Երեկ՝ վաղ առավոտից, Երեւանի մի քանի շրջաններում կարելի էր հանդիպել զինված իրավապահների, ինչը, բնականաբար, մարդկանց շրջանում տագնապ էր տարածում: Իսկ արդեն օրվա կեսին ամեն ինչ հստակեցվեց: Ըստ ՀՀ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության՝ Նորքի 9-րդ փողոցի առանձնատներից մեկում հանցավոր խմբավորման տասը անդամներ են վնասազերծվել: «2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երեւանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը, ժամանելով Հայաստան, ստեղծել եւ ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք, որը թաքցվել է Երեւանի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը»,- նշված է ԱԱԾ-ի հաղորդագրությունում: Իրավապահները պաշտոնապես չեն հայտնում, թե խմբի անդամները ինչ ծրագրեր են ունեցել, սակայն ոչ պաշտոնապես՝ մասնավոր զրույցներում ասում են, որ ինչ-որ ահաբեկչական գործողություններ են ծրագրել: Եթե պարզվի, որ վնասազերծված խմբի անդամներն իսկապես ծրագրել էին ահաբեկչական գործողություններ իրականացնել Հայաստանում, ապա կարող են արձանագրել, որ սա նորություն է մեր երկրի համար:
Իսկ մինչ այդ տեղի ունեցածից հետո այլեւս հասկանալի է դառնում, թե վերջին օրերին խորհրդարանի անցագրայի ծառայության անվտանգության աշխատակիցներն ինչու էին ինքնաձիգներով զինված: Այս խնդրին «Ժողովուրդ»-ն անդրադարձել է երեկվա համարում:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է քննել արդեն 2008 թվականի Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների մասին գանգատները, որոնք ներկայացրել են ընդդիմադիր գործիչները, «Հայ ազգային կոնգրեսը»: Ինչպես հայտնի է՝ ՄԻԵԴ ուղարկված գործերի մեծ մասում մեջբերումներ են արված ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցից, որտեղ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը բավականին կոշտ գնահատականներ է տվել գործող իշխանության գործելաոճին: Եւ հիմա Արմեն Հարությունյանը ՀՀ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր է. ի՞նչ է պատրաստվում անել Մարտի 1-ի գործերի քննության ժամանակ: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ՄԻԵԴ դատավոր Արմեն Հարությունյանը պատասխանեց. «Ես ինքնաբացարկ կհայտնեմ եւ որպես դատավոր չեմ մասնակցի այդ գործերի քննությանը, քանզի պրոֆեսիոնալ մասնակցություն եմ ունեցել այդ գործընթացներին»:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջին ամիսների ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանում կրճատումներ են ընթանում ձեռնարկության ծախսերը նվազեցնելու նպատակով: Նման քայլը միանգամայն սպասելի էր, քանի որ այս տարվա անցած տասը ամիսների ուղեւորափոխադրումների նվազման արդյունքում՝ նախորդ տարվա համեմատ «Զվարթնոց» օդանավակայանի շրջանառությունը նվազել է առնվազն 7 մլն դոլարի չափով: Ակնհայտ է, որ մինչեւ տարեվերջ այդ անկումը շարունակվելու է, եւ միամտություն կլինի կարծել, թե եկող տարի իրավիճակը կտրուկ կլավանա: Կրճատումների լուրը ճշտելու համար «Ժողովուրդ»-ը զրուցեց օդանավակայանի մամլո քարտուղար Գեւորգ Աբրահամյանի հետ, ըստ որի՝ գործընթացն այլ կերպ է կոչվում. «Կրճատումներ չեն ընթանում: Որեւէ արտառոց բան չկա: Օպտիմիզացիոն գորընթացներ են, որոնք ժամանակ առ ժամանակ ցանկացած այլ հիմնարկներում էլ իրականացվում են»: Իրականում, սակայն, ինչպես էլ կոչենք «Զվարթնոցում» տեղի ունեցող զարգացումները, միեւնույն է՝ փաստ է, որ դրանց արդյունքում ինչ-որ հաստիքներ վերացվում են, ծախսերն են կրճատվում, ուստի, անկախ ամեն ինչից, կրճատումների հետ գործ ունենք:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում վերջին ամիսներին ծննդկանի եւ նորածնի մահվան դեպքերի արձանագրումից հետո այդ հիվանդանոցի տնօրեն Սերգեյ Ուռումյանի անունը հանվել է ՀՀ առողջապահության նախարարության արտակարգ դեպքերի համար ստեղծված խորհրդի անդամների կազմից: Այդ որոշումը կայացվել է ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքից հետո, որը տեղի էր ունեցել հուլիսի 29-ին: Վերը բերված լուրի առնչությամբ «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից ասացին, որ նախարարությունում գործում է մանկաբարձագինեկոլոգիական խորհուրդ, որտեղ քննարկվում են տարբեր ԲԿ-ներում արձանագրվող ծանր դեպքերը: Ըստ պարզաբանման՝ «Շենգավիթ» ԲԿ-ի տնօրեն Սերգեյ Ուռումյանը, որ նախկինում եղել է այդ խորհրդի կազմում, ներկայումս չկա:
ԽՈՀԵՄԱԲԱՐ
ՌԴ պետդումայի «Արդար Ռուսաստան» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը երեկ հայտարարել է, որ իր ղեկավարած քաղաքական ուժն առաջիկայում պատրաստվում է ՌԴ պետդումայի օրակարգ մտցնել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենսդրական նախագիծ, որը, ըստ նրա, կլինի «շատ լավ սառը ցնցուղ թուրքերի համար, որոնք մոռանալով սեփական պատմությունը, երբ անմեղ մարդկանց ոչնչացնում էին, փորձում են անցյալի բաղադրիչները ներմուծել ներկա»: «Մենք ցանկանում ենք, որ Ռուսաստանում գործի օրենք, որով կպատժվեն բոլոր նրանք, ովքեր կժխտեն Հայոց ցեղասպանությունը»,-Միրոնովի խոսքերն է մեջբերել ռուական Regnum գործակալությունը:
Ուշագրավ է, որ Միրոնովն այդ հայտարարությունն արել է ուղղակիորեն արձագանքելով Թուրքիայի զինուժի կողմից ռուսական Cy-24 ռազմական ինքնաթիռի խոցման փաստին: Ըստ էության, ռուս քաղաքական գործիչը միանգամայն բաց տեքստով ասել է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումը լինելու է ի պատիժ թուրքերի` հենց այս ինքնաթիռի խոցման համար:
Իհարկե, հայկական կողմի համար ինքնին նման օրենքի նախագծի շրջանառությունը եւ ընդունումը շատ կարեւոր եւ դրական փաստ կարող է համարվել` անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի քաղաքական դրդապատճառներից ելնելով է այս կամ այն երկիրը գնում դրան: Ի վերջո, Հայոց ցեղասպանությունը ճանաչած, առավել եւս դրա ժխտումը քրեականացնելուն ուղղված քայլեր կատարած գրեթե բոլոր երկրներն էլ առաջնորդվել են նախ եւ առաջ իրենց քաղաքական շահերով: Սակայն մի բան է, երբ դա արվում է՝ այդ իրական շահերի մասին չբարձրաձայնելով եւ այդ ամենը հումանիզմի քողի տակ ներկայացնելով, եւ բոլորովին այլ բան, երբ դա արվում է այդքան «կացնային» եղանակով: Իրականում Միրոնովի այս հայտարարությունը ոչ միայն չպետք է դույզն-ինչ ոգեւորի հայկական կողմին, այլեւ պետք է լրջորեն մտահոգի, քանի որ Հայոց ցեղասպանության խնդիրն այդպես անթաքույց եւ անամոթաբար շահարկելով` ռուս քաղաքական գործիչը հերթական անգամ թիրախավորում է հայերին եւ Հայաստանը, այսպես կոչված, այս «հակաահաբեկչական» կամպանիայի ամենավտանգավոր եւ թեժ փուլում, ինչը, բնականաբար, չի կարող մեզ համար անցանկալի ազդեցություն չունենալ:
Մյուս կողմից էլ, սակայն, քաղաքականության բնույթն է այդպիսին. ուրիշ էլ երբ Ռուսաստանը կարող էր նման քայլի գնալ` հաշվի առնելով մինչեւ բոլորովին վերջերս Էրդողան-Պուտին ջերմ հարաբերություններն ու ռուս-թուրքական ռազմավարական գործակցությունը: Ինքնին հասկանալի է, որ միայն այսպիսի իրավիճակում է հնարավոր, որ ՌԴ պետդումայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի մասին խոսք գնա, ուստի եւ մենք պետք է կարողանանք, առավել քան երբեւէ, հաշվարկված եւ ճշգրիտ քաղաքականություն վարել` ստեղծվող հնարավորությունից ցանկալի արդյունքներ քաղելու համար: