ԲԱՑԻԼԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության ծրագրի քննարկումները խորհրդարանում ավարտվեցին բավական թեժ մթնոլորտում:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը բավական կոշտ ելույթ ունեցավ. մեջբերելով կառավարության ձախողումներն ապացուցող վիճակագրական ցուցանիշներ՝ հայտարարեց. «Եթե դուք համարձակվում եք այսքան հանցագործություններից եւ ձախողումներից հետո հայցել խորհրդարանի վստահության քվեն, ապա մենք կարծում ենք, որ պատասխանը կստանաք ոչ թե մեզանից, այլ ՀՀ ժողովրդից»: Իշխանություններին սա դուր չեկավ, եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հակահարված տվեց. «Լեւոն Զուրաբյանն առաջին նախագահին երկրորդական մարդ դարձրեց: Բացիլային քաղաքականությամբ ուզում է ջերմություն ստեղծել… Զրոյի կարգավիճակով գալ զրոյացնել ողջ գործընթացը, իմաստը ո՞րն է… Զրո եք, զրոները ճանապարհ չունեն, իսկ մեր թիմը նույն կերպ պետք է գնա»: Գ. Սահակյանը չմոռացավ անդրադառնալ նաեւ ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանին ու «Ժառանգություն»-ից Զարուհի Փոստանջյանին: Վ. Հովհաննիսյանի հասցեին ասաց, որ եթե Սերժ Սարգսյանը չլիներ, «բա հլա դուք ի՞նչ կանեիք». «Ես գոնե բոլոր տիպի կապերին տիրապետում եմ։ Հետո իմ շուլուխը Վահանի հանճարին վնաս չի»։ Իսկ Զ. Փոստանջյանին էլ հակադարձեց. «Առաքինի տիկնոջը հիշեցնում են, որ Ազգային ժողովը մայրուղի չէ, որ մեքենան այստեղ կանգնեցնի, իսկ չկանգնեցնելու դեպքում էլ դժգոհի»:
Քանի որ երեկվա նիստին ներկա չէին ո՛չ Զ. Փոստանջյանը, ո՛չ Վ. Հովհաննիսյանը, վարման կարգի վերաբերյալ ձայն վերցրեց միայն Լ. Զուրաբյանն ու հակադարձեց ՀՀԿ-ականին. «Ինձ դուր է գալիս այն հանգամանքը, որ Դուք նյարդայնացել եք: Դուք սովոր էիք գողանալ, չարաշահել եւ դրա մասին չլսել: Այսուհետեւ դուք շարունակելու եք գողանալ, չարաշահել, բայց լսելու եք դրա մասին»:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, անդրադառնալով ընդդիմության հասցեին «զրո» որակմանը, հակադարձեց. «Եթե ինքն ասում է, որ ընդդիմությունը զրոյի է հավասար, ապա ասենք՝ ո՞ր մի խելոքն է զրոյի դեմ ողջ թիմով էդքան պայքարում»:
Նշենք, որ ԱԺ 6 խմբակցություններից 4-ը` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ը, դեմ քվեարկեցին կառավարության ծրագրին, իսկ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը` կողմ: Արդյունքում՝ ծրագիրն ընդունվեց 76 կողմ, 41 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Ա. ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս