2016 թվականի հունվարի 1-ից մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը նշանակելու և վճարելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը՝ իր տարածքային բաժինների միջոցով:
Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը նշանակելու համար ծնողի բնակության (հաշվառման) վայրի տարածքային բաժին է ներկայացվում`
1) դիմում, որում ներառվում են՝
ա. դիմողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, բնակության (հաշվառման) վայրի հասցեն, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի,
բ. եթե դիմողը ծնողը չէ` ծնողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե ծնողը հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց), բնակության (հաշվառման) վայրի հասցեն՝ ըստ բնակչության պետական ռեգիստրի,
գ. խնամքի նպաստը վճարելու եղանակը՝ կանխիկ կամ անկանխիկ, իսկ խնամքի նպաստն անկանխիկ եղանակով վճարվելու դեպքում՝ ծնողի բանկային հաշվի համարը,
2) ծնողի անձը հաստատող փաստաթուղթը (ըստ անհրաժեշտության` հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը), իսկ եթե դիմումը ներկայացրել է այլ անձ` նաև դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը,
3) երեխայի ծննդյան վկայականը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը.
4) անհրաժեշտության դեպքում՝ խնամակալության մասին փաստաթուղթը.
5) ծնողի կողմից ստորագրված հայտարարություն՝ խնամքի արձակուրդն ավարտվելու (արձակուրդն ընդհատվելու, աշխատանքի անցնելու կամ աշխատանքից ազատվելու) դեպքում խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարելու վերաբերյալ տեղեկացված լինելու մասին (հայտարարությունը ներառում է նաև ծնողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հայտարարությունը տալու օրը, ամիսը, տարին): Հայտարարությունը կարող է շարադրվել նաև ազատ ոճով:
Ծնողի` խնամքի արձակուրդում գտնվելու մասին տեղեկանքը գործատուն տալիս է (կցվում է դիմումին) միայն այն դեպքում, եթե ծնողին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն:
Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը վճարվում է կանխիկ և անկանխիկ եղանակով` բանկային հաշվին փոխանցելով: Ընդ որում, եթե նպաստի փաստաթղթերը ներկայացնում է այլ անձ, ապա գումարը տրամադրվելու է միայն անկանխիկ եղանակով՝ փոխանցվում է ծնողի անունով բացված բանկային հաշվին:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին