«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ նախօրեին՝ գիշերը, ոստիկանության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի բաժնում ծեծկռտուք է տեղի ունեցել: Մեր տեղեկություններով՝ ոստիկանապետ Տիգրան Գալստյանի աշխատասենյակում ծագած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում ծեծել են անգամ Վարդենիսի բաժնի ոստիկաններին: Իսկ ծեծողները եղել են գեներալներից մեկի «տղաները»:
Երեկ զրուցեցինք Վարդենիսի ոստիկանապետ Տիգրան Գալստյանի հետ՝ պարզելու, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Ոստիկանապետի ներկայացմամբ` վիճաբանությունը դրսում է եղել, իսկ իրենք ընդամենը միջամտել են այն հարթելու նպատակով: «Ինչի՞ համար պետք է իմ աշխատասենյակում նման բան լինի, մի քանի հոգի դրսում վիճաբանություն են արել, որի համար բերման ենք ենթարկել ոստիկանություն ու նյութեր ենք նախապատրաստել: Վերջ, այսքանը: Որեւէ լուրջ վիճաբանություն եւ այն էլ` իմ աշխատասենյակում, չի եղել»,-վստահեցրեց նա:
Իսկ հարցին, թե որն է եղել վիճաբանության պատճառը, Տ. Գալստյանը պատասխանեց. «Երկու մեքենա փողոցում իրար են հարվածել, որի պատճառով սկսել են միմյանց հետ վիճաբանել: Մենք էլ ահազանգ ենք ստացել ու գնացել դեպքի վայր: Ոստիկաններին չեն ծեծել, իրականում որեւէ ծեծ չի էլ եղել: Ուղղակի մի բան նշեմ, որ վարդենիսցիները սովորություն ունեն չոփը գերան սարքել»:
Մեր ճշտող հարցին, թե արդյոք վեճը հրահրողները եղել են գեներալներից մեկի «տղաները», որոնք վիճաբանելիս հայտարարել են, թե իրենց բոլորը ճանաչում են, ու որեւէ մեկն իրավունք չունի իրենց որեւէ բան ասել, Տ. Գալստյանը պարզաբանեց. «Որեւէ նման բան չկա, ընդամենը վիճաբանողների մեքենայի մեջ երկու հոգի եղել են Էջմիածնի բնակիչներ, որոնք հյուր են եկել Վարդենիս: 20-21 տարեկան երեխաներ են եղել: Ում տուն որ իրենք Վարդենիսում հյուր են եկել, նրանց մեքենայի մեջ են եղել: Այդ մեքենան փողոցում խփել է Վարդենիսի բնակչի մի մեքենայի: Այնտեղ ընդամենը մոտավորապես 2 հազար դրամի բան է վնասվել, բայց դրանից հետո իրար հետ վիճաբանություն է սկսվել: Մենք շատ արագ ինֆորմացիա ենք ստացել, կանխել ենք այդ վիճաբանությունը, ու նրանք բոլորը ոստիկանության բաժին են բերման ենթարկվել: Ինչ պետք է արվեր, արվել է օրենքի շրջանակներում, այնուհետեւ ստորագրությամբ նրանց բաց ենք թողել: Իսկ այժմ քննություն է կատարվում»:
ԷՋՄԻԱԾԻՆՑԻՆԵՐԸ ԿՌԻՎ ԵՆ «ՍԱՐՔԵԼ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ