Արդեն հայտնի է, որ ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովը այսօր քննարկելու է «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից» անվանումով զեկույցը, որը վերաբերում է ԼՂՀ Սարսանգի ջրամբարին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն ու ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը մեկնելու են Փարիզ՝ մասնակցելու հանձնաժողովի նիստին: Վ. Բաբայանը հիմնական ներկայացուցիչն է հանձնաժողովում:
Հիշեցնենք, որ մոտ 15 օր առաջ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում ընդունվել էր «Բռնության աճը ԼՂ-ում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» Ռոբերտ Ուոլթերի զեկույցի նախագիծը, որով պահանջվում է հայկական զորքերը դուրս բերել Ադրբեջանի գրավյալ տարածքներից, իսկ զեկույցի 17-րդ կետում խոսվում է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությանը պատժելու մասին:
«Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցի հեղինակը ԵԽԽՎ-ում Բոսնիա Հերցեգովինայի պատգամավոր Միլիցա Մարկովիչն է: Հիշեցնենք՝ անցյալ տարվա ապրիլին ԵԽԽՎ Բյուրոն հայտարարել էր, որ «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Բյուրոն որոշում է կայացրել ընթացք տալ Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի Սարսանգի ջրամբարի հետ կապված նախաձեռնությանը»:
Իսկ մինչ այդ ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության պատգամավորները հանդես էին եկել նախաձեռնությամբ, որտեղ նշել էին, թե Ադրբեջանի սահմանամերձ գոտիներում ապրող բնակիչները միտումնավոր զրկված են ջրից, երկար տարիներ, հատկապես գարնանն ու ամռանը, Ադրբեջանի սահմանամերձ գոտիների ոռոգումը կատարվել է Թարթառ գետի վրա կառուցված Սարսանգի ջրամբարից, ինչը ներկայումս դադարեցվում է: Ադրբեջանական նախաձեռնության տակ ստորագրել էին ԵԽԽՎ 27 պատգամավորներ:
Նշենք նաեւ, որ ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ԵԽԽՎ Բյուրոյի որոշումից հետո հայտարարել էր, թե Արցախի իշխանությունը պատրաստ է Ադրբեջանի հետ ջրային ռեսուրսների համատեղ կառավարման հարցում երկխոսություն սկսել: Վերջինիս հայտարարությունը, սակայն, անարձագանք էր մնացել:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամներ Նաիրա Կարապետյանի եւ Վահան Բաբայանի հետ՝ պարզելու համար, թե նրանք ինչպես են պատրաստվում հանձնաժողովի նիստին ու արդյոք ունեն քայլեր` կանխելու համար զեկույցի ընդունումը:
Նաիրա Կարապետյան
-Մենք, իհարկե, ունենք մեր փաստերը, մենք հանձնաժողովի նիստի ժամանակ ներկայացնելու ենք դրանք: Իհարկե, ես դժվարանում եմ այս պահի դրությամբ որեւէ կանխատեսումներ անել ու, անկեղծ ասած, դիվանագիտական տեսանկյունից այդքան էլ ճիշտ չեմ համարում մինչեւ նիստը ինչ-որ փակագծեր բացել կամ ինչ-որ կանխատեսումների հիման վրա եզրակացություններ ներկայացնել:
Դիվանագիտության առումով դա ճիշտ չէ, ճիշտ չէ, երբ դու խոսում ես մի բանի մասին, որի ճակատագիրը անհայտ է բոլորի համար: Ես կարող եմ միայն խոստանալ, որ ձեր բոլոր հարցերին կարող եմ պատասխանել հանձնաժողովի նիստի ավարտից հետո, երբ ես իսկապես կարող եմ ասել, թե ինչն է ճիշտ, ու որն է իրատեսականը:
-Սա հակահայկական երկրորդ զեկույցն է, որը պետք է քննարկվի 2016 թվականի ԵԽԽՎ նստաշրջանում: Դուք երկու հանձնաժողովներում էլ ընդգրկված էիք, բայց կարծես թե որեւէ հաջողություն չենք ունենում, ի՞նչ հույսեր ունենք, որն է այս դեպքում լինելու Ձեր «զենքը» ադրբեջանցիների դեմ:
-Ես կրկնում եմ, որ այդ հարցերին կարող եմ պատասխանել միայն հանձնաժողովի նիստից հետո, իսկ այս պահին որեւէ բան չունեմ ասելու, միանշանակ ադրբեջանական լոբբինգը աշխատելու է, բայց, այնուամենայնիվ, եկեք՝ հոռետես չլինենք, սպասենք նիստին ու հասկանանք, թե նիստն ինչ ընթացք է ունենալու: Մենք այժմ չենք կարող որեւէ եզրակացություն անել, դա արվելու է այն ժամանակ, երբ կտեսնենք, թե ինչ միջոցներով են նրանք գործելու, որն է լինելու նրանց աշխատելու ձեւը: Այժմ խոսել մի բան մասին, որը դեռեւս տեղի չի ունեցել, ճիշտ չէ, սպասեք, անպայման կտեղեկացնենք այն ամենի մասին, ինչ տեղի կունենա հանձնաժողովի նիստում:
Վահան Բաբայան
-Պարո՛ն Բաբայան, ԵԽԽՎ-ում կրկին հակահայկական զեկույց է քննարկվելու, այս անգամ Սարսանգի ջրամբարի հետ կապված: Հայկական պատվիրակությունն ի՞նչ հակաքայլեր է պատրաստվում ձեռնարկել:
-Ես չեմ կարող ասել, թե ինչ ճակատագիր կունենա այս նախագիծը: Այսօր կմեկնենք այնտեղ, եւ ամեն ինչ պարզ կլինի: Չեմ ցանկանում շատ փակագծերը բացել, բայց ամեն ինչ անելու ենք, որ այս նախագիծը չանցնի: Իհարկե, ադրբեջանական լոբբինգը կրկին գործելու է, սակայն հայկական կողմը պատրաստված է եւ կարող է արժանի պատասխան տալ, ամեն ինչ պարզ կլինի այսօր:
Զրուցեց Սոնա Գրիգորյանը