ԱՐԱՅԻԿՆ ԷԼ ԱՐԱՐԱՏԻ ԲԴԵՇԽՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեզ թվում էր, թե Հայաստանում բդեշխությունը մոտ 10 դար առաջ է վերացել: Պարզվում է՝ սխալվել ենք, որովհետեւ հիմա ամեն մի մարզում 1 կամ 2 բդեշխ է հայտնվել. Լիսկան՝ Սյունիքում, Կովալն ու Ծառուկյանը՝ Կոտայքում: Իսկ Արարատի մարզն ումի՞ց է պակաս: Այստեղ էլ վերջին տարիներին ինքնաբդեշխ է հռչակվել Ավշարի Արայիկը՝ նույն ինքը՝ ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը:
Ավշար գյուղում մեզ ասացին, որ բառացիորեն կրակն են ընկել Արայիկի ձեռքը. գյուղն ամբողջապես դարձել է նրա սեփականությունը, գործարանն էլ վերածվել է գրեթե ձրի աշխատուժի կենտրոնի, որովհետեւ նա չնչին գումարներ է վճարում մարդկանց՝ այսպես հարստահարելով նրանց: Եվ ոչ ոք չի կարող որեւէ բան ասել, որովհետեւ բողոքողներին ազատում են աշխատանքից: Բացի այդ՝ ո՞վ կարող է խոսել մի մարդու դեմ,  որի օբյեկտում արդեն մի քանի անգամ խաշ ուտելու է եկել երկրի նախագահը…
Իսկ մեր նախագահը, ինչպես գիտենք, սիրում է մտերմություն անել բացառապես մեծահարուստների հետ: Ա. Գրիգորյանն էլ աղքատներից չէ: Նա շարժական եւ անշարժ գույքի «մեծ պաշար» ունի: Միայն Երեւանում Գրիգորյանն ունի 2 բնակարան՝ 171.4 եւ 198.1 քմ մակերեսով, ավտոհանգրվան, ինչպես նաեւ մոտ 25 հա խաղողի այգի Արարատի մարզի Այգավան գյուղում, այգեգործական հողամաս Ուրցաձոր գյուղում, մի քանի հեկտարի հասնող հողամասեր եւ 679.31 քմ մակերեսով բնակելի տուն ու տնամերձ հողամաս հայրենի Ավշար գյուղում: «Ավշարի գինու գործարան» ՍՊԸ-ն պատկանում է նրան, գործարանի տարածքն ու հողերը եւս Գրիգորյանի անունով են գրանցված: Ըստ Գրիգորյանի հայտարարագրի՝ ընդհանուր առմամբ ՍՊԸ-ն Ավշար եւ Մխչյան գյուղերում ունի 4399.3 քմ մակերեսով շինություն եւ 4.47 հա հողատարածք: Որպես շարժական գույք` Գրիգորյանը հայտարարագրել է միայն 1999թ. արտադրության «ՎԱԶ 21213» մակնիշի ավտոմեքենան: Չնայած երթեւեկում է շքեղ ավտոմեքենայով, իրեն էլ 1-2 նման մեքենաներ են ուղեկցում: Հավանաբար թիկնապահներն են կամ էլ իր անձի անվտանգությունն ապահովող մարդիկ, ինչպես հիմա համեստաբար ասում են ոմանք…
2011թ. մարտի 1-ից մինչ 2012թ. նույն ժամանակահատվածը Ա. Գրիգորյանն ունեցել է 146 մլն 966 հազար 160 դրամի եկամուտ, որից 3 մլն 135 հազար 310 դրամն ԱԺ-ից ստացած աշխատավարձն է, 90 մլն 596 հազար 500 դրամը՝ «Ավշարի գինու գործարան»-ից ստացած շահաբաժինը, իսկ 53 մլն 234 հազար 350 դրամը նույն գործարանին վաճառած գյուղմթերքից ստացած եկամուտն է: Մարտի 1-ի դրությամբ Գրիգորյանն ունեցել է 1 մլրդ 2 մլն 300 հազար դրամ եւ 864 հազար դոլար: Տեղեկացնենք, որ Ա. Գրիգորյանը 2009թ. ունեցել է 110 մլն 72 հազար 40 դրամի եկամուտ, բացի դրանից՝ 48 մլն 395 հազար դրամի գույքային եկամուտ, իսկ 2010-ին՝ 216 մլն 312 հազար 959 դրամի եկամուտ: Ուրեմն միայն նրա հայտարարագրած դրամական միջոցներն անցնում են 3 մլն դոլարից: Ի դեպ, չնայած միլիոնատիրոջ համբավին՝ Գրիգորյանն ամեն ամիս բարեխղճորեն ստանում է պատգամավորի աշխատավարձը, թեեւ իր պատգամավորական կենսագրության մեջ երբեք հանդես չի եկել խորհրդարանական ամբիոնից եւ որեւէ օրենսդրական նախաձեռնություն չի հեղինակել:
Գրիգորյանը բազմազանության կողմնակցի համբավ ունի: Ճիշտ է, նա որեւէ խմբակցության կազմում չի ընդգրկվել, սակայն բոլորին է հայտնի, որ ՀՀԿ կողմնակիցն է: Ավելին, 2012-ի ընտրարշավի ժամանակ Արարատի մարզում փակցված նրա քարոզչական նյութերի վրա փայլում էր ՀՀԿ լոգոն, իսկ Սերժ Սարգսյանն էլ հրապարակավ կոչ էր անում ընտրել հենց նրան: Այստեղ գուցե զարմանալի ոչինչ չլիներ, եթե նախորդ գումարման ԱԺ-ում Գրիգորյանը չլիներ ՀՅԴ խմբակցության անդամ: 2012-ի ընտրարշավի ժամանակ էլ ՀՅԴ ղեկավարները համոզված էին, որ Գրիգորյանն իրենց մարդն է ու հենց իրենց համար է աշխատում: Բայց Գրիգորյանը հո միամի՞տ չէր, որ աշխատեր ընդդիմություն ներկայացող «Դաշնակցության» օգտին:
Ա. Գրիգորյանը 1989թ. ավարտել է ժողովրդական տնտեսության ինստիտուտը եւ նույն տարում աշխատանքի անցել, ինչպես ինքն է նշել կենսագրության մեջ, հարկային տեսչությունում որպես ավագ տեսուչ: Թերթեցինք ՀՀ հարկային տեսչության պատմությունն ու կարդացինք. «1991թ. հոկտեմբերի 2-ը համարվում է ՀՀ հարկային տեսչության ստեղծման օրը (ՀՀ նախարարների խորհրդի 1991թ. հոկտեմբերի 2-ի թիվ 585 որոշմամբ ՀՀ նախարարների խորհրդին առընթեր ստեղծվեց պետական հարկային տեսչությունը (ՊՀՏ)»: Այսինքն` 1989թ. Հայաստանում տակավին հարկային ծառայություն գոյություն չուներ: Ուրեմն որտե՞ղ է աշխատել 2003թ. օրենսդիր դարձած Ա. Գրիգորյանը: Ըստ ներկայացված կենսագրության` նա «1991-1994թթ. զբաղվել է մենատնտեսությամբ: 1984թ.՝ Արարատի մարզի Ավշարի գինու գործարանի խորհրդի նախագահն» է: Համարենք, որ 1984թ.-ն վրիպակ է, բայց զարմանալին այն է, որ մենատնտեսը տեր է դարձել գինու, իսկ հետո էլ՝ պահածոների գործարաններին:
Ի դեպ, նրա «հարուստ» կենսագրությունից եւ հարստանալու պատմությունից հաջողվեց պարզել հետեւյալը. Ա. Գրիգորյանի հայրը՝ խորհրդային տարիներին Ավշարի մթերման գրասենյակի տնօրեն Թեմուր Գրիգորյանը, ժամանակին լավ հարաբերություններ է ունեցել Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի հետ: Թեմուր Գրիգորյանի մահից հետո արդեն նորանկախ Հայաստանում, երբ հայկական գինու շուկան խիստ սահմանափակ էր, որովհետեւ փլուզվել էր Խորհրդային Միության տնտեսական միասնական շուկան, Ավշարի մթերման գրասենյակը սնանկացման եզրին էր հայտնվել, եւ ՀՀ կառավարությունը պետական ունեցվածքի սեփականաշնորհման փուլում որոշել էր մասնավորեցնել նաեւ այդ գործարանը: Այդ ընթացքում Ա. Գրիգորյանը տեղափոխվել էր Մոսկվա, որտեղ անհաջող կերպով փորձում էր իր ու ընտանիքի հոգսերը հոգալ: Այն ժամանակ Վ. Սարգսյանի կրտսեր եղբայր Արմեն Սարգսյանը, որն Արմավիրի պահածոների գործարանի բաժնետերերից մեկն էր, նկատի ունենալով, որ Ա. Գրիգորյանն իր հոր ընկերոջ որդին է, գործարանից պահածոյի խմբաքանակ էր ուղարկում Մոսկվա, որ Ա. Գրիգորյանն իրացներ:
Սեփականաշնորհման փուլում, երբ հերթը հասել էր Ավշարի գինու գործարանին, Ա. Սարգսյանը Ա. Գրիգորյանին համոզել էր Մոսկվայից վերադառնալ Արարատ, անգամ օգնել էր փակել նրա կուտակած պարտքերը եւ խոստացել, որ միասին կաշխատեն: «Ավշարի գինու գործարան»-ը սեփականաշնորհվել էր, եւ բաժնետոմսերը գնել էին Ա. Սարգսյանը հոր՝ Զավեն Սարգսյանի անունից ու Ա. Գրիգորյանը, որ դարձել էր «Ավշարի գինու գործարան»-ի խորհրդի նախագահ: Իսկ թե ով էր վճարել բաժնետոմսերի գումարը, հայտնի չէ:
Ի դեպ, վերջերս էլ Արայիկ Գրիգորյանը կամենում էր իր գյուղապետ աշխատած եղբորը դարձնել Արարատի մարզպետ: Ասում են, որ հարցը դեռ օրակարգից հանված չէ…

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս