Երգչուհի Լիլիթ Կարապետյանի համար տարին մեկնարկելուն պես սկսվել են բուռն աշխատանքային գործընթացները: Նա պատրաստվում է մեկնել Մոսկվա` իր նոր` «Քեզ հետ» երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանելու նպատակով: Երգն (երաժշտության հեղինակ` Ռիչարդ Մադլենյան, խոսքերի հեղինակ` Սվետլանա Բոսնոյան, գործիքավորումը` Էդգար Ալեքսանյանի) արդեն տարածվել է համացանցում եւ, ինչպես Լիլիթն է ասում, արժանացել է դրական արձագանքների.
«Ես այն առաջին անգամ կատարել եմ «Տաշի շոուի» ժամանակ: Չէի ուզենա, բայց դրանից կարճ ժամանակ անց այն հայտնվեց համացանցում: Այս երգի տեսահոլովակը կտարբերվի իմ նախորդ տեսահոլովակներից, քանի որ այն նկարահանվելու է ռուս ռեժիսորի կողմից, ընտրվելու են նաեւ ռուս պարուհիներ, այսինքն` ընդհանուր ձեռագիրը բոլորովին այլ է լինելու: Ի դեպ, տեսահոլովակի սցենարը գրել եմ ես: Վաղ հասակից զգացել եմ, որ ունեմ այդ ջիղը, սակայն երբեւէ չէի կիրառել այն գործնականում: Գործընկերներս ասում են, որ այս տեսահոլովակը ինձ երկրորդ շունչ է հաղորդելու… Տեսնենք»,- «Ժողովուրդ»-ին պատմեց երգչուհին:
Մեր այն հարցին, թե արդյոք այս նոր տեսահոլովակում էլ Լիլիթը հանդես կգա ցանկալի կնոջ կերպարում, վերջինս պատասխանեց. «Դե, բնականաբար: Երեւի դա չի լինի այն պահից, երբ ես հասկանամ, որ այդ կերպարում ներկայանալու իրավունք չունեմ, այսինքն` երբ արդեն այն պահը վրա հասնի, որ, իրոք, տարիքն իրենն անի: Իսկ ես շատ իրատես եմ, եւ այդ հարցին նորմալ եմ վերաբերվում` գիտակցելով, որ ամեն բան իր ժամանակն ունի: Հիմա եւ դեռ մի քանի տարի էլ դեռ կարող եմ ինձ թույլ տալ հանդես գալ այդ կերպարում: Իմ արտաքինից տարիքս չի էլ երեւում. այդ առումով ես նման եմ դրսի արտիստներին, որոնք շատ ուշ են ծերանում: Բայց պետք է ասեմ, որ դրա համար ես ոչ մի հատուկ բան չեմ ձեռնարկում»:
Լիլիթ Կարապետյանը, խոսելով 2016թ. ծրագրերի մասին, նշեց, որ ցանկանում է այս տարի երկու նոր երգ եւ համապատասխան տեսահոլովակներ ունենալ, քանի որ երգարվեստի ներկայացուցչի համար շատ կարեւոր է հունի մեջ մնալը:
Աննա Բաբաջանյան