Մայիսի 3-ը խոսքի ազատության միջազգային օրն է: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19-րդ հոդվածը հռչակում է, որ խոսքի ազատությունը հիմնարար նշանակություն ունի անհատներին իրավազորելու եւ ազատ ու ժողովրդավարական հասարակություն կառուցելու համար: Մայիսի 3-ը թերեւս հերթական առիթն է ինքներս մեզ հարց տալու, թե Հայաստանում որքանով է ազատ մամուլը: Եթե խոսքի ազատությունը համեմատենք ոչ վաղ անցյալում գոյություն ունեցող խորհրդային կայսրության հետ, ապա անհամեմատ ազատ ենք. ի վերջո, կան ընդդիմադիր լրատվամիջոցներ: Բայց եթե համեմատենք արեւմտյան զարգացած երկրների հետ, ապա դեռ շատ քայլեր ունենք ազատության հասնելու համար: Եւս մեկ կարեւոր արձանագրում. վերջին շրջանում իշխանությունների՝ առաջին հայացքից ընդամենը տնտեսական ոլորտը կարգավորող քայլերը, ավելի կոնկրետ՝ կառավարության նախաձեռնությամբ ընդունված «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, պարզապես մահակ է անցանկալի լրատվամիջոցներին ֆինանսապես նեղելու եւ փակելու համար:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ