2013 թվականի փետրվարի 23-ին ավարտին հասցվեց Հայոց Համազգային Շարժում կուսակցության կազմաքանդման գործընթացը, որը հետևողականորեն իրականացվում էր տևական ժամանակ: Անվանափոխման պատրվակով, ըստ էության, դադարեցվեց Ղարաբաղյան փառահեղ շարժմամբ ծնունդ առած, Հայաստանի Երրորդ հանրապետության ակունքներում կանգնած, Հայաստանում ժողովրդավարության և ազատականության ջահակիր Հայոց Համազգային Շարժում կուսակցության գործունեությունը:
Հանդիսանալով Հայոց Համազգային Շարժման ակտիվ մասնակիցներ շարժման առաջին իսկ օրերից, լինելով ՀՀՇ կուսակցության հիմնադիր անդամներ, հավատարիմ մնալով ժողովրդավարության ու ազատականության արժեքներին, մեր անհամաձայնությունն ենք արտահայտել ՀՀՇ-ն քաղաքական ասպարեզից վտարելու, արհեստածին միավորով այն քողարկելու և ստվերելու փորձին, դա համարելով հրաժարում որդեգրած գաղափարախոսությունից ու սկզբունքներից և ոտնձգություն մերօրյա պատմության դեմ: Այս երևույթի, ինչպես նաև վերջին մի քանի տարիներին կուսակցության ներքին ժողովրդավարության խաթարման և անձնապաշտական մթնոլորտի արմատավորման պատճառով բազմաթիվ սկզբունքային կուսակցականներ դուրս են մղվել ՀՀՇ-ից:
Մենք՝ ներքոստորագրյալներս, հպարտանում ենք 25 տարվա մեր քաղաքական գործունեությամբ, անցած քառորդ դարում Հայոց Համազգային Շարժման գրանցած նվաճումների ու հաջողությունների մեջ մեր համեստ ներդրումով և ցավ ենք զգում մեր կորուստների ու ձախողումների համար: Մենք պատճառ չունենք ամաչելու մեր անցյալից:
Մեր նպատակն է՝ վերագրանցելով կուսակցությունը և պահպանելով ՀՀՇ պատմական անունը, առաջնորդվելով ժողովրդավարության, կոլեգիալ կառավարման, գործունեության լիակատար թափանցիկության սկզբունքներով, վերականգնել Սահմանադրական կարգը Հայաստանի Հանրապետությունում, հասնել ժողովրդավարության և ազատական արժեքների հաստատմանը:
Ալեքսանդր Արզումանյան
Արարատ Զուրաբյան
Հովհաննես Իգիթյան
Կարապետ Ռուբինյան