Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի ներկայիս նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստել է մեծ մամուլի ասուլիսի ժամանակ, երբ մեկնաբանել է նահանգապետի պաշտոնում իր նշանակումը. փոխանցում է Rbc-ն:
«Պուտինը հերթական անգամ ստեց՝ ասելով, որ ամերիկացիներն ինձ վիզա չեն տվել, այն դեպքում, երբ ես 3 տարվա աշխատանքային վիզա ունեմ»,-գրել է Սաակաշվիլին:
Ավելի ուշ նա խմբագրել է իր հրապարակումն ու «3 տարվա աշխատանքային վիզայի» փոխարեն գրել «10 տարվա տուրիստական վիզա»:
«Չի կարող Վլադիմիր Վլադիմիրովիչն իմ մասին մոռանալ, նրան դուր չի գալիս Ուկրաինայում իր գործունեությունը, և ես նրան հասկանում եմ: Եթե մենք Ուկրաինայում բարեփոխումներ իրականացնենք, վերացնենք կոռուպցիան, ապա նրա ստի կայսրությունը կփլուզվի ինչպես թղթե տնակ»,-հավելել է Սաակաշվիլին:
Նախօրեին մեծ մամուլի ասուլիսի ընթացքում Պուտինը հայտարարել էր, որ Սաակաշվիլիին պաշտոն տալը նշանակում է «թքել ուկրաինացի ժողովրդի երեսին»:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան