ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՆՋԱՐԵՂԵՆԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է, ՄԻՐԳԸ` ԷԺԱՆԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում այս տարվա նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գնաճը կազմել է 4.1 տոկոս: Պարենային ապրանքները թանկացել են 3.8, իսկ ոչ պարենայինը՝ 5.8 տոկոսով:

Ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բանջարեղենի եւ կարտոֆիլի գները նվազել են 9.4 տոկոսով: Սակայն 2015 թվականի նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, դրանք թանկացել են 27.5 տոկոսով: Օրինակ՝ հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում այս տարվա նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, բանջարեղենի եւ կարտոֆիլի գները 14.0-34.2 տոկոսով աճել են: Նշենք, որ գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Գյումրիում: Իսկ մայրաքաղաք Երեւանում դրանց գները նախորդ ամսվա համեմատ 28.5 տոկոսով աճել են: Թանկացել են նաեւ կանաչ պղպեղը՝ 64.9, կանաչ լոբին՝ 1.9, վարունգը՝ 2, լոլիկը՝ 2.1, սմբուկը՝ 2.4 տոկոսով: Բացի այս՝ թանկացել է սունկը՝ 1.4, սխտորը՝ 2.3, կանաչ սոխը` 3.3, գազարը՝ 6, ճակնդեղը՝ 7.8, խառը կանաչեղենը՝ 11.7, գլուխ սոխը՝ 15.3 տոկոսով: Իսկ, ահա, ծաղկակաղամբը էժանացել է 42 տոկոսով: Կաղամբը նույնպես՝ 11.3, բողկը` 4 տոկոսով:
Լայն սպառման ապրանքատեսակներից ձուն նույնպես թանկացել է: 2015 թվականի հոկտեմբերի համեմատ՝ ձվի գինն աճել է 2.8 տոկոսով: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում այս տարվա նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, ձվի գինն աճել է 0.2-6.6 տոկոսով: Ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Գավառ քաղաքում: Իսկ երեւանյան սուպերմարկետներում եւ խանութներում ձվի գինը աճել է 2.6 տոկոսով:
Նշենք, որ կաթնամթերքի, սուրճի, կակաոյի եւ թեյի շուկան նույնպես զերծ չի մնացել թանկացումներից: Այստեղ 2015-ի նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, գրանցվել է 0.1-0.5 տոկոս գնաճ:
Իսկ, ահա, միրգը այս տարվա նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 15.7, իսկ 2015թ.-ի հոկտեմբերի համեմատ` 5.1 տոկոսով էժանացել է: Այս տարվա նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, մանդարինն էժանացել է 29.7 տոկոսով, ընկույզի միջուկը՝ 26.8, արքայանարինջը՝ 25.5, նարինջը` 13.6, կիտրոնը՝ 9.6, նուռը՝ 4.1, ադամաթուզը՝ 0.8 տոկոսով: Սակայն թանկացել է խնձորը՝ 4.2, խաղողը՝ 12.7, տանձը՝ 15.2, դեղձը՝ 28.8 տոկոսով:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում այս տարվա նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, արձանագրվել է մրգի 18.2-0.4 տոկոս գնանկում: Ի դեպ, գնանկման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Գավառ քաղաքում: Իսկ մայրաքաղաք Երեւանում միգը 2.9 տոկոսով է էժանացել:
Մսամթերքի գները նույնպես նվազել են: Օրինակ՝ այս տարվա նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, այս շուկայում 1.2 տոկոս գնանկում է գրանցվել: Սա ՀՀ որոշ արտադրողներ կապում են այն փաստի հետ, որ մեր երկրից մսամթերք չի արտահանվում: Իսկ որոշ արտադրողներ էլ պնդում են, որ մսամթերքի գների էժանացումը կապված է գնողունակության անկման հետ: ԱՎԾ-ի ներկայացմամբ` այս տարվա նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է խոզի, ոչխարի եւ տավարի մսի՝ համապատասխանաբար 7.4, 2.1 եւ 1.3, բարձր տեսակի ապխտած երշիկի՝ 2, հավի բդի՝ 1.8, աղացած մսի՝ 1.2, պելմենիի՝ 0.4, բաստուրմայի 0.3 տոկոսի գնանկում: Ի դեպ, եփած եւ առաջին տեսակի կիսաապխտած երշիկների գներն աճել են 0.2 տոկոսով, նրբերշիկինը՝ 0.3 տոկոսով, տավարի մսի պահածոյինը՝ 0.4 տոկոսով, թռչնամսինը՝ 0.7 տոկոսով: Իսկ այս սեզոնին մեծ պահանջարկ ունեցող խաշի պարագաները թանկացել են 7.7 տոկոսով:
Ըստ ԱՎԾ-ի՝ հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2015 թվականի նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, արձանագրվել է մսամթերքի 2.5-0.2 տոկոս գնանկում: Գնանկման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Արտաշատ քաղաքում: Իսկ Երեւանում մսամթերքի գները 1.3 տոկոսով են նվազել: Այս տարվա նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է ոգելից խմիչքի եւ ծխախոտի 0.2, ձկնամթերքի 0.1, հրուշակեղենի 0.1 տոկոս գնանկում: Իսկ հացամթերքի ու ոչ ոգելից խմիչքի գների՝ նախորդ ամսվա մակարդակը պահպանվել է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս