ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ Է ՀԱՄԱԳՅՈՒՂԱՑՈՒՆ
Մայիսի 27-ին՝ ժամը 22-ն անց 30 րոպեին, պարանոցի ձախ կեսի, ձախ բազկի, կրծքավանդակի ձախ կեսի կտրած-արյունահոսած վերքերով Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի  Դովեղ գյուղի բնակիչ, 1991 թվականին ծնված Ռոբերտ Սեւանի Ամիրխանյանը: Նրան Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո դուրս են գրել: Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնից տեղեկացանք, որ Ռ. Ամիրխանյանին դանակահարել է նրա համագյուղացին: Դեպքի առթիվ հետաքննություն է կատարվում, իսկ քրեական գործ կհարուցվի  կատարված արարքը որակելուց հետո: Ոստիկանությունից հայտնեցին նաեւ, որ կատարվածը միջանձնային չկարգավորված հարաբերությունների հետեւանք է: Դովեղը Նոյեմբերյան քաղաքից մոտ 5 կմ հեռավորության վրա գտնվող փոքր  գյուղ է,  եւ  այնտեղ նման միջադեպը կարելի է արտառոց համարել:

ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԵՎ «ATV»-Ի
Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչներ Արամայիս Աղաջանյանը, Մարգո Աղաջանյանը, Թեղուտ գյուղի բնակիչներ Սեյրան Աղաջանյանը, Կարինե Կոխլիկյանը  քաղաքացիների պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքելու պարտավորեցնելու պահանջով 2013թ. մարտի 12-ին հայց են ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Թեղուտ գյուղի բնակչուհի Սոնա Պետրոսյանի եւ «ATV» հեռուստաընկերության: Հայցվորները հայցադիմումի մեջ հայտնել են, որ Սոնա Պետրոսյանը, «ATV» հեռուստաընկերության «Կիսաբաց պատուհաններ» հաղորդաշարով անհիմն հերյուրանքներ տարածելով, իրենց խայտառակել է հանրության առաջ:
Մարտի 14-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանը, ուսումնասիրելով ներկայացված հայցադիմումը եւ կից փաստաթղթերը, որոշել է, որ դրանք ենթակա են վերադարձման, քանի որ հայցադիմումի մեջ չեն նշվել այն հանգամանքները եւ ապացույցները, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները: Դատավորն իր որոշման մեջ նշել է, որ հայցադիմումը վերադարձնելն արգելք չէ դրա մեջ առկա թերություններն ու խախտումները վերացնելուց հետո կրկին դատարան դիմելու համար: Հայցվորները մարտի 22-ին կրկին դիմել են դատարան: Սույն գործով երկրորդ նիստը կայացել է մայիսի 23-ին: Հաջորդ նիստը նշանակված է հուլիսի 3-ին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս