների քննության և հավաստագրման քննությունները կանցկացվեն 2015 թվականի նոյեմբերի 17-ին, 18-ին, 19-ին, 24–ին, 25-ին, 26-ին, 27-ին,դեկտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 8-ին, 9-ին, 10-ին, 11-ին, 15-ին և 16-ին:
2011 թվականից անցկացվել է թվով 11 հավաստագրման քննություն: Քննություններին մասնակցել է 2910, վերապատրաստվել 2515 հավակնորդ: Հավաստագիր է շնորհվել 2222 հավակնորդի, 601 մասնակից չի հաղթահարել քննության շեմը: Բացակայել է 87 հավակնորդ: 2015 թվականի երկրորդ փուլին վերապատրաստվել է 432, հավաստագրման քննություններին դիմել 471 հավակնորդ: Քննությունները կկայանան 27-28 հոգանոց խմբերով: