Այն, որ ընդդիմությունը ժամանակ չի խնայում հայտարարելու համար, որ հնարավոր բոլոր քայլերն իրականացնելու է, որպեսզի դեկտեմբերի 6-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը ընտրակեղծիքները չլինեն, մեղմ ասած, ստում է:
«Ժողովուրդ»-ը փոքրիկ հետաքննության ընթացքում պարզեց, որ Սյունիքի մարզի Բարձրավան համայնքի 37/20 ընտրատեղամասի «Ժառանգություն» կուսակցության հանձնաժողովի անդամը Սեւադա Ղազարյանն է, որը «Որոտանի կասկադ» ՀԷԿ-ի պատասխանատու աշխատակից է: 37/31 տեղամասը, որը տեղեկայված է Շինուհայ համայնքում, «Ժառանգություն» կուսակցության հանձնաժողովի անդամը Զավեն Առաքելյանն է, որը եւս «Որոտանի կասկադ» ՀԷԿ-ի աշխատակից է: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ վերոնշյալ ՀԷԿ-ի գործունեությունը կապված է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա հորեղբոր որդու` Սասուն Խաչատրյանի հետ: Եւ դժվար է պատկերացնել, որ Սյունիքի մարզպետին առնչվող որեւէ հիմնարկությունում կարող է ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ աշխատել:
Բայց սա դեռ ամենը չէ: Սյունիքի մարզի 37/27 ընտրատեղամասում «Ժառանգություն» կուսակցության հանձնաժողովի անդամը Հալիձոր համայնքի ղեկավար Մարատ Գերասիմյանի կինն է` Ամալյա Գրիգորյանը: «Ժողովուրդ»-ը փորձեց Ամալյա Գրիգորյանից պարզել, թե ինչպե՞ս է ստացվել, որ ՀՀԿ-ական գյուղապետի կինը հանձնաժողովում ընդդիմաության ներկայացուցիչ է նշանակվել:
-Տիկի՛ն Գրիգորյան, Դուք «Ժառանգություն» կուսակցության անդամ եք:
-Ո՛չ:
-Ո՞վ է Ձեզ առաջարկել հանրաքվեի օրը լինել «Ժառանգություն» կուսակցության հանձնաժողովի անդամ:
-Ոչ մեկ էլ չի առաջարկել, ինձ զանգեցին, ասեցին, որ ես ընդգրկված եմ այդ հանձնաժողովի մեջ:
-Ո՞վ զանգահարեց:
-Ընդհանուր անդամների նախագահն է զանգել, չգիտեմ, ես ոչ մի կուսակցությունից չեմ, որ նախկինում մասնակցել եմ, դրա համար ընդգրկել են ու ինձ վերեւից են ասել, դրա համար էլ ընդգրկվել եմ:
-Ո՞ր վերեւից, ո՞վ:
-Ճիշտն ասած՝ հստակ չգիտեմ՝ ով է:
-«Ժառանգություն» կուսակցությունից ո՞ւմ եք ճանաչում:
-Ոչ մեկի:
-Այսինքն՝ «ժառանգություն» կուսակցությունից որեւէ հրահանգ չեք ստանում, թե օրինակ՝ ինչ քայլեր պետք է անեք դեկտեմբերի 6-ին հանձնաժողովում:
-Ո՛չ, ոչ մեկի չեմ ճանաչում, չեմ շփվել ու չգիտեմ ու կապի մեջ չեմ նրանց հետ:
-Փաստ է, որ Դուք 37/27 ընտրատեղամասում «Ժառանգություն» կուսակցության հանձնաժողովի շահերն եք ներկայացնելու, որը ոչ-ի կողմնակից է, իսկ Ձեր ամուսինը ՀՀԿ-ական է եւ պետք է այո ասի: Ինչպե՞ս եք պատրաստվում դուրս գալ Ձեր ամուսնու դեմ եւ սատարել ոչ-ին:
-Ոչ մեկին դեմ չեմ գնում, իմ պարտականություններն եմ կատարում: Ես արդարության կողմնակիցն եմ:
«Ժառանգության» իշխանական ներկայացուցիչների շարքը այսքանով չի ավարտվում: 37 /30 ընտրատեղամասը Ներքին Խնձորեսկ համայնքում է, որտեղ «Ժառանգություն» կուսակցության հանձնաժողովի անդամը Արմենակ Հարությունյանն է: Նա աշխատում է ՀՀ ֆինանսների նախարարության Գորիսի հարկային տեսչությունում: Իսկ, ահա, Վերին Շեն համայնքում տեղակայված 37/36 ընտրատեղամասում «Ժառանգություն» կուսակցության հանձնաժողովի անդամը Վերին Շեն համայնքի դպրոցի տնօրեն Մատվեյ Ղազարյանն է: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ «Ժառանգություն» կուսակցության անդամ չէ եւ, առհասարակ, ոչ-ի կողմնակից էլ չէ:
-Ով է Ձեզ առաջարկել հանրաքվեի օրը լինել «Ժառանգություն» կուսակցության հանձնաժողովի անդամ:
-Վիճակահանությամբ եմ նշանակվել եւ նպատակ չունեմ որեւէ մեկին պաշտպանել, ամեն ինչ անելու եմ, որ ամեն ինչ անցնի նորմայի սահմաններում: Նպատակ չունեմ որեւէ մեկին պաշտպան կանգնելու` ո՛չ «Ժառանգությանը», ո՛չ հանրապետականներին:
-Ի՞նչ վիճակահանություն էր:
-Դե, ինձ … Կենտրոնականին հարցրեք, չգիտեմ՝ ով է անցկացրել, ինչ է անցկացրել, ինձ չեն կանչել, զուտ ցուցակով անցկացրել են: Դե, հավանաբար եղել է վիճակահանություն, չգիտեմ՝ ոնց է եղել:
-Դուք ի՞նչ կապ ունեք «Ժառանգություն» կուսակցության հետ, ումի՞ց եք ստանում կուսակցության հրահանգները:
-Ես ներկայացնում եմ միայն ժողովրդի շահերը, կուսակցությունից ոչ մեկի շահերն էլ չեմ ներկայացնում, ոչ մեկի կողմը չեմ, ես միայն կձգտեմ, որ ամեն ինչ անցնի օրինականության սահմաններում: «Ժառանգության» ղեկավարներին գիտեմ, իհարկե, հեռուստատեսությամբ, անձամբ ոչ մեկին չեմ հարում, չեմ էլ ուզում, քանի որ դպրոցը հեռու է քաղաքականությունից:
-Եթե հեռու է, ապա ինչպե՞ս են նշանակել Ձեզ հանձնաժողովի անդամ եւ այն էլ՝ ոչ-ի ներկայացուցիչ:
-Ես ոչ-ի կողմնակից չեմ, ով կշահի, կշահի, մնացածը կլինի ամսի 6-ի գիշերը: Արդարության կողմնակիցն եմ:
Նկատենք՝ չնայած 37/4 ընտրատեղամասի «ժառանգություն» կուսակցության հանձնաժողովի անդամը Գորիս քաղաքի սպորտի դպրոցի կոմիտեի նախագահ Սեյրան Պետրոսյանն է, սակայն վերջինս կտրականապես հերքեց իր կապը այդ կուսակցության հետ` նշելով. «Չէ, չէ, ես հանրապետական եմ, ի՞նչ «Ժառանգություն», սխալվել եք, ես հանրապետականի շտաբի անդամ եմ, ես մոլի հանրապետական եմ»:
37/77 ընտրատեղամասի «Ժառանգության» ներկայացուցիչն էլ Վարդան Ստեփանյանն է, որի եղբայրը` Արմեն Ստեփանյանը, ՀՀ ֆինանսների նախարարության Կապանի հարկային պետի տեղակալն է, Գորիս քաղաքի թիվ 37 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը:
Այսպիսով, կոնկրետ Սյունիքի մի շարք ընտրատեղամասերում «Ժառանգություն» կուսակցության հանձնաժողովի անդամները իրենց տեղերը նվիրել կամ վաճառել են հանրապետականներին: Ո՞րն է պատճառը, արդյո՞ք «Ժառանգություն»-ը չունի այնքան ներկայացուցիչ, որ կարողանա «ծածկել» բոլոր ընտրատեղամասերը, եթե այդպես է, ապա ինչու մյուս ուժերին չեն տրվել այդ տեղերը:
«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ փորձեց պարզաբանում ստանալ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից, սակայն վերջինս հորդորեց դիմել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին. «Սյունիքի հետ կապված հարցրեք Զարուհի Փոստանջյանին, ես չեմ կարող, քանի որ համակարգողն ինքն է: Իսկ կուսակցության անունից կարող եմ ասել, որ «Ժառանգություն» կուսակցությունը որեւէ մեկին տեղ չի ծախել, թե առանձին անդամներ ինչ կարող են անել այս ճնշման պայմաններում, դա այլ հարց է»:
Փորձեցինք նաեւ Զարուհի Փոստանջյանի հետ զրուցել, սակայն ապարդյուն:
«Ժողովուրդ»-ը կշարունակի հետաքննության միջոցով պարզել, թե մյուս ընդդիմադիրները որտեղ են իրենց հանձնաժողովի անդամների տեղերը վաճառել կամ նվիրել իշխանություններին:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
«ՆՈՒԲԱՐԱՇԵՆ» ՔԿՀ-Ի ՇՈՒՐՋ
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ հոկտեմբերի 23-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ՀՀ ԱՆ ՔԿՎ վարչության ստուգումները պայմանավորված են եղել ՔԿՀ-ի դատապարտյալների կողմից մի շարք քաղաքացիներից խաբեությամբ ապրանքների շորթմամբ: Ուստի իրավապահ համակարգից ՔԿՎ վարչությանը հրահանգվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ստուգումներ իրականացնել, ինչն էլ մեծ աղմուկի առիթ էր դարձել:
Եւ, ահա, մեր հրապարակումից մեկ ամիս հետո՝ երեկ, ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, որտեղ ներկայացված է, թե ինչպես է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Սպարտակ Դանիելյանի կողմից հափշտակություններ իրականացվել: Ըստ նախնական քննության տվյալների՝ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Դանիելյանը, տասնյակ քաղաքացիների վստահությունը չարաշահելով, 2015 թվականի մարտ-նոյեմբեր ամիսների ընթացքում հափշտակել է բազմաթիվ բջջային հեռախոսներ, համակարգչային սարքեր եւ այլ ապրանքներ: Իսկ ինչպես է վերջինս գործել: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Դանիելյանն իր կողմից օտագործվող բազմաթիվ հեռախոսահամարների միջոցով զանգահարել է «List.am» ինտերնետային կայքում տարբեր ապրանքների, մասնավորապես` «Iphone» տեսակի բջջային հեռախոսների, համակարգիչների եւ այլ տեխնիկական սարքերի վաճառքի հայտարարություններ տեղադրած անձանց, վերջիններիս ներկայացել տարբեր անուն-ազգանուններով եւ ապրանքի գումարը անկանխիկ վճարելու պայմանով (բանկային փոխանցման եղանակով) ցանկություն հայտնել գնել դրանք:
Այսքանով ամեն ինչ չի ավարտվում, վերջինս նույն կայքի միջոցով հեռախոսակապ է հաստատել տաքսի ծառայություններ մատուցող հայտարարություններ տեղադրած անձանց հետ, նրանց ներկայացել որպես տարբեր ընկերությունների տնօրեն եւ առաջարկել իր մոտ աշխատել որպես առաքիչ` խոստանալով բարձր վարձատրություն, որից հետո վերջիններիս, արդեն որպես տնօրեն, հանձնարարել է կատարել ապրանքները տարբեր քաղաքացիներից վերցնելու, դրանք տարբեր վաճառակետերում վաճառելու կամ այլ անձանց փոխանցելու վերաբերյալ պատվերներ: Արդյունքում բացահայտվել է շուրջ 40 դեպք:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Սպարտակ Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 178-րդ հոդվածի հատկանիշներով՝ խարդախություն:
Այս պատմության մեջ զարմանալին այն է, որ քննության ընթացքում տվյալներ են ստացվել, թե դատապարտյալը ներկայումս էլ շարունակում է իր հանցավոր գործունեությունը եւ կատարում է նոր խարդախություններ: Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը պարզաբանման համար դիմեց ՀՀ ԱՆ ՔԿՎ վարչության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն, որտեղից մեզ հայտնեցին, որ իրավիճակը վերահսկողության տակ է, եւ դատապարտյալը չի կարող շարունակել իր հանցավոր գործունեությունը: Իսկ թե ով է պատասխանատու դատապարտյալի՝ ՔԿՀ-ում արտոնյալ կարգավիճակում գտնվելու եւ մարդկանց խաբելու համար, եւ որ կատարվածը արդյոք ցույց չի տալիս, որ ՔԿՀ պետը տեղում չէ, այս հարցերի պատասխանը ստանալու համար դիմեցինք ՀՀ արդարադատության նախարարությանը, որտեղից խոստացան մեր գրավոր հարցմանը պատասխանել առաջիկայում:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
ԼՂՀ ՊՆ տեղեկացմամբ` նոյեմբերի 26-ին եւ լույս 27-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները անհամեմատ նվազել են: Նշված ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 20 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 300 կրակոց:
ՓԱԿ ՌԵԺԻՄՈՎ
Ոստիկանության դիտորդական խումբը երեկ Երեւանի ձերբակալվածների պահման վայրում (ՁՊՎ) հանդիպել է նոյեմբերի 25-ին վնասազերված զինված խմբի 18 անդամների հետ:
Խումբը իր հաղորդագրությունում տեղեկացնում է, որ «18 ձերբակալվածներից ոչ ոք գանգատներ չունի թե՛ ՁՊՎ-ի պահման պայմաններից եւ թե՛ ՁՊՎ-ում ծառայություն իրականացնող ոստիկաններից»:
Դիտորդական խումբը պարզել է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից ձերբակալվածներին արգելված է եղել թե՛ տեսակցության եւ թե՛ հեռախոսազանգի իրավունքից օգտվելը: