«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած աղմկահարույց միջադեպը՝ Շանթի Յուրայի տան վրա հարձակումը, այժմ քննում է Հատուկ քննչական ծառայությունը: Իսկ հասարակության հետաքրքրասեր աչքերն էլ քննում են զարգացող իրադարձությունները եւ սպասում, որ սպանված Գեւորգ Սարգսյանի հարազատները հայտարարությամբ հանդես կգան, չէ՞ որ Յուրա Ղարիբյանի տանը տեղի ունեցած իրադարձությունների պաշտոնական «մեկնություններին» շատերը չհավատացին: Խոսակցություններ էին պտտվում նույնիսկ, որ դեպքերը բեմադրված են, եւ որ գործարար Շանթի Յուրան սպանության պահին տանն է գտնվել: Հայտնի գործարարը եւ նրա տանը վնասազերծված 39-ամյա Գեւորգ Սարգսյանը հարեւաններ են:
Երեկ մենք հանդիպեցինք սպանված Գեւորգ Սարգսյանի մորը։ «Ոչինչ չունենք ասելու, տղայիս ոչ ոք հետ չի բերի, չգիտեմ մարդիկ ինչպես են մտածում»,- ասաց սեւազգեստ մայրը: «Հարգված մարդ էր, մինչեւ հիմա բոլորս էլ զարմացած ենք, թե ինչպես է նման բան պատահել»,- նշում են նրանց հարեւանները: Միաժամանակ պատմում են, որ ապահովված ընտանիք է Սարգսյանների ընտանիքը, գողության, ավազակային հարձակման վարկածին ոչ ոք չի հավատում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: