ՆՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Երեկ ԼՂՀ-ում գրանցվել է նոր` թվով 11-րդ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը: Այն ազգային ուղղվածությամբ եւ սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությամբ կուսակցություն է, որն ընդդիմադիր է Արցախի իշխանություններին:
ԳԵՅ-ՇՔԵՐԹ` ԹԲԻԼԻՍԻՈՒՄ
Թբիլիսիի քաղաքապետարանն անտեսել է պատրիարք Իլյա 2-րդի խնդրանքը՝ կապված Վրաստանի մայրաքաղաքում գեյ-շքերթի անցկացումը թույլ չտալու հետ: Վրաց պատրիարքն ընդգծել էր, որ սեռական փոքրամասնությունների ակցիայի նպատակը ոչ թե այդ մարդկանց խնդիրների լուծումն է, այլ տվյալ թեմայի շուրջ չարաշահումներ կատարելը: Սեռական փոքրամասնություններին աջակցելուն նվիրված ակցիան տեղի է ունենալու այսօր` Թբիլիսիի Ռուսթավելու պողոտայում: Հիշեցնենք, որ Թբիլիսիում գեյ-շքերթ անցկացնելու առաջին փորձը ձեռնարկվել է նախորդ տարի: Դրան մասնակցել է 20-50 մարդ:
ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆԸ ՊԱՏԱ՞ՆԴ Է
«TMZ.com» պարբերականի տեղեկացմամբ` հնարավոր է` հայազգի միլիարդատեր Քըրք Քըրքորյանին պատանդ են վերցրել. «Միլիարդատեր մագնատը, ում պատկանում է Լաս Վեգասում գտնվող «MGM» հյուրանոցը, ծանր վիճակում է հայտնվել ու դատարանի աջակցության կարիք ունի… Նա վերջին անգամ հանրության առաջ հայտնվել է 2012թ. հունիսին: Իսկ նրա նախկին կինը` Լիսա Քըրքորյանը, հայտնել է, որ չի կարողանում կապ հաստատել ամուսնու հետ»,-գրել է պարբերականը: Լիսա Քըրքորյանը տեղեկացրել է նաեւ, որ Քըրքորյանի ընկերության մենեջեր Թրասինդա Քորփը վերջին 5 տարիներին Քըրքին ամբողջությամբ վերահսկել է եւ թույլ չի տվել նրան հանդիպել դստեր հետ: Քըրքի ու Լիսայի ամուսնալուծությունը ցավոտ էր, սակայն այժմ կինը դատարան է դիմել` նախկին ամուսնուն հայտնաբերելու համար: Ըստ նրա` Քըրքը վատառողջ է, եւ ինքը ցանկանում է գոնե վերջին անգամ տեսնել նրան: