Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը ներկայացրեց երկրում առկա անասնահամաճարակային իրավիճակն ու խնդիրները՝ մասնավորապես ՀՀ-ից ՌԴ կենդանական ծագման մթերքի արտահանմանը:
Մկրտչյանը, խոսելով Հայաստանում դաբաղ հիվանդության տարածման մասին, ասաց, որ հիվանդությունը Թուրքիայից օդակաթիլային ճանապարհով է ներթափանցել Հայաստան եւ այն նոր տեսակի է:
«Սա դաբաղի նոր տեսակ է, և հիվանդությունը գրանցվելուց հետո մեր լաբորատորիայում իրականացված հետազոտությունից հետո նմուշառումն ուղարկել ենք ՌԴ-ի կենդանիների առողջության գիտահեազոտական ինստիտուտ, որպեսզի հասկանանք, թե այդ նոր տիպն է, թե՞ առավել հայտնի տիպը: Պատասխանը ստացել ենք հունվարի 14-ին, որով հաստատվել է, որ հարուցիչը հիվանդության նոր տեսակն է»,- ասաց նա:
Հովհաննես Մկրտչյանը պնդմամբ հիվանդության առկայության մասին գյուղնախարարությունը չի թաքցրել:
Անդրադառնալով ՌԴ-ի կողմից Հայաստանից ներմուծվող կաթնամթերքի եւ մսամթերքի արգելքին` Մկրտչյանն ասաց, որ այն տարածվում է միայն ՌԴ կենդանիների մուտքի վրա: