Մայիսի 25-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացավ եվրոպական ֆուտբոլի 2012-2013թթ. մրցաշրջանի գլխավոր իրադարձությունը` Չեմպիոնների լիգայի եզրափակիչը: Դրամատիկ պայքարում Մյունհենի «Բավարիա»-ն 2:1 հաշվով հաղթեց Դորտմունդի «Բորուսիա»-ին:
Իսկ հայ ֆուտբոլասերներին արդեն ավելի շատ հետաքրքրում է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների մարզավիճակը: Բանն այն է, որ արդեն հունիսի 7-ին մեր ընտրանին կընդունի Մալթայի ազգային ընտրանուն, իսկ հունիսի 11-ին արտագնա խաղում ուժերը կչափի Դանիայի հավաքականի հետ: ՀՖՖ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստանի եւ Մալթայի ազգային հավաքականների հանդիպման տոմսերը վաճառքում են մայիսի 25-ից: Տոմսերի արժեքը 3-8 հազար դրամ է:
Ըստ Դոնեցկի «Մետալուրգ»-ի պաշտոնական կայքի` ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Մետալուրգ»-ի ֆուտբոլիստներ Գեւորգ Ղազարյանն ու Կառլեն Մկրտչյանը հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական` մասնակցելու վերոնշյալ երկու հանդիպումներին: Ավելի վաղ հավաքական էին հրավիրվել Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանն ու Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Ի դեպ, Կրասնոդարի «Կուբան»-ը, որի կազմում հանդես էին գալիս Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ Արաս Օզբիլիսն ու Մարկոս Պիզելին, ապահովել է իր ելույթները հաջորդ մրցաշրջանում` Եվրոպայի լիգայի մրցաշարում: Բայց, ինչպես հայտնում է Կրասնոդարի համանուն թիմի պաշտոնական կայքը, Մարկոս Պիզելին տեղափոխվել է «Կրասնոդար»: Եվ դա պատահական չէ. վերջին շրջանում Մարկոսը հազվադեպ էր տեղ գտնում «Կուբան»-ի հիմնական կազմում:
Մոսկվայի «Սպարտակ»-ը նույնպես Եվրոպայի լիգայում հանդես գալու իրավունք նվաճեց, իսկ մեր հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը 13 գնդակով «Կրասնոդար»-ի բրազիլացի հարձակվող Վանդերսոնի հետ միասին ճանաչվեց Ռուսաստանի 2012-2013թթ. լավագույն ռմբարկու: Արաս Օզբիլիսը Կրասնոդարի «Կուբան»-ի կազմում աչքի է ընկել 9 անգամ եւ իր ակումբակից Իվելին Պոպովի, «Ալանիա»-ի հարձակվող Դանիլո Նեկոյի եւ Կազանի «Ռուբին»-ի խաղացող Բիբրաս Նատխոյի հետ բաժանել է 11-14-րդ տեղերը:
Այժմ տեղափոխվենք Ուկրաինա: Ուկրաինացի երգչուհի Գայտանան Դոնեցկի «Շախտյոր»-ի չեմպիոնական տոնախմբության ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ կատարեց «Ով սիրուն, սիրուն» երգը: Հիշեցնենք, որ մինչ այդ երգչուհին հայտարարել էր, որ եթե Մխիթարյանը 25 գոլ խփի Ուկրաինայի 2012-2013թթ. առաջնությունում, ապա ինքը կերգի հայերեն: Ուկրաինական Պրեմիեր լիգայի վերջին տուրում 24-ամյա Հենրիխը գրավեց իր նախկին թիմի՝ Դոնեցկի «Մետալուրգ»-ի դարպասը՝ առաջնությունն ավարտելով 25 գոլով: Բացի այդ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը դարձավ առաջնության լավագույն ռմբարկու՝ սահմանելով Պրեմիեր լիգայի ռմբարկուական ռեկորդ:
ԵՎ ԵՐԳԵՑ ԳԱՅՏԱՆԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ