Հայաստանի քաղաքական դաշտը գնալով սկսում է ավելի ու ավելի ակտիվ նախապատրաստվել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, եւ, ինչպես միշտ, այս նախընտրական փուլում եւս քաղաքական ուժե]ժրի մեծ մասը սկսել է դիրքավորվել` փորձելով տեղ զբաղեցնել արեւմտամետ կամ ռուսամետ քաղաքական ուժերի շարքում:
Հայաստանի քաղաքական ուժերի բաժանումը արեւմտամետի եւ ռուսամետի ցայտուն արտահայտվում է վերջին 15 տարիներին: Ավելին՝ այդ բաժանումն առավել ցայտուն դարձավ 2004-2005 թվականներին Վրաստանում եւ Ուկրաինայում տեղի ունեցած գունավոր հեղափոխություններից հետո: Ռուսական քարոզչությունը պնդել եւ պնդում է, որ գունավոր հեղափոխությունները տեղի են ունեցել արեւմուտքի անմիջական աջակցությամբ:
Արդյունքում՝ Հայաստանի ընդդիմադիրներից շատերը սկսեցին ներկայանալ իբրեւ արեւմտամետ քաղաքական ուժեր` հույսով, որ գուցե արեւմուտքը մի օր իրենց «չարչարանքները» նկատի եւ հայկական գունավոր հեղափոխությամբ իրենց դարձնի իշխանություն: Սակայն բոլոր այդ սպասումները երբեւէ չարդարացան, եւ արեւմտամետները ստիպված են ամեն անգամ ականատես լինել, թե ինչպես է իրենց հույսի աղբյուր արեւմուտքը ընտրությունից ընտրություն գործարքի գնում ՀՀ իշխանությունների հետ` աչք փակելով Հայաստանում կիրառվող ռեպրեսիանների, այդ թվում նաեւ ցուցարարների գնդակահարությունների վրա:
Բայց դա չէր խանգարում, որ մինչեւ 2012 թվականը Հայաստանի ընդդիմադիրները շարունակեն դիրքավորվել արեւմտամետի դիրքերում: Իսկ 2012-ի աշնանը, երբ արդեն թվում էր, թե անխուսափելի է, որ ՀՀ իշխանությունները կստորագրեն ասոցացման համաձայնագիրը, Հայաստանի ընդդիմության մի մասը սահուն անցում կատարեց ռուսամետության դաշտ` իրեն դաշնակից վերցնելով իշխանական քաղաքական ուժերից մեկին, որն այդ ժամանակ զրկվել էր նախկինում տնօրինած իշխանական լծակների մի մասից:
Հաշվարկը շատ պարզ էր. Ռուսաստանը ՀՀ իշխանությունների վրա զայրացած է: Նման պայմաններում եթե Հայաստանի ընդդիմությունը կարողանար ՌԴ ղեկավարությանը համոզել, որ ինքն ավելի հավատարիմ գործընկեր կլինի, ապա կկարողանա հյուսիսային արջի օգնությամբ դառնալ ՀՀ իշխանություն: Այս սցենարն այնքան իրատեսական էր թվում, որ դրա իրագործմանը լծվեցին նաեւ նախկինում ուղնուծուծով արեւմտամետ կուսակցության համարում ունեցող քաղաքական ուժերից մի քանիսը:
Ինչպես ավարտվեց այս գործընթացը, բոլորը հիշում են. նախ՝ Սերժ Սարգսյանը 2013-ի սեպտեմբերի 3-ին մեկ գիշերում մտափոխվեց եւ հայտարարեց Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու մասին, իսկ հաջորդած երկու տարիներին ՀՀ իշխանություններն ընդդիմության այդ հատվածին, կարելի է ասել, ոչնչացրեցին:
Շուրջ տասնհինգ տարվա դառը պատմական փորձից հետո Հայաստանի ընդդիմադիրների մի մասը այսօր էլ շարունակում են քաղաքական դաշտում «…մետերի» դաշտերում դիրքավորվել:
Նրանք այդպես էլ չեն փորձում մեկ պարզ հարցի պատասխանել՝ ինչու բոլոր տեսակի «…մետերին» չի հաջողվում իշխանության գալ, ինչպես է ստացվում, որ լինի Ռուսաստանը թե Արեւմուտքը, միեւնույն է՝ երբեւէ գործող իշխանությունների շահերին լուրջ չեն հակառակվում:
Ավելին՝ իրականությունն այն է, որ ցանկացած «…մետություն» ուղղակի օդ ու ջրի պես պետք է ՀՀ գործող իշխանություններին: Քաղաքական ուժը ռուսամետ թե արեւմտամետ կլինի, էական չէ, «…մետությունն» այդ ուժին հնարավորություն չի տա Հայաստանի զարգացման իրական ծրագրով հանդես գալ: Իսկ նման պայմաններում որեւէ քաղաքական ուժ չի կարողանա ՀՀ քաղաքացիների շրջանում գաղափարական լայն աջակցություն ունենալ, ինչը նրան անհրաժեշտ է իշխանություն դառնալու համար: «…Մետությամբ» տառապող ընդդիմադիր քաղաքական ուժերը լավագույն դեպքում կարող են ակնկալել, որ մարդիկ իրենց կսատարեն՝ հանուն իշխանություններին ոչ ասելու համար: Սակայն իշխանությունների «ինադու» քաղաքական աջակցությունը շատ կարճ եւ ոչ հետեւողական է լինում: Հենց այս պատճառով էլ մեկը մյուսին հաջորդած ընդդիմադիր շարժումները միշտ իշխանափոխությունից «հինգ պակաս» վիճակում են եղել եւ այդպես էլ չեն կարողացել վերջնական հաջողության հասնել:
Ի դեպ, «…մետությամբ» տառապող ընդդիմադիրներին անվանական անդրադառնալուց ձեռնպահ ենք մնում, որպեսզի վերը գրվածը չընկալվի իբրեւ որեւէ քաղաքական ուժի հակաքարոզչություն: Մյուս կողմից էլ չի կարելի չխոսել հայկական ընդդիմադիրների «հիվանդության» մասին, քանի որ այն տարիներ շարունակ մսխում է մեկը մյուսին հաջորդող քաղաքական ուժերին, արդյունքում Հայաստանից եւս մի «կտոր» է պոկվում` արտագաղթող քաղաքացիների տեսքով:
Վահագն Հովակիմյան