Այսօր Ազգային ժողովում Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը ներկայացնում էր «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր 2»-ը ֆինանսավորելու մասին հարցը: Այս նախագծի իրականացման դեպքում ենթադրվում է Երևան քաղաքում տրանսպորտային ծառայությունների արդյունավետության բարձրացում, տրանսպորտային ցանցի բարելավում: Խորհրդարանում պարզ դարձավ, որ այս ծրագրի իրաործման համար անհրաժեշտ է 150 մլն դոլար, որից Ասիական զարգացման բանկը տրամադրելու է 112-ը, իսկ մնացածը համաֆինանսավորելու է ՀՀ կառավարությունը:
Կամո Արեյանի ներկայությունը խորհրդարանում պատգամավորներին հիշեցրեց տարեսկզբին ձյան պատճառով քաղաքացիներին պատճառված անհարմարությունների մասին: Օրինակ` Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը փոխքաղաքապետից հետաքրքրվեց, թե քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած խորհրդակցությունից հետո, երբ նկատողություններ եղան, պաշտոնանկություններ եղան, թե` ոչ:
«Տեղյակ ենք, որ ձյուն է գալիս: Բնական երեւույթ է՝ ձմեռը ձյուն է գալիս: Հեռուստատեսությամբ ասել են՝ մեղր չի կաթալու, ձյուն է գալու: Քաղաքապետարանը պատրաստ է իր գործառույթն անելու: Որեւէ մեկի հրաժարականի կարիքը չկա: Բոլորն արել են իրենց գործողությունները հստակ եւ անելու են»,- արձագանքեց Արեյանը: