Պետության հաշվին զվարճանալու արդյունքը. ինչի կհասնեն այսօր ԵԽԽՎ-ում խանութներում թրև եկող հայ պատգամավորները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր ԵԽԽՎ-ում պետք է քվեարկության դրվեն երկու հակահայկական զեկույցներ՝ «Բռնության աճը ԼՂ եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» եւ «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» վերնագրերով: ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը մեկնարկել է երեկ եւ ձգվելու է մինչեւ հունվարի 29-ը: Այս իրավիճակի պատասխանատուն ԵԽԽՎ հայկական պատվիրակությունն է՝ ի դեմս ղեկավար Հերմինե Նաղդալյանի եւ եվրոպական կառույցներում ներկայացված մյուս բոլոր ԱԺ պատգամավորների, որոնք եվրոպացի գործընկերների հետ աշխատելու, հայկական դիվանագիտական թեզերը քարոզելու փոխարեն եվրոպական երկրներ գնալիս զվարճանում են եւ թրեւ գալիս խանութներում՝ վերջում համացանցում իրենց լուրջ դեմքով նկարներից տեղադրելով:

Այսինքն՝ խորհրդարանական դիվանագիտությունը վաղուց ետին պլան է մղվել՝ փոխարինվելով «պետության հաշվին զվարճացողների» ինստիտուտի: Եւ հիմա նշված փաստաթղթերի «չեզոքացման» գործընթացը «չոքել է» բոլորիս դռանը ու ՀՀ նախագահի նստավայրից հերթով սկսել են հրահանգներ իջեցնել՝ ով ինչպես պետք է աշխատի, ում հետ հանդիպի՝ դրական արդյունք ապահովելու համար:

Իշխանության հատկապես երիտթեւը անգլերենի իմացությունը միջանցքներում «ճոճելով»՝ գործի է անցել՝ փորձելով ապացուցել նախագահականին, որ եվրոպական «ֆրոնտում» իրենք մրցակից չունեն: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ այս նպատակով հատուկ խումբ է ձեւավորվել, որի աշխատանքները ղեկավարում է ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Բեքարյանը: Վերջինս ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ չէ, բայց եվրոպական կառույցների հետ շփման մեծ փորձ ունի, ինչն էլ ՀՀ իշխանությունները փորձում են օգտագործել հակահայկական զեկույցների ընդունումը տապալելու գործում: Զեկույցների դեմ պայքարի դրոշակակիրներից են նաեւ ՀՀԿ խմբակցության անդամներ Սամվել Ֆարմանյանը եւ Նաիրա Կարապետյանը, որոնց նույնպես ընդունված է համարել իշխանության երիտթեւի ներկայացուցիչներ: Բացի այդ՝ երեկ Ստրասբուրգ են մեկնել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը եւ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Եթե իշխանական երիտթեւին հաջողվի այս՝ անհույս թվացող իրավիճակը դրական հանգուցալուծել, ապա այդ փաստը բավական լուրջ հաղթաթուղթ կդառնա նրանց ձեռքին ներիշխանական ապագա խմորումներում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս