«ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՄ ԱՅԴ ԱՄԵՆՆ ՈՒ ԳՈՀԱՆՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հյուրն է երաժիշտ, գործիքավորող ԱՐԱՄ ԱՅՐՈՒՄՅԱՆԸ, որը Սիլվա Հակոբյանի եւ Մարտին Մկրտչյանի երաժշտախմբերի երաժշտական ղեկավարն է: Ունի նաեւ գործիքավորման ստուդիա, որտեղ կատարում է բազմաթիվ գործիքավորումներ տարբեր կատարողների ու երաժիշտների համար: Համագործակցում է գրեթե բոլոր հայ կատարողների հետ, նախկինում նվագել է Ջիվան Գասպարյանի եւ Արա Գեւորգյանի հետ: Ավարտել է Երեւանի պետական կոնսերվատորիան, դաշնակահար է: Մեզ հետ զրույցում երաժիշտը նկատեց, որ մասնագիտական կրթությունը պարտադիր ու անհրաժեշտ նախապայման է, իր իսկ խոսքով` եթե չավարտեր Կոնսերվատորիան, չէր կարողանա նմանատիպ գործիքավորումներ անել: Արամը նաեւ հատուկ շնորհակալություն հայտնեց իր մայրիկին, ում շնորհիվ ինքն այսօր երաժիշտ է: Ի դեպ, Արամը եւ ջութակահար Արտյոմ Այրումյանը հարազատ եղբայրներ են: Երկուսն էլ իրենց երաժիշտ մայրիկի ուղին են ընտրել:
-Ձեր ցանկությա՞մբ եք ընտրել երաժշտությունը:
-Այո՛, փոքրուց եմ սիրել` չնայած, որ տարիներով սպորտով եմ զբաղվել, հիմա էլ եմ զբաղվում, բայց առանց երաժշտության չեմ պատկերացնում ինձ: Եթե նույնիսկ մի շաբաթ չեմ նվագում, որտեղ ստեղնաշար տեսնեմ, նստում եմ, սկսում նվագել:
-Ձեր մասնագիտությունն ըստ արժանվույն գնահատվո՞ւմ է:
-Դժվարություններ կան այնքանով, որ մենք այնպիսի երկրում ենք ապրում, որտեղ դասականը չի գնահատվում: Վերջերս էլ Սիլվա Հակոբյանի հետ վերադարձանք հյուրախաղերից, Վիեննայում էինք, որտեղ  փոփն ու այլ ժանրի երաժշտությունը 15-րդ պլանում են: Այնտեղ կա Մոցարտ, ու դասականն առաջին տեղում է: Այնքան լավ զգացի ինձ այդ երկրում, հասկացա, որ անիմաստ չեմ ապրել, ուսանել:
-Բայց Դուք այս պահին հենց փոփ ժանրի երաժշտություն եք գործիքավորում, նույն Սիլվայի, Մարտինի երգերը դասական չես համարի:
-Դասականը չեմ թողել, ուղղակի հասկանում եմ, որ դասականով, ցավոք սրտի, Հայաստանում գումար չես վաստակի, իսկ առանց գումար չես կարող: Բայց իմ եղբոր` ջութակահար Արտյոմ Այրումյանի համար դասական ժանրի մեջ գործիքավորումներ անում եմ:
-Ճի՞շտ է, որ երաժշտությունը լեզու չունի:
-Ես աշխատում եմ նաեւ Հայաստանի պարի պետական անսամբլում, ստեղնաշարային գործիքների վրա եմ նվագում ու իրենց հետ բազմաթիվ երկրներում եմ եղել, ծանոթացել աշխարհի երաժշտության հետ: Երաժշտությունը լեզու չունի, բայց ամեն երկիր իր մշակույթն ունի: Վիեննայում մեծամասամբ դասականն են նախընտրում, Ֆրանսիայում գերակշռում է ակորդեոնը, Բուլղարիայում՝ ջութակը, կլառնետը…
-Դրսից աշխատանքի հրավերներ եղե՞լ են:
-Շատ են եղել, բայց ես չեմ կարողանում դրսում երկար մնալ, իմ հողն ու ջուրը սիրում եմ: Ամենալավ երկիրն էլ որ գնամ, 10 օրից կարոտը խեղդում է: Այստեղ են իմ տունը, ծնողները, ընտանիքս, ընկերներս, չեմ պատկերացնում` ինչպես կարող եմ դրսում ապրել:
-Երբ գալիս են գործիքավորողի մոտ, պատվիրատուն իր ցանկությունները հայտնո՞ւմ է, թե՞ Դուք եք որոշում ինչպես անել:
-Իհարկե, գործիքավորողն ավելի շատ է հասկանում, բայց կան հաճախորդներ, որ իրենք կոնկրետ մի ժանրի մեջ են հանդես գալիս, ուզում են, օրինակ, գերակշռի դուդուկը, ջութակը… Պատվիրատուի ցանկությունը հաշվի է առնվում` չնայած կարող եմ իր հետ այդքան էլ համաձայն չլինել:
-Հայտնիներից ո՞ւմ հետ է հեշտ աշխատել:
-Չեմ ուզում անուններ տալ, որ մարդիկ չնեղանան, եթե որեւէ մեկի անունը մոռանամ: Բայց մեր հայ ազգը շատ տաղանդավոր երգիչ, երաժիշտներ ունի, նույնիսկ դրսում են զարմանում: Մերոնք չեն զիջում միջազգային ստանդարտներին:
-Պատահե՞լ է, որ մերժեք համագործակցության առաջարկը:
-Եղել են մերժումներ, բայց հիմնականում եղել է ժամանակի սղության պատճառով: Պատահել է նաեւ, որ անիմաստ եմ համարել տվյալ մարդու վրա ժամանակ ծախսելը: 15 տարի է` գործիքավորմամբ եմ զբաղվում, բայց եղել է շրջան, երբ կանգ եմ առել, ոնց որ հոգնես սենյակում միայնակ նստելուց, հետո նորից սկսել եմ:
-Երբեք այլ բանով չե՞ք զբաղվել:
-Պահեր լինում են, որ բոլորովին այլ գործ եմ ուզում, բայց հստակ հասկանում եմ, որ ամեն ինչ ինձ համար ժամանակավոր կլինի, ես իմ մասնագիտությունից դժգոհ չեմ, սիրով եմ անում: Ինչին այսօր հասել եմ, փառք եմ տալիս Աստծուն, գնահատում եմ այդ ամենն ու գոհանում:
-Գործիքավորողը կարո՞ղ է այսօր իր աշխատանքով հանապազօրյա հացը վաստակել:
-Այո՛, իհարկե, ես չեմ բողոքում, իմ գումարը վաստակում եմ:
-Ձեր կինը նույնպես երաժիշտ է, ենթադրում եմ, որ երեխաներն էլ երաժշտական հակումներ կունենան:  
-Այո՛, մեծս` տղաս, վոկալի է գնում ու դաշնամուրի, նաեւ սպորտով է զբաղվում, շուտով կլինի 9 տարեկան: Իսկ աղջիկս վոկալի է գնում ու բալետի: Իրենք կմեծանան, կորոշեն` ինչ դառնան, բայց մենք` որպես ծնող, պետք է իրենց ուղղորդենք:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս