Երգչուհի ԱՐՓԻ ՇԱՀՆՈՒԲԱՐՅԱՆԻ մասին ասում էին, թե նա սփյուռքահայ է, դրա համար էլ իր ներկայացրած երաժշտական ոճը ստանդարտներից դուրս է: Իրականում Արփին Գորիսի հայտնի Խնձորեսկ գյուղից է, մանկուց էլ լսել է հայկական ժողովրդական երաժշտություն, պարզապես սիրում է նորություններ փնտրել ու ներկայացնել: Արդեն 2 տարի է, ինչ Արփին «Hayway» խմբի կազմում երգում է տարբեր ակումբներում կենդանի երաժշտության նվագակցությամբ: Քանի որ խումբն ունի իր հեղինակային երգերը, նախատեսում են նաեւ տեսահոլովակներ նկարել: Բացի այդ, Արփին պատրաստում է սեփական ձայնասկավառակը ֆոլկ ոճում: Երգչուհին շոու բիզնես մուտք է գործել 2007թ. «Կապույտ թռչուն» երգով: Մինչ այդ էլ՝ որպես բեք վոկալ, աշխատել է խմբերից մեկում:
-Ձեր մուտքը բավական հաջող եղավ, բայց առաջ գնալը…
-Առաջ գնալու համար պետք է լինես ստանդարտ:
-Որ՞ն է ստանդարտը:
-Կատարես ինչ-որ մելոդիկ երգ, ստանդարտ երկար մազեր ունենաս, ստանդարտ կերպարում լինես:
-Կամ էլ ռեստորանային երաժշտություն երգես:
-Գուցե եւ: Հիմա՝ այս վերջին երկու տարիների ընթացքում էլ, շատերը մտածում են` լավ կլինի, որ ունենաս հարսի կամ փեսայի մասին երգ: Իսկ մենք մեր թիմով անում էինք ավելի սյուռ բաներ, ավելի հետաքրքիր, որը չընդունվեց: Թող քիչ ընկնեն փողի հետեւից, հարսանիքի թեման էլ հանգիստ թողնեն, դա էլ է արդեն բիզնես դարձել՝ ով ում կանչեց, ով երգեց այսինչի հարսանիքին: Թող լավ արվեստ լինի, ճիշտ հայկական երաժշտություն, ձեւականությունը վերանա:
-Ձեզ hամարում եք ստանդարտներից դո՞ւրս:
-Այո՛, եթե ստանդարտներից դուրս չլինեի, այսքան տարվա մեջ մի քանի տեսահոլովակ կունենայի, եսիմ ուր հասած կլինեի: Բայց ես նախընտրում եմ իմ ինքնատիպ ոճում ու կերպարում մնալ: Ինձ ակումբներից ճանաչում են, մեր հանդիսատեսը կայուն է, մեզ ընդունում են, սիրում մեր երգերը: Դա ավելի արժեքավոր է, քան ստանդարտ կերպարով հանդես գալը եւ օրը մի քանի անգամ տեսահոլովակ պտտեցնելը: Ինձ համար դա արվեստ չէ, ձեւականություն է, չգիտեմ ուրիշ էլ ոնց կոչեմ:
-Հուսահատեցնո՞ղ չէ այն հանգամանքը, որ լավորակ երաժշտությունն ակումբներից դուրս չի գալիս. այսինքն՝ եթերում չկաք, տեսահոլովակներ չեք նկարում…
-Ումի՞ց նեղանանք, եթե նույն հեռուստաընկերություններն են ասում, որ սա ստանդարտից դուրս է, մեր ժողովուրդը չի ընդունի, մեզ կքարկոծեն, կասեն՝ ոնց կարելի է Սայաթ-Նովան էսպես նկարել…. էլ ումի՞ց նեղանամ: Մենք միշտ քառակուսի ենք մտածում, չենք ուզում այդ սահմաններից դուրս գալ: Այնքան խորն է մեր մեջ մտած այդ ստանդարտը: Չեմ ուզում վատ բան ասել, որ սխալ չհնչի: Բայց դու քո ձեւով ստեղծիր քո աշխարհը: Ես գտել եմ իմ ձեւը, չեմ նեղանում ոչ մեկից, ոչ մի բանից: Մի քիչ վատ եմ զգում, որ իսկապես այսքան տարի կամ, բայց տեսանելի, կարծես, չկամ: Կարող եմ մի բան վստահ ասել՝ ես այնքան կամ, որ համարյա ամեն օր երգում եմ կենդանի ձայնով կենդանի երաժշտության նվագակցությամբ: Թող ոչ ոք չնեղանա, բայց ես ավելի շատ եմ երաժշտության մեջ, քան նրանք, ովքեր տարին մի քանի տեսահոլովակ են նկարում ու համերգների մասնակցում ֆոնոգրամայով:
-Բոլորն աշխատում են գումար վաստակելու համար: Ձեր ներկայացրած երաժշտությունը պահանջարկ ունի՞:
-Պատկերացրե՛ք՝ մենք ամեն օր աշխատում ենք ու աշխատում ենք տարբեր տեղեր: Մենք էլ մեր չափով ենք մեր գումարը վաստակում: Մարդ չպետք է միշտ գումարի չափի հետեւից ընկնի: Մենք խմբով էլ երգում ենք հայկական երաժշտություն, տարբեր առիթների հանդես գալիս, լինում են նաեւ հարսանիքներ, նշանդրեքներ, կնունքներ….
-Եթե չեմ սխալվում, Դուք եւ Ձեր ամուսինը նույն խմբում եք աշխատում:
-Նա հարվածային գործիքներ է նվագում, ես էլ երգում եմ, նույն երաժշտական ճաշակն ունենք: Ես միշտ ասում եմ, որ ինքը բառի բուն իմաստով իմ թիկունքին է: Երկու երաժիշտ նույն տանը` անչափ հետաքրքիր է: Մեր միությունը մեզ միայն օգնում է:
-Դուք նաեւ մի տարի «Եվրատեսիլ»-ի հայաստանյան նախընտրական փուլին մասնակցեցիք, տարիներ հետո էլ Էմմիի բեք վոկալն էիք նույն մրցույթում: Այս տարի ցանկություն չկա՞ր մասնակցելու:
-Այս տարի բոլորս գիտեինք, որ «Դորիանս»-ն է գնալու: Եթե առաջարկ էլ լինի գնալու, ես շատ երկար պետք է մտածեմ: «Եվրատեսիլ»-ին պետք է մասնակցել այն դեպքում, երբ դու համոզված ես, որ ունես լավ թիմ, կատարած լավ աշխատանք, լավ գծած պրոմո արշավ, ոնց որ արվեց Սիրուշոյի տարում: Դա, իհարկե, մեծ ֆինանսների հետ է կապված, բայց պետք է համաձայնել միայն այդ դեպքում: Հենց էնպես մասնակցել պետք չէ: Մենք գիտենք, որ այս տարի հենց էնպես ենք մասնակցում: Չի կարելի հույսը դնել միայն լավ երգի վրա:
«ՄԵՆՔ ՄԻՇՏ ՔԱՌԱԿՈՒՍԻ ԵՆՔ ՄՏԱԾՈՒՄ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ