Երբ պետական անգործության համար մեղադրում են ուրիշներին. քաղաքապետի նկատողությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տոնական եռուզեռից հետո Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ սկսեց նկատողությունների շարքը: Առաջինը քաղաքապետի նկատողությանն արժանացավ սանմաքրման աշխատանքներ իրականացնող «Սանիթեք» ընկերությունը` ձնամաքրման և աղբահանության կատարած աշխատանքի համար:

«Իմ դժգոհությունն արդեն հայտնել եմ նաև ընկերության սեփականատերերին ու նախազգուշացրել, որ աշխատանքների նման կերպ կազմակերպման կրկնվելու դեպքում մենք «Սանիթեք» ընկերության նկատմամաբ կկիրառենք խիստ պատժամիջոցներ», – հայտարարեց նա:

Տարոն Մարգարյանը նաև դժգոհել է հասարակական տրանսպորտի աշխատանքների կազմակերպման պատասխանատուներից: «Նման աշխատաոճն անընդունելի է, հետևություն արեք այդ ամենից: Այդ թվում նաև «Ավտոբուս» և «Երևանտրանս» ՓԲԸ-ների տնօրեններին է վերաբերում հորդորս»,-ընդգծել է Տարոն Մարգարյանն ու նկատողություն է հայտարարել քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետին:

Առաջին հայացքից կարող է թվալ, թե քաղաքապետը հետևություններ է արել քաղաքացիների դժգոհություններից և գործի անցել, սակայն իրականում նա նման կերպ փորձում է իր պաշտոնական անգործության համար ուրիշին մեղադրել: Տոնական օրերին ձնամաքրման, աղբահանության ինչպես նաև տրանսպորտի հետ կապված նման քաոս չէր առաջանա, եթե Տարոն Մարգարյանն այդ նկատողությունն աներ հենց տոնական օրերին: Իհարկե, իր երեկվա խոսքում քաղաքապետը հայտնել է, թե զանգահարել է հասարակական տրանսպորտի աշխատանքների կազմակերպման պատասխանատուներին և դժգոհել, սակայն, ինչպես հասկանում ենք, արդեն ուշ էր:

Տեղում նկատողություններ հայտարարելու և քաոսը վերացնելու փոխարեն Տարոն Մարգարյանը սպասեց մինչև այդ ամենն անցավ, տոնական եռուզեռն ավարտվեց և նոր միայն որոշեց զայրանալ և նկատողություններ շռայլել: Հիմա արդեն նկատողությունների համար շատ ուշ է. այդ քաոսն ավարտվել է և երաշխիք էլ չկա, որ հաջորդ անգամ` նման իրավիճակի ստեղծման դեպքում պատկան կառույցները նույն կերպ չեն աշխատի:

 




Լրահոս