ԹԱՌԸ՝ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀՆՉՈՂՈՒԹՅԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրթությամբ պատմաբան, արվեստաբան ՄԻՔԱՅԵԼ ՈՍԿԱՆՅԱՆԻՆ բացահայտեցինք երեւանյան ակումբներից մեկում, որտեղ երիտասարդ երաժիշտը «Miqayel Voskanyan & Friends» խմբի հետ  թառ էր նվագում: ԵՊՀ-ի շրջանավարտը երաժշտությամբ զբաղվում է 6 տարեկանից: Միքայելը փորձել է նաեւ մասնագիտությամբ աշխատել, մեկ տարուց ավելի զբոսավար է եղել: Որպես ազատ ունկնդիր՝ հաճախել է նաեւ Կոնսերվատորիա: Երաժշտի խոսքով՝ արդեն 18 տարի է՝ թառ է նվագում: Երբ 6 տարեկանում գնացել է երաժշտական դպրոց, որոշել է ընտրել քամանչան, սակայն հետո, լսելով թառի ձայնը, մտափոխվել է:
-Մի քիչ կպատմե՞ք Ձեր խմբի մասին:
-«Miqayel Voskanyan & Friends» խումբը ձեւավորվել է 2011թ., բաղկացած է 6 երաժիշտներից` ես՝ թառահար, Դավիթ Մելքոնյան` սաքսոֆոն, Արման Պեշտմալջյան`  դաշնակահար, Գուրգեն Ղազարյան` բաս կիթառ, Էդուարդ Հարությունյան` պերկուսիա (էթնիկ հարվածային գործիքներ), Մովսես Ղազարյան` հարվածային գործիքներ: «VMA 2012» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել ենք «Տարվա լավագույն բենդ» մրցանակին: Մենք ներկայանում ենք էթնիկ-ջազ, ֆոլկ ֆյուժն երաժշտական ոճերում: Ստեղծագործությունները, որ կատարում է մեր խումբը, իմ հեղինակայինն են: Մեր մատուցած երաժշտությունը, ինչպես նաեւ գործիքավորումը, հիմնականում ժամանակակից հիմքի վրա են, որպեսզի այսօրվա երիտասարդությանը  հետաքրքրի, որ պատանիներն էլ ցանկանան  նվագել ազգային նվագարաններ: Այս դաշտը պետք է մի քիչ թարմացվի: Ըստ իս՝ վերջին 30-40 տարիների ընթացքում որոշակի կտրուկ փոփոխություն, ժամանակակից դարձնելու միտում չկա: 60-70 թվականներին Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների նվագախումբը շատ ավելի ժամանակակից էր հնչում: Հուրախություն ինձ ու ազգային նվագարաններ սիրողների՝ մեր ջանքերն ու աշխատանքն  արդյունք տալիս են: Շատերի համար թառ նվագարանը բացահայտում էր:
-Ինքս ներկա եմ եղել Ձեր ելույթներից մեկին ու զարմացա, երբ թառով ժամանակակից հնչողությամբ դասական երաժշտություն լսեցի:
-Թառն այնպիսի երաժշտական գործիք է, ինչպես աշխարհի բոլոր երաժշտական գործիքները: Ցանկության ու աշխատասիրության դեպքում հնարավոր է ամեն ինչ կատարել, նույնիսկ դասական ստեղծագործություններ: Թառը մեր տարածաշրջանի գործիք է, հակված եմ մտածել, որ հայկական է, քանի որ դեռեւս 7-րդ դարից այդպիսի տվյալներ կան: Պարսիկներն էլ ունեն թառի տեսակ, բայց այն կառուցվածքով ու նվագելու ձեւով տարբեր է:
-Երբ նոր էիք սկսել թառով հանդես գալ, ինչպիսի՞ն էր մարդկանց արձագանքը:
-Ե՛վ զարմանք, ե՛ւ հրճվանք կար, ավելի տարիքով մարդկանց մոտ՝ կարոտի զգացողություն: Առաջին համերգից հետո մեր խումբը միանգամից պահանջարկ ունեցավ: Մարդկանց հետաքրքրեց մեր երաժշտությունը, սկսեցին տարբեր տեղեր հրավիրել, կարծես ընկանք այդ հոսանքի մեջ, ու այդպես է մինչեւ այսօր:
-Փաստորեն, Ձեր խումբն արդեն մշտական աշխատանք ունի:
-Երեւանի գրեթե բոլոր ակումբներում հաճախ ելույթներ ենք ունենում: Մտածում ենք ավելի մեծ բեմեր դուրս գալու մասին:
-Հավանաբար, այդ նպատակով եք մասնակցում Նյու Յորքում անցկացվող ջազ մրցույթին:
-Այո՛, այս փուլում երկու միջազգային մրցույթի ենք մասնակցում: Մեկը` Made in New York jazz festival, որտեղ այս պահի դրությամբ առաջին տեղում ենք մոտ 40 երկրների մեջ: Հաղթելու դեպքում նոյեմբերին կմեկնենք Նյու Յորք, կմասնակցենք ջազ փառատոնին: Մյուս մրցույթը «ձրՈՊՖոՈ Jazz»` ավելի երիտասարդական է, երիտասարդ խմբերն են մասնակցում: Ունենք նաեւ հայտեր այլ փառատոներից, բայց քանի դեռ բանակցային փուլում է, չեմ հրապարակում այդ ամենը:
-Օրվա ընթացքում որքա՞ն ժամանակ եք հատկացնում թառի վրա պարապելուն:
-Հիմա արդեն պարապելու շատ քիչ ժամանակ եմ ունենում, բայց մենք անընդհատ նվագում ենք, խմբով 3-4 ժամ փորձ ենք անում ու շաբաթվա մեջ մինիմում 2-3 համերգ տալիս:
-Ազատ ժամանակն ինչո՞վ եք լցնում:
-Սիրում եմ զբոսաշրջություն, շատ էի մասնակցում քայլարշավների, բայց հիմա ազատ ժամանակ գրեթե չեմ ունենում:
-Ամուսնացա՞ծ եք, բալիկներ ունե՞ք:
-Անցած տարվա աշնանն եմ ամուսնացել, երեխա դեռ չունենք:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս