ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՄԵՐՕՐՅԱ ՀԵՐՈՍՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Սերժ Սարգսյանը, պահպանելով բրեժնեւյան ավանդույթները, մի շարք մեդալներ է տվել իրեն «թեւ ու թիկունք» համարվող մի քանի աշխատակիցների:
ՀՀ պետական կառավարման համակարգում երկարամյա եւ արգասաբեր աշխատանքի, պետական շինարարության գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգեւատրվել են՝ ՀՀ  նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը եւ ՀՀ նախագահի օգնական Սեւակ Լալայանը:
Վ. Սարգսյանը մի պաշտոնյա է, որի մասին տարիներ առաջ տեղեկություն տարածվեց, որ նա ամերիկյան գործակալ է եւ աշխատում է մեր պետության դեմ: Եվ ահա նա արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալի: Ի դեպ, Վ. Սարգսյանը «Ժողովուրդ» օրաթերթի դեմ դատական հայց ներկայացրած եւ 6.2 մլն դրամ պահանջող Խաչիկ Խաչատրյանի մտերիմ ընկերն է:
Հայրենիքին մատուցած ծառայության համար մեդալ է ստացել նաեւ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը. մարդ, որը 2002-ին նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետի պաշտոնում: Սակայն 4 տարի անց հեռացել է. տարբեր վարկածների համաձայն՝ ոգելից խմիչք օգտագործելու համար, որի մասին ժամանակին մամուլը գրեց: Նա թեեւ համարվել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հարազատը, սակայն հիմա սահուն անցում է կատարել դեպի Սերժ Սարգսյանի մերձավոր երիտասարդների թիմ՝ արժանանալով մեդալի: Տեղեկացնենք, որ նույն Հովսեփյանի եղբոր՝ Հակոբ Հովսեփյանի գործունեության շնորհիվ է, որ մի շարք քաղաքացիներ վերջերս պարբերաբար ՀՀԿ գրասենյակի մոտ բողոքի ակցիա են կազմակերպում, քանի որ գնել են բնակարաններ, որոնք վաճառված են միանգամից մի քանի հոգու: Ի դեպ, Հովսեփյանը «Հայբիզնեսբանկ»-ի նոր սեփականատերն է:
Իսկ ինչ վերաբերում է Սեւակ Լալայանին, ապա նա նախագահի նստավայր է եկել ԱՄՆ-ից, եւ լուրեր կան, որ ԱՄՆ քաղաքացի է: Սակայն տեւական ժամանակ «Ժողովուրդ»-ին չի հաջողվում պարզել դա, քանի որ նախագահականից թաքցնում են Լալայանի կենսագրական տվյալները:
Ինչեւէ, Սերժ Սարգսյանը երեկ ՀՀ պետական կառավարման համակարգում արդյունավետ գործունեության համար «Մխիթար Գոշի» մեդալով պարգեւատրել է նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Արմեն Գիչյանին, իր օգնականներ Գեորգի Կուտոյանին, Արմեն Աբելյանին:
Իսկ «Մովսես Խորենացու» մեդալ են ստացել՝ նախագահականից հեռացած նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը, նախագահի օգնական Ավետիս Բերբերյանը, «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Սաղաթելյանը, որը ՀՀ նախագահի նորանշանակ խոսնակի՝ Արման Սաղաթելյանի եղբայրն է:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս