ArmLur.am-ը ուսումնասիրել է e-draft հարթակում հրապարակված օրենսդրական նախագիծը և պարզել, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախաձեռնություն։
Նախագիծը վերաբերում է 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ և հունիսի 14-ի N 898-Լ որոշումներին և նպատակ ունի բարձրացնել ծրագրի արդյունավետությունը, ինչպես նաև լուծել կիրառման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրներ։ Քննարկման ժամկետները սահմանված են 2026 թվականի ապրիլի 20-ից մինչև մայիսի 6-ը։
ArmLur.am-ը պարզեց, որ այս ծրագրի շրջանակում արդեն իսկ 5673 ընտանիք ստացել է բնակարանային հավաստագիր, սակայն դրանցից միայն 2578-ն են կարողացել այն իրացնել, ինչը վկայում է ծրագրի իրականացման ընթացքում առկա խոչընդոտների մասին։
Նախագծով առաջարկվում է մի շարք կարևոր փոփոխություններ։ Մասնավորապես՝ հստակեցվում է ամուսնալուծված ծնողների դեպքում երեխայի հաշվառման կարգը․ եթե կա դատարանի որոշում, երեխան համարվում է այն ծնողի ընտանիքի անդամ, ում հետ ապրում է, իսկ դրա բացակայության դեպքում՝ մոր ընտանիքի կազմում։ Այս փոփոխությունը նպատակ ունի լուծել այն խնդիրը, երբ ծնողներից մեկը չի կարողանում օգտվել ծրագրից երեխայի հաշվառման անորոշության պատճառով։
Մեկ այլ կարևոր փոփոխությամբ առաջարկվում է սահմանել, որ ծրագրի շրջանակում բնակարան ձեռք բերելու դեպքում կանխավճարի 20 տոկոսը վճարելու է պետությունը։ ArmLur.am-ը պարզեց, որ այս մոտեցումը բխում է Հայաստանի կողմից միջազգային ֆինանսական կառույցների՝ Ասիական զարգացման բանկի և Համաշխարհային բանկի հետ ստանձնած պարտավորություններից։ Նախատեսվում է նաև, որ հետագայում այս ցուցանիշը կարող է վերանայվել՝ հասնելով մինչև 30 տոկոսի։
Նախագծով ընդլայնվում են նաև ծրագրի շրջանակում հնարավոր օգտագործման ուղղությունները։ Այսուհետ նախատեսվում է, որ տրամադրված միջոցների դրական մնացորդը կարող է օգտագործվել ոչ միայն վերանորոգման, այլև անհատական բնակելի տների վերակառուցման և տնամերձ տարածքի կառուցապատման համար։ Բացի այդ, առաջարկվում է թույլատրել մեկից ավելի վերանորոգման վարկերի տրամադրում՝ սահմանված սահմանաչափի շրջանակում։
ArmLur.am-ը նաև պարզեց, որ առաջարկվում է հնարավորություն տալ ընտանիքի այն անդամներին, որոնք սկզբնական հավաստագրում ընդգրկված չեն եղել, հետագայում միավորել իրենց հավաստագրերը ընտանիքի ընդհանուր հավաստագրին և օգտագործել որպես դրական մնացորդ։
Նախագծով կարևոր նոր դրույթ է սահմանվում նաև այն մասին, որ պետական աջակցությամբ ձեռք բերված կամ կառուցված անշարժ գույքը չի կարող բռնագանձվել կամ օգտագործվել շահառուի այլ պարտավորությունների դիմաց։ Այս փոփոխությունը նպատակ ունի կանխել այն դեպքերը, երբ ծրագրի շահառուների գույքը ենթարկվում է հարկադիր կատարողական վարույթների։
Բացի այդ, առաջարկվում է հստակեցնել նաև բնակելի մակերեսի հաշվարկման մեխանիզմները՝ 12 քմ շեմի կիրառման մասով, ինչպես նաև հնարավորություն տալ միջգերատեսչական հանձնաժողովին ուսումնասիրել այն դեպքերը, երբ Կադաստրի տվյալները լիարժեք չեն արտացոլում իրական պատկերը։
Նախագծով նախատեսվում է նաև, որ 6 տարին չլրացած երեխաները կդիտարկվեն որպես շահառու՝ անկախ տվյալների շտեմարաններում նրանց առկայությունից։
Անի Վարդանյան




























