«Զվարթնոցի հին մասնաշենքի էստակադան հնարավոր է պահպանել. այն դիմակայելու մեծ պոտենցիալ ունի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ մեծ աղմուկ բարձրացրեց ճարտարապետ Անահիտ Թարխանյանի տարածած հայտարարությունը, որտեղ նշվում էր, որ Երեւանի քաղաքապետարանը 2015թ․ դեկտեմբերին ապամոնտաժման թույլտվություն է տրամադրել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին` «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի մասնակի ապամոնտաժման համար։

Ըստ Թարխանյանի` այդ թույլտվությունը հնարավոր է միայն կոռուպցիոն շահի առկայության պարագայում: Դրանից հետո Երեւանի քաղաքապետարանը շտապեց պարզաբանել, որ որեւէ շինարարական կազմակերպության «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի ապամոնտաժման թույլտվություն չի տրվել, եւ օդանավակայանի ընդլայնման աշխատանքներին զուգահեռ՝ կլոր մասնաշենքը արտաքին փոփոխության կամ որեւէ ապամոնտաժման աշխատանքների չի ենթարկվելու:

Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն էլ իր հերթին տարածեց հայտարարություն, որտեղ նշվում էր, որ հաշվի առնելով «Սեյսմիկ պաշտպանության արեւմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից կազմված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի թիվ 1 համալիրի կառույցների տեխնիկական վիճակի եւ սեյսմիկ խոցելիության գնահատման վերաբերյալ տրված հաշվետվությունը՝ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին 24.12.2015 թվականին տրվել է հին համալիրի օղակաձեւ վթարային էստակադայի ապամոնտաժման թույլտվությունը: Այսինքն` թույլ է տրվել, որ «Զվարթնոցի» հին մասնաշենքի էստակադան, որով մեքենաները բարձրանում են, քանդվի:

Հայտնի է, որ 1974թ․ կառուցված «Զվարթնոց» օդանավակայանը հայ ժողովրդի կողմից ճանաչված է որպես Հայաստանի խորհրդանիշ, իսկ միջազգային հանրության կողմից գնահատված է որպես խորհրդային մոդեռնիզմի եզակի նմուշ։ Ուստի մասնագետներն ամեն առիթով ահազանգում են, որ «Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրի էստակադան քանդելու քաղաքապետի թույլտվությունը կարող է հանգեցնել այն բանին, որ «Զվարթնոց»-ն ամբողջությամբ քանդեն:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում շեշտեց, որ ընդհանուր էստակադան վթարային վիճակում չէ, եւ այն հնարավոր է պահպանել. «Բնական է, որ դրա որոշ հատվածներում հանգույցներ կան, բայց էստակադան կարելի է ամրացնել, վերանորոգել: Պետք է տեսնել` այն պահպանելու ինչ հնարավորություններ կան: Որոշ տեղերում հնարավոր է անել քանդումներ, փոփոխություններ, բայց հարկավոր է իմանալ վերջնական արդյունքը, ամեն քայլ պետք է ամրագրված լինի պայմանագրերով, դրա կետերով եւ ժամանակացույցով, որպեսզի հետագայում խնդիրների առջեւ չկանգնենք»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է «Սեյսմիկ պաշտպանության արեւմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից տրված հաշվետվությանը, Մ. Մինասյանը նկատեց, որ հնարավոր է` կողմերից մեկն ասի, թե շենքը բոլորովին անպիտան է, բայց, միեւնույն ժամանակ, մի շարք մասնագետներ հայտնում են, որ էստակադան դիմակայելու մեծ պոտենցիալ ունի. «Այսինքն` երրորդ կողմը պետք է էքսպերտիզա անցկացնի… Տվյալ ՊՈԱԿ-ի էքսպերտներին հավատում են, մեր էքսպերտներին, չգիտես ինչու, այդքան էլ չեն հավատում»,-ասաց նա:

Կոնցեսիոները, որին տվել են հին շենքը այն օգտագործելու եւ հետո որպես պետական գույք պետությանը հանձնելու նպատակով, որոշ ժամանակ օգտագործել է եւ հիմա, փաստորեն, առաջարկություն է ներկայացնում` նշելով, որ շենքն արդեն սպառել է իրեն, եւ անհրաժեշտություն կա այն մասնակի քանդելու: «Երբ կոնցեսիոներին ժամանակին տրվեց պետական սեփականությունը, այն ժամանակ անհանգստություն չկար այն առնչությամբ, որ շենքը վթարային վիճակում է գտնվում, հիմա, պարզվում է, կա: Այնինչ՝ կոնցեսիոները պետք է շենքը հանձնի պետությանը այնպիսին, ինչպիսին այն ստացել է»,-ընդգծեց Մ. Մինասյանը:

Նշենք, որ «Զվարթնոցի» հին մասնաշենքը հիմնովին վերանորոգելու համար, տարբեր գնահատականներով, անհրաժեշտ է $15-20 մլն: «Հայ նախագիծ» ինստիտուտի տնօրեն Գրիգոր Ազիզյանը այդ թվերին կասկածանքով է վերաբերվում. «Համապատասխան նախագծային լուծում, որը կապացուցի, թե դրա համար որքան գումար է անհրաժեշտ, չկա: Դա էքսպերտային գնահատական է, իսկ թե ովքեր են էքսպերտները, ես չգիտեմ: Բացի այն, որ նշված թվերը վիճելի են, հարց է ծագում` եթե հին մասնաշենքը քանդեն եւ նորը կառուցեն, դա որքա՞ն կարժենա. այդ թվերի մասին ոչ ոք չի խոսում: Եթե դա ավելի թանկ արժենա, ապա ո՞րն է ճիշտ` քանդե՞լը, թե՞ 15 միլիոնով այն ուժեղացնելը»,-մեզ հետ զրույցում հարցրեց նա:

Գ. Ազիզյանը եւս պնդեց, որ էստակադան հնարավոր է վերանորոգել. «Կա համապատասխան մասնագիտական կարծիք, որն անցյալ տարի է ձեւավորվել Երեւանի քաղաքապետարանի կողմից ստեղծված հանձնաժողովի շրջանակներում: Այդ հանձնաժողովի անդամները շատ ավելի բարձր որակավորում ունեն, քան սեյսմիկ պաշտպանության համապատասխան հանձնաժողովի մասնագետները: Մենք հիմա փորձում ենք ապացուցել, որ էստակադայի ուժեղացումը, միանշանակ, հնարավոր է եւ այն մեծ ծախսեր չի պահանջում, իսկ թե որքան դա կարժենա, հարկավոր է հաշվարկել, եթե նման պատվեր ստանանք, կկատարենք»,-եզրափակեց նա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս