ՀԱՐՑ. Ես ցանկանում եմ կտակ կազմել, բայց կուզենայի, որ այն գաղտնի մնա, եւ որեւէ մեկը չիմանա վերջինիս բովանդակության մասին, նույնիսկ նոտարը: Խնդրում եմ ասել, թե այս դեպքում ինչպես պետք է վարվեմ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Կտակարարի ցանկությամբ նոտարը կտակը վավերացնում է առանց դրա բովանդակության հետ ծանոթանալու (փակ կտակ): Վերջինս այն փակ (սոսնձված) ծրարով հանձնում է նոտարին երկու վկայի ներկայությամբ, որոնք ծրարի վրա դնում են իրենց ստորագրությունները: Վկաների ստորագրած ծրարը նոտարը նրանց ներկայությամբ տեղադրում է մեկ այլ ծրարում, փակում (սոսնձում) է այն եւ վրան կատարում վավերացնող մակագրություն: Վավերացնող մակագրությունը պետք է տեղեկություններ պարունակի կտակարարի, ումից նոտարը ստացել է փակ կտակը, դրա ստացման վայրի, տարվա, ամսվա, ամսաթվի եւ յուրաքանչյուր վկայի անվան ու նրա բնակության վայրի մասին: Նոտարը, կտակարարից ստանալով կտակով ծրարը, պարտավոր է կտակարարին պարզաբանել ժառանգության պարտադիր բաժնի իրավունքը:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Լավ կլիներ, որ ներկայացված լինեին նաեւ ծառայության սակագները: Թեեւ, հավանաբար, դրանք այնքան բարձր են, որ կառույցն անհարմար է զգում հրապարակել: