Արտաշես Մամիկոնովիչին կարելի է համարել մեր խորհրդարանի ամենաինտելեկտուալ պատգամավորներից, քանի որ նա մի քանի գիրք է հրատարակել, տարբերվում է շատ պատգամավորներից իր մտավոր ունակություններով, մտքերը գրագետ ու կրքոտ շարադրելու կարողությամբ:
Իհարկե, նոր գումարման խորհրդարանում երբեմնի ընդդիմադիր ու իշխանությունների «աչքի գրող» Գեղամյանից ոչինչ չի մնացել, նա փոխվել, ավելի ճիշտ` կերպարանափոխվել է, դարձել մեղմ ու հանգիստ, Սերժ Սարգսյանի բնութագրմամբ «դհոլը» վերածվել է բամբակի, քանի որ նա վերադարձել է այնտեղ, որտեղից, ըստ էության, չէր էլ բացակայել: Այսինքն՝ պատվիրված ընդդիմադիրը, որը ներքուստ միշտ իշխանությունների հետ էր, հիմա ՀՀԿ շարքերում է ու գովերգում է ապահով ու երջանիկ Հայաստանը: Այն Հայաստանը, որը երեք-չորս տարի առաջ, ըստ Գեղամյանի, թալանվում էր, գնում էր դեպի անդունդ ու կործանում… Հիմա այլեւս կործանում չկա, մանավանդ որ Արտաշես Մամիկոնովիչն է կանգնած իշխանության թիկունքին: Ավելին, նա ցանկանում էր իր որդուն էլ Մեղրիի մաքսատան պետ նշանակել տալ, ինչի մասին անգամ հարց էր հղվել Ս. Սարգսյանին: Իսկ նա պատասխանել էր. «Իհարկե ոչ: Ես չգիտեմ՝ պարոն Գեղամյանն արդյոք ունի որդի, ում մասնագիտությունը համապատասխանում է այդ աշխատանքին, բայց գիտեմ, որ նա ունի կրթված զավակներ, եւ որեւէ արգելք չի կարող լինել նրանց՝ պետական ծառայության մեջ ընդգրկելու առումով: Իհարկե, այստեղ զարմանալին այն է, որ Ս. Սարգսյանը չգիտեր այն մասին, որ Արտաշես Մամիկոնովիչը որդի ունի: Ի՜նչ աններելի անփութություն միմյանց հետ քավորսանիկային հարաբերություններ ունեցող մարդկանց համար:
Երեւանի ավագանու ընտրությունների քարոզչության այս շրջանում Արտաշես Գեղամյանը հանրությանը երեւալու լավ դաշտ է գտել` «մոռացության» մատնելով այն, որ ինքը միշտ շեշտում էր, թե Երեւանը ծաղկում է ապրել միայն իր քաղաքապետ աշխատած տարիներին: Հիմա, ըստ Գեղամյանի, ամեն ինչ պարզապես հրաշալի է եւ լավ: Մնում է, որ երեւանցիներն անվանափոխեն քաղաքն ու այն կոչեն Դրախտ… Այդ դրախտին էլ ոչ թե դռնապահներ կամ հսկիչներ, այլ գովերգակներ են հարկավոր: Դե, Գեղամյանը չի կարող հսկիչ լինել, որովհետեւ բանակում չի ծառայել, բայց գովերգակ կարող է, մանավանդ եղել է ակտիվ կոմերիտական ու կոմկուսական: Ի դեպ, բանակում չծառայած Գեղամյանն ունի պահեստազորի կապիտանի աստիճան: Լավ է, որ գեներալ չի դարձել… Հիշատակենք 1971-1978թթ. նրա գործունեությունը. 1971-1978թթ. աշխատել է Երեւանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետի կոմերիտական կազմակերպության ազատված քարտուղար, Կարելիայի Ինքնավար Հանրապետությունում Հայաստանի հանրապետական ուսանողական շինջոկատի հրամանատար, ՀԼԿԵՄ կենտկոմում հրահանգիչ, Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի կոմերիտական կազմակերպության առաջին քարտուղար, ՀԼԿԵՄ կենտկոմի ուսանող երիտասարդության բաժնի վարիչ: Այսքանից հետո` 1979-1987թթ., Հայաստանի կոմկուսի կենտկոմի ապարատում աշխատել է հրահանգիչ, սեկտորի վարիչ, տեսուչ, կենտկոմի առաջին քարտուղարի օգնական, կուսակցական-կազմակերպական աշխատանքների բաժնի վարիչի առաջին տեղակալ, 1987-1989թթ.` ՀԿԿ Երեւանի Մաշտոցի կուսշրջկոմի առաջին քարտուղար:
Ա. Գեղամյանը Երեւանի քաղգործկոմի նախագահ դարձավ` չլինելով այդ խորհրդի պատգամավոր: Սա խորհրդային պետության պատմության մեջ եզակի դեպք էր, սակայն երկար չտեւեց նրա քաղաքապետությունը, որովհետեւ եկավ ՀՀՇ-ն ու Արտաշես Մամիկոնովիչին պաշտոնից զրկեց: Դե նա էլ զայրացավ, հուզվեց, աղմկեց ու սկսեց քննադատել նոր իշխանություններին: Բայց զայրանալուց եւ հուզվելուց զատ, մտածեց նաեւ հաց հանապազօրյայի մասին ու 1991-1995թթ. դարձավ «Անդրնավթգազշին» ԲԸ դիտորդական խմբի անդամ, հիմնադրեց «Պրոմեթեւս» հայկական ունիվերսալ սակարանը, «21-րդ դար» ՍՊԸ-ն, դարձավ այդ հիմնարկների գլխավոր տնօրեն: Այսինքն՝ քննադատում էր իշխանություններին երկիրը թալանելու մեջ` միաժամանակ զբաղվելով ակտիվ բիզնեսով: Իսկ իշխանություններն էլ նրան չէին նեղում: Ուրեմն այստեղ առեղծված կա, որը յուրովի բացահայտեց Ս. Սարգսյանը` 2008-ի նախագահական ընտրություններում «ծածուկ» աջակցելով Արտաշես Մամիկոնովիչին, որն առաջադրել էր իր թեկնածությունը:
Հիշեցնենք, որ Գեղամյանը մինչ այդ էլ` 1998թ. եւ 2003թ., եղել է նախագահի թեկնածու, սակայն Ռոբերտ Քոչարյանը նրան բարի աչքով չէր նայել, ընտրություններից հետո պաշտոն չէր տվել, ինչպես տվեց նախկին կոմունիստ եւ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Արամ Գ. Սարգսյանին:
Իսկ իր «հաճախորդներին» ըստ արժանվույնս գնահատող Ս. Սարգսյանը Գեղամյանին ոչ միայն պատգամավորական մանդատ տվեց, այլեւ կուսակցությանն անհատույց գրասենյակի շենք նվիրեց. Գեղամյանի նոր գրասենյակը գտնվում է Հանրապետության փողոցում՝ նորակառույց շենքում: «Թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ, լավ տեղ է,-լրագրողին ասել էր Գեղամյանը` հավելելով,-նախկին գրասենյակի համեմատությամբ տարբերությունը շոշափելի է, առավել եւս` ՀՀԿ-ի գրասենյակի հարեւանությամբ է, իսկ հիմա մենք, գիտեք, սերտորեն համագործակցում ենք»: Անխնա քննադատող հակառակորդը, փաստորեն, արդեն «սերտորեն» համագործակցող է: Ով ով, բայց Գեղամյանը լավ գիտի քաղաքական մետամորֆոզ արտահայտությունը:
Արտաշես Մամիկոնովիչը միշտ խուսափում է հրապարակ հանել իր բիզնես գործունեության հետ կապված փաստերը, ադամանդների աղմկալի պատմությունը, ընդամենը հիշատակում է իր բնակարանի եւ ավտոտնակների մասին… Խե՜ղճ մարդ, գրեթե աղքատության մեջ է եւ ապրում է պատգամավորի աշխատավարձով: Ուրեմն պետք է հարցնել, թե ինչ միջոցներով է հրատարակում իր շքեղ գրքերը… Ի դեպ, Ա. Գեղամյանը Ս. Սարգսյանի կողմից իրեն դհոլ անվանելը համարել է սթափեցնող: Այսինքն՝ ընդունել է, որ դհոլ է, դրա համար էլ սթափվել է: Սթափվել ու հայտարարել է, որ էլի քննադատելու է ՀՀԿ-ին, սակայն. «Հիմա շատ ավելի լուրջ է լինելու քննադատությունը, բայց կառուցողական ուղղվածություն է ունենալու: Այն մարդը, ով անկեղծորեն քննադատում է, իրոք դիմացինի լավն է ուզում, իսկ եթե սխալ քաղաքականության պարագայում գովաբանում է կամ փայլատակող աչքերով ճպճպացնում, ուրեմն նա, ինչպես Աստվածաշնչում են ասում, благими намерениями устлана дорога в ад, դժոխքի ճանապարհ է մղում իր ընկերներին, իր գործընկերներին»:
Հ.Գ. Այդպես էլ անհայտ մնաց, թե, ի վերջո, ճիշտ էր Ս. Սարգսյանը, երբ ասում էր, որ Ա. Գեղամյանն իրեն առաջարկված 3 մլն դոլարի մասին խոսելիս մի զրո ավել էր ասել:
ԷԼԻ ՆՈՒՅՆ ԳԵՂԱՄՅԱՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ