ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Տոնուս Construction» ընկերության գրասենյակի մոտ մի քանի տասնյակ քաղաքացիներ էին հավաքվել, որոնք պահանջում էին վերադարձնել իրենց իսկ գնած բնակարանները: Նշենք, որ «Տոնուս Construction»-ը դեռեւս 2006թ. բնակարանի վաճառքի վերաբերյալ պայմանագրեր է կնքել շուրջ 100 բնակչի հետ: Ըստ այդ պայմանագրերի՝ բնակարանները պետք է սեփականատերերին հանձնվեին 2008թ.: Սակայն, դժգոհող բնակիչների խոսքով, բնակելի շենքն այս պահին որպես գրավ  դրված է «Արցախբանկ»-ում:
Խնդրո առարկա բնակելի շենքը, որը դեռ լիովին չի կառուցվել, գտնվում է Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասում: Բողոքող սեփականատերերը մտահոգված են, որ այդ նորակառույց շենքում չեն ստանալու իրենց գնած բնակարանները: Հիշեցնենք, որ «Տոնուս Construction»-ը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Աշոտ Տոնոյանին (Տոնուսի Աշոտ):
Երեկ բնակարանատերերը հանդիպեցին ընկերության տնօրեն Նշան Աբրահամյանին, որը հայտարարեց, թե իրենք չեն պատրաստվում բնակարանները տալ, այլ բանակցություններ են տանում գումարները վերադարձնելու ուղղությամբ: Սակայն բնակիչներն այս առաջարկին  դեմ են, քանի որ գումարները վերադարձնելու դեպքում նրանք ֆինանսական մեծ վնասներ են կրելու:
«Ի՞նչ անեմ, բողոքե՞մ… մեզանից եւ ոչ մեկին էլ ձեռնտու չէ գումարը հետ վերցնել: Այս բնակարանի համար հինգ տարի օտար երկրներում աշխատել եմ: Հիմա, փաստորեն, շենքը բանկում գրավ է դրված: 90 տոկոսով կառուցված 15-հարկանի բնակելի շենքը «Արցախբանկ»-ում գրավի տակ է»,-դժգոհեց բնակարանատերերից մեկը, որը խուսափեց ներկայանալուց:
Դժգոհող քաղաքացիների շրջանում տեսակետ կա, որ այս ամենը «կազմակերպված խաղ է ընկերության ու բանկի միջեւ. ընկերությունն էժան գնով կառուցել է բնակելի շենքն ու հիմա փորձում է բնակիչներին վերադարձնել գումարները, որպեսզի ավելի թանկ գնով այն վաճառեն»:
«Ժողովուրդ»-ը Բնակարանատերերից տեղեկացավ, որ այս պահին բնակելի շենքը հսկում են  «Արցախբանկ»-ի անվտանգության աշխատակիցները: «Մեզանից կախված ամեն բան մենք արել ենք, վճարել ենք պահանջվող գումարները, բայց արի՛ ու տես, որ հիմա հայտնվել ենք այս անորոշ վիճակում: Իրենք ընդամենը պատասխանում են, թե մեր ձեռքերը կապված են, իսկ որոշողն «Արցախբանկ»-ն է»,-վրդովված նկատեց մեկ այլ բնակարանատեր` Լեւոն Բարսեղյանը: Խաբված քաղաքացիները պահանջում են, որ այս հարցին «խառնվի» նաեւ ՀՀ կառավարությունն ու «արդար լուծում տա»: «Բոլորս էլ զայրացած ենք, մեկը վարձով է մնում, մյուսը՝ փողոցում, ի վերջո այս հարցին պե՞տք է լուծում տրվի, թե՞ ոչ»,-եզրափակեց 37-ամյա Անուշը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս