ՍԵՎ ԽԱՎԻԱՐԱՍԵՐ ԳԵՐԱԶԱՆՑԻԿԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վահրամ Ավանեսյանը նորից հայտնվեց կառավարության անդամների ցանկում: Նա նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար՝ առայժմ չլինելով Հանրապետական կուսակցության անդամ: Սակայն չի բացառվում, որ առաջիկա շաբաթներին նրա կրգյծքին եւս հայտնվի ՀՀԿ կրծքանշանը…
Պետք է ենթադրել, որ այս վերադարձի «քավորը» Տիգրան Սարգսյանն է, քանի որ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե կառավարության կազմը ձեւավորել է վարչապետը: Ոմանք ակնկալում են, որ Վ. Ավանեսյանի նշանակմամբ պետք է կյանքի կոչվեն մի շարք ռեֆորմներ: Գուցե մենք էլ լավատես լինեինք, եթե ծանոթ չլինեինք Վ. Ավանեսյանի գործունեությանը, եթե չհիշեինք նրա կցկտուր ելույթները խորհրդարանում, երբ էկոնոմիկայի եւ տնտեսական զարգացման նախարար եղած ժամանակ չէր կարողանում որեւէ հստակ պատասխան տալ, որեւէ կերպ հիմնավորել իր ասածները: Նրան համարում էին Արմեն Դարբինյանի «գերազանցիկների» կառավարության «փայլուն» անդամներից մեկը, մի մարդ, որը, հավանաբար, ունենալով տնտեսագիտական ոչ վատ գիտելիքներ, չէր կարողանում դրանք կենսագործելու համար պայմաններ ստեղծել: Նա ժամանակին հայտարարում էր. «Մասնավոր տնտեսության լավ աշխատանքը պետք է լինի կառավարության գործունեության գլխավոր չափանիշը, ցանկացած գործունեություն ծավալելիս կառավարությունը պետք է գնահատի. արդյո՞ք դրանով նա չի խանգարի մասնավոր տնտեսվարող սուբյեկտների գործունեությանը»: Հայտարարում էր, սակայն այդպես էլ ոչինչ չարեց:
Այդ պաշտոնում նա աշխատեց մոտ 1 տարի, հետո նախարարությունը լուծարեցին, նրա նախկին կառույցն էլ՝ տնտեսական զարգացման վարչությունը, դարձրին էկոնոմիկայի նախարարության ենթաբաժին: Իսկ Ավանեսյանն էլ դարձավ «Ավագ սոլյուշըն» ՍՊԸ տնօրեն: Երեւի նախարարի պաշտոնը նրա համար էր, որպեսզի դառնար ՍՊԸ տնօրեն եւ հիմնականում աշխատեր գրանտային դաշտում՝ իր ծանոթություններն ու կապերն օգտագործելով տարբեր գրանտներ ձեռք բերելու համար: Հիշատակենք 2011-ի հոկտեմբերին կայացած համայնքային էներգետիկ խնդիրներին նվիրված համաժողովը, որի աշխատանքային խմբի ղեկավարն էր Ավանեսյանը: Ոչ մի էական բան չտվեց այս համաժողովը, բայց ՍՊԸ տնօրենը կարողացավ լուծել ֆինանսավորման հարցեր…
Ավանեսյանի գլխավորած կառույցը Երեւանի ջրմուղ-կոյուղու վարձակալության որակի երաշխավորն էր: Այս ՍՊԸ-ն ներկայացրել է մի հաշվետվություն, որը կարդացողը կարող է մտածել, թե Երեւանի կոյուղին աշխարհում լավագույնն է, սակայն հենց ընկերության գործունեության պատճառով չեն կատարվել բազմաթիվ աշխատանքներ, մինչեւ այսօր մշակված չէ մայրաքաղաքի ջրահեռացման քարտեզը:
Ի դեպ, Վահրամ Ավանեսյանը շատ է սիրում հայտնվել այնտեղ, որտեղ ֆինանսների հետ կապված ինչ-որ հարցեր կան: Այսպես, 1997-ին այն ժամանակ վարչապետ Ռոբերտ Քոչարյանի հրամանով ստեղծվեց մի հանձնաժողով, որի նպատակն էր «Նաիրիտ ԳԱՁ» ՓԲԸ պետականjy բաժնեմասի միջազգային մրցույթով սեփականաշնորհումը: Հանձնաժողովի կազմում էին՝ Գառնիկ Նանագուլյանը (նախագահ), Շահեն Կարամանուկյանը եւ Վահրամ Ավանեսյանը: Թե ինչպիսի սեփականաշնորհում էր դա, ինչպիսի գաղտնիքներ իր մեջ պարփակեց, շատերը գիտեն: Գիտեն, որ հենց այդ սեփականաշնորհումից հետո «Նաիրիտ»-ը հայտնվեց փակուղում: Եթե ճիշտ է այն տեղեկությունը, որ «Նաիրիտ»-ի թիկունքին կանգնած է Տիգրան Սարգսյանը, ապա միանգամայն տրամաբանական է դառնում  Ավանեսյանի նշանակումն էկոնոմիկայի նախարարի պաշտոնում. ինքն է սկսել «Նաիրիտ»-ի քայքայումը, ինքն էլ պիտի հասցնի «հաղթական» ավարտին… Ոչ մի նշանակում պատահական չի լինում, ամեն ինչ իր «տրամաբանությունն» ունի: Այս մեկը՝ նույնպես: Ավանեսյանը վերջին տարիներին աշխատում էր որպես միջազգային փորձագետ, նա որոշակի փորձ է ձեռք բերել այս ասպարեզում, նաեւ կարողացել է կապեր հաստատել: Ուստի չի բացառվում, որ նրա ծանոթություններն ու կապերը կարող են որոշակի դեր կատարել «Նաիրիտ»-ը «սաղացնելու» հարցում…
Ավանեսյանը Երեւանում է ծնվել՝ չնայած ազգանունը հուշում է, որ սյունեցի է: Նա եւս, ինչպես շատ պաշտոնյաներ, բանակում չի ծառայել: 1993-1996թթ. աշխատել է ՀՀ կառավարությունում որպես ֆինանսների նախարարի առաջին տեղակալ: 1996-1997թթ. զբաղեցրել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնը: Այնուհետեւ մինչեւ 1998թ. ապրիլը աշխատել է ՀՀ վարչապետի աշխատակազմում: Նույն թվականի ապրիլից մինչեւ 1999թ. հունիսը եղել է ՀՀ տնտեսական եւ կառուցվածքային բարեփոխումների նախարարը: 2001թ. փետրվարից մինչեւ նույն թվականի հոկտեմբերն աշխատել է «Մանեքս եւ Վալեքս» ՓԲԸ-ում որպես գործադիր տնօրենի տեղակալ, ներդրումների գծով տնօրեն: 2001թ. մինչ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելը եղել է «ԱՎԱԳ Սոլյուշնս» ՍՊԸ-ի տնօրենը: Հենց այս ընկերությունն է զբաղվել մայրաքաղաքի ջրահեռացման խնդիրներով, իբրեւ թե մշակել մի շարք ծրագրեր, սակայն Երեւանում տեղացած ամեն վարար անձրեւից հետո պարզ է դառնում, որ ընկերությունն ըստ էության որեւէ լուրջ գործունեություն չի ծավալել, ընդամենը եղել է «ատկատների» համար բարենպաստ միջավայր ստեղծող կազմակերպություն… Տարբեր տարիների Մոլդովայում, Տաջիկստանում եւ Ուզբեկստանում աշխատել է որպես Համաշխարհային բանկի խորհրդատու: Ուշադրություն դարձնենք մի հանգամանքի վրա. նախարարի պաշտոն զբաղեցրած մարդը երկար տարիներ որեւէ պետական պաշտոն չի ունեցել, ընդամենը ՍՊԸ է ղեկավարել, բայց հենց այս ՍՊԸ գործունեության ուսումնասիրությունն էլ ցույց է տալիս, որ այն բոլորից շատ է օգտվել պետական ֆինանսներից: Նշանակում է` Ավանեսյանը միշտ էլ յուրային է եղել եւ միշտ էլ օգտվել է վարչապետ Տիգրան Սարգսյանի բարեհաճությունից…

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս