ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊԱՐՏՔ Է
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մայիսի 16-ին հրդեհված «Սպայկա» ընկերությունը մոտ 50 միլիոն դրամ պարտք է եղել Գեղարքունիքի մարզի բնակիչներին, որոնցից կարտոֆիլ է մթերել: Ընկերության պահեստների հրդեհից հետո տնօրինությունը անելանելի վիճակում է, ու դեռ պարզ չէ, թե ինչպես կարող են վերադարձնել գյուղացիների պարտքերը: Մինչեւ ընկերության հրդեհվելը «Սպայկա»-ն խոստացել էր քիչ-քիչ մարել գումարը: Երեկ Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե ընկերությունը մարում է գյուղացիների պարտքը: «Այժմ 9.5 միլիոն դրամ է մնացել»,-նշեց մեր զրուցակիցը: Պարզեցինք նաեւ, որ «Սպայկա»-ն 7 համայնքի բնակիչների դեռ պարտք է:

ԴԱՌԸ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ, խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման մասին, հայտարարել է, թե իրենք միշտ էլ կարող են ռազմական գործողությունների դիմել, սակայն ցանկանում են հարցը խաղաղ ճանապարհով լուծել: Նրա խոսքով՝ Հայաստանը գնալով թուլանում է, ինչը հօգուտ իրենց է: «Մենք պետք է շարունակենք Հայաստանին մեկուսացված պահել բոլոր միջազգային ծրագրերից: Մեր այդ ռազմավարությունն արդյունավետ է: Պաշտոնական վիճակագրության համաձայն` Հայաստանը տարեկան լքում է 80-100 հազար մարդ, եւ այդ մարդիկ Հայաստանը լքում են ընդմիշտ` զրոյին հավասարեցնելով երկրի տնտեսության վերածնունդի հեռանկարները»,-նշել է Ալիեւը` հավելելով, որ 5-7 տարի հետո իրենց երկրի բնակչությունը տասնապատիկ ավելին կլինի ՀՀ-ից: Ցավոք սրտի, Ալիեւի հայտարարությունների մեջ կա նաեւ որոշակի ճշմարտություն. ՀՀ-ում թափ առած արտագաղթը մտահոգիչ է: Բայց մյուս կողմից հարկ է հիշել, որ 1990-ականների սկզբում էլ Ադրբեջանը ե՛ւ թվաքանակով, ե՛ւ զինված ուժերի քանակով, ե՛ւ զինվածության աստիճանով գերազանցում էր Հայաստանին, բայց պարտվեց պատերազմում, քանի որ Հայաստանում պայքարի ոգին բարձր էր, եւ հաղթեցինք հենց մեր ոգու շնորհիվ:

ՆՍՏԱՑՈՒՅՑ ԵՆ ԱՆԵԼՈՒ
Երեկ Ազատության հրապարակում կրկին հավաքվել են նստացույց հայտարարած ազատամարտիկները: Հիշեցնենք, որ մայիսի 11-ին նստացույց էր սկսել ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը` պահանջելով վերանայել զինծառայողների կենսաթոշակի հաշվարկման կարգը: Ավետիսյանին են միացել նաեւ մի խումբ այլ ազատամարտիկներ: «Այս հարցի հետ կապված՝ ես ՀՀ կառավարությունից դեռ պատասխան չեմ ստացել: Երբ հետաքրքրվում ենք, պատասխանում են, որ ֆինանսների նախարարությունը զբաղվում է այս հարցով: Ունենք ոչ պաշտոնական տեղեկություն, ըստ որի՝ կառավարությունը որոշել է 25%-ով բարձրացնել ազատամարտիկների թոշակը: Մոտ օրերս Ազատության հրապարակում պատրաստվում ենք նստացույց անել: Նույնիսկ գիշերներն ենք մնալու այնտեղ»,-ներկայացրեց Վ. Ավետիսյանը:




Լրահոս