ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴՈՒՐՍ ԵՆ ՀՐԱՎԻՐԵԼ
Երեկ Ուելսի արքայազն Չարլզը ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ Օպերայում մասնակցել է համերգի, որը եղել է միայն հրավիրատոմսերով: Ըստ դրանց վրա արված նշումների՝ համերգի մեկնարկը պետք է լիներ ժամը 18:00-ին, սակայն սկսվել է ժամը 19:40-ին, քանի որ դահլիճը կիսադատարկ է եղել: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ հրավիրվածների թվում եղել են հիմնականում հայրենի պաշտոնյաները, որոնք չեն բարեհաճել ճիշտ ժամանակին լինել Օպերայում, ինչի պատճառով էլ համերգը երկար ժամանակ չի սկսվել: Ի վերջո, ուշացած համերգին մասնակցել են՝ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովն իր կնոջ ուղեկցությամբ, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: Ի դեպ, համերգի մեկնարկից հետո բոլոր լրագրողներին, օպերատորներին եւ ֆոտոլրագրողներին դահլիճից դուրս են «հրավիրել»՝ պատճառաբանելով, թե արքայազն Չարլզը չի սիրում նկարավել: Հետաքրքիր է՝ իր երկրո՞ւմ էլ է արքայազնը այդպես վարվում լրագրողների հետ: Բա ո՞ւր մնաց ժողովրդավարությունը:

ՄԵՂՍՈՒՆԱ՞Կ Է
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը փորձում է իր եղբորորդուն՝ Վահե Ղուկասյանին, որն այժմ ձերբակալված է եւ գտնվում է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում, փաստաթղթերով ձեւակերպել որպես հոգեկան խնդիրներ ունեցող մարդ, որպեսզի պատժից ազատվի: Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Գյումրու Շիրակացու 54-բ շենքի մոտ տեղի ունեցած աղմկահարույց կրակոցների արդյունքում հրազենային վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել Հարություն Խաչատրյանը եւ Արտյոմ Կարապետյանը՝ Շեկոն: Վերջինս հիվանդանոցում մահացել էր: Իսկ 1989թ. ծնված Վահե Ղուկասյանը ոստիկանությունում խոստովանել էր, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Ղուկասյան գերդաստանի կանայք՝ Վ. Ղուկասյանի դուստրն ու մյուս եղբոր՝ Գեւորգի հարսը, որոնք աշխատում են Գյումրու տարբեր դպրոցներում, իրենց ուսուցչական կոլեկտիվի մոտ «հպարտացել են»՝ ասելով, որ Վահիկի հետ իրենք ամեն օր հեռախոսով խոսում են, ու շուտով նա «գժի թղթով» ազատ կարձակվի:  Տեղեկությունները ճշտելու համար դիմեցինք Վահե Ղուկասյանի փաստաբան Հայկ Ալումյանին. «Այն բոլոր գործերում, որտեղ կա բռնի մահվան դեպք, մեղադրյալներին ենթարկում են դատահոգեբուժական փորձաքննության: Եվ սա բացառություն չէ: Նաեւ չի բացառվում, որ այս տեղեկությունները տարածում է մյուս կողմը: Դրանք ամբողջությամբ ապատեղեկատվություն են»:




Լրահոս