ՀԱՄԱԿԱՐԳԻՉԸ՝ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱ՞Ռ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 24-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասի թիվ 6 դպրոցի բակում տեղադրված պտտաձողից (տուռնիկ) կախվելու միջոցով ինքնասպանություն էր գործել Հայկ Հայրապետյանը: Ըստ տեղեկությունների՝ նա այդ քայլին գնացել էր մեկ այլ տղայի սիրելու պատճառով: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն,  տղայի մայրը  բացառեց, որ իր որդին ինքնասպան է եղել ինչ-որ տղայի համար: Նա այլ կասկածներ ունի:
Հաշվի առնելով այն փաստը, որ հանրապետությունում ինքնասպանությունների թիվը բավական շատ է, եւ թվում է՝ այլեւս զարմանալու բան չկա, այնուամենայնիվ, այս դեպքն արտառոց է այնքանով, որ, ըստ տարածված տեղեկությունների, 25-ամյա Հայկն ինքնասպանություն է գործել մեկ այլ տղայի՝ 20-ամյա Սամսոնի սիրուց դրդված: Հայկը «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցի միջոցով նամակներ է ուղարկել եւ ցանկություն հայտնել հանդիպել Սամսոնին: Սակայն մշտապես մերժումներ է ստացել: Քննչական մարմինը հայտնաբերել է նաեւ ինքնասպան եղածի համակարգիչը եւ պարզել, որ ինքնասպանություն գործելուց առաջ էլ նա նույն Սամսոնին նամակ է գրել՝ հայտնելով, թե ինքնասպան կլինի:
Սակայն մինչ օրս Հայկի մոր` Անահիտ Ռոստոմյանի, ինչպես նաեւ նրանց հարեւանների ու հարազատների համար կատարվածն անհավատալի է:
«Ժողովուրդ»-ը դեպքից ամիսներ անց փորձեց նախ անձամբ Հայկի մորից պարզել, թե ինչ ընթացքի մեջ է գործը, եւ ինչը կարող էր դրդել երիտասարդին՝ ինքնասպանություն գործել: Մայրը պատմեց, որ Երեւանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանող Հայկը տան միակ զավակն էր: Եվ միակ տարօրինակ բանը, որ նկատվել է Հայկի մոտ, համակարգչից ունեցած կախվածությունն է եղել. նա օր ու գիշեր համակարգչից այն կողմ չի գնացել: «Տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ տղաս իբր մի տղայի է սիրել: Նա այդ մարդը չէր ու նման տեսակի մարդկանց չէր ընդունում: Ավելի շատ ընկերներ ուներ: Ս. Ս.-ն, որ գրված է եղել մամուլում, իմ տղայի ընկեր Սամսոնն է, որը ոչ շատ հաճախ, բայց մեր տուն եկել-գնացել է, եւ բացի Սամսոնից, տղաս ուրիշ շատ այլ ընկերներ էլ ուներ»,-տեղեկացրեց տիկին Անահիտը:
Նրա խոսքով՝ ինքը մշտապես նախատել է տղային՝ ասելով, որ այդ համակարգչից քիչ օգտվի, սակայն ապարդյուն: «Մինչ բանակ գնալը մի աղջկա էր սիրում, անունը Նարե էր: Բայց մինչեւ եկավ, այդ աղջիկն ամուսնացավ: Նրա ամուսնանալուց հետո տղաս անընդհատ թուրքական ֆիլմեր էր նայում եւ հատկապես այնպիսի ֆիլմեր, որ աղջիկը տղայի համար  ինքնասպան է լինում կամ հակառակը: Ինձ ասում էր, թե՝ մա՛մ, նայի՛, տե՛ս՝ ինչ լավ կինո է: Հետո նկատեցի, որ սարսափ ֆիլմեր էր շատ նայում ու այդ համակարգչի առաջ նստելով՝ դարձել էր լռակյաց, բան չէր խոսում»,-պատմեց մայրը:
Պարզվում է, սակայն, որ փետրվարի 24-ի դժբախտ պատահարը Հայկի կյանքում առաջին ինքնասպանության փորձը չի եղել. «Իր բոլոր ընկերները՝ Ալիկը, Աբոն, Սամսոնը, պատմել են ինձ, որ նա միշտ ասել է, թե ինքն ինքնասպան կլինի: Իր ընկերներից մեկին էլ ասել է, թե այդ քայլին կգնա, քանի որ մի աղջկա է սիրում, որն ամուսնացած է: Նույնիսկ ընկերներին մի անգամ ասել է, որ մի օր գնացել է, որպեսզի ինքնասպան լինի, բայց չի ստացվել: Ես հիշում եմ, որ մի օր եկավ, տեսա՝ աչքերը շատ կարմրած էին: Ասացի՝ Հա՛յկ, կարո՞ղ է խմել ես, ինձ ասաց՝ չէ՛, չեմ խմել, ու ես էլ խմիչքի հոտ չզգացի իր վրայից: Հիմա նոր եմ հասկանում, որ միգուցե այդ օրը փորձել էր, բայց չէր ստացվել»:
Մայրը պատմեց նաեւ, որ կարդացել է տղայի վերջին համակարգչային զրույցը Սամսոնի հետ եւ այնտեղ ոչ մի տարօրինակ բան չի նկատել. «Գրած էր. «Հիմա փող չունեմ հետս ընկերություն չե՞ք անում: Արի տենանք իրար: Ես ասել եմ չէ՞, որ մի օր գնալու եմ ինքնասպանության»: Հասկանո՞ւմ եք, դա ախր իր բոլոր ընկերներին է ասել»:
Ինչեւէ: Հիշեցնենք, որ Հայկն ինքնասպան էր եղել շարֆի միջոցով, որը կապել էր դպրոցի բակում տեղադրված ամենացածր պտտաձողից: Ու այս իրողությունը շատերին կասկածի տեղիք է տվել: Իսկ մայրը, ինչպես նշեց մեզ հետ զրույցում, երբեք այդ շարֆը չի տեսել որդու վրա: Ավելին, նրան տեղեկություն է հասել, թե այդ շարֆը տղային նվիրել է ընկերուհին` Անին: Թե ով է Անին, մայրն այդքան էլ լավ չի ճանաչում: Ընդամենը մեկ անգամ է տեսել նրան:
Տիկին Անահիտն ասաց, թե որդու մահվան գործի հանգամանքների ուսումնասիրությամբ անձամբ չի զբաղվում, քանի որ «սիրտ ու հավես չունի»:
Դե իսկ ոստիկաններն էլ դեպքից 2 ամիս անց պարզապես փակել են գործը: «Ոստիկանները եկան մեր տուն եւ հարցրին՝ բողոք ունեք, թե չէ: Հետո հայտնեցին, որ իմ տղայի վրա բռնության հետքեր չեն եղել, ինչը նշանակում է, որ իրականում նա ինքնասպան է եղել: Հիմա ես ի՞նչ բողոքեմ կամ ո՞ւմ դեմ բողոքեմ: Ինձ համար կատարվածը շատ անհավատալի է: Մինչ օրս չեմ հավատում, որ նա կգնար այդ քայլին»,-նշեց տիկին Անահիտը՝ ընդգծելով նաեւ, որ իր տղան թշնամիներ չի ունեցել:
Այսպիսով՝ 25-ամյա Հայկի ինքնասպանության դրդապատճառներն այդպես էլ անհայտ մնացին: Ափսոս նրա երիտասարդ կյանքը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս