Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մշտապես առաջնորդվել են կլանային տրամաբանությամբ. եթե պաշտոնյան ազնիվ «մուծվել» է, ապա խնդիր չի ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամեն անգամ, երբ Հայաստանում որեւէ անսպասելի պաշտոնանկություն է տեղի ունենում, անմիջապես բնական հարց է ծագում՝ իսկ ինչպես են իշխանություններն իրենց կադրային քաղաքականությունն իրականացնում: Վստահ կարող ենք ասել, որ Հայաստանի իշխանությունների վարած կադրային քաղաքականությունում աշխարհում ընդունված քաղաքական կամ կուսակցական որեւէ տրամաբանություն գտնելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման:

Բանն այն է, որ ինչպես Ռոբերտ Քոչարյանը, այնպես էլ Սերժ Սարգսյանն իրենց ենթականերին նշանակելիս մշտապես առաջնորդվել են կլանային տրամաբանությամբ: Տեր-Պետրոսյանին չենք հիշատակում զուտ այն պատճառով, որ նրա պաշտոնավարման սկզբնական տարիներին կլանային համակարգը Հայաստանում դեռ այդքան լավ ձեւավորված չէր, հետագայում էլ այն միակենտրոն չէր:

Իսկ, ահա, Ռոբերտ Քոչարյանի պարագայում այդ հանգամանքը հստակ նկատելի էր, նախ` որովհետեւ նա նախընտրեց կուսակցական չդառնալ, նույնիսկ ձեւականորեն: Արդյունքում, պաշտոնյաները նշանակվում էին հետեւյալ սկզբունքով. նրանք պետք է կարողանային իրենց վստահված համակարգը վերահսկել, ժամանակին եւ ազնվորեն «մուծվել»: Եթե տվյալ պաշտոնյան մշտապես ժամանակին եւ ազնիվ «մուծվել» է, ապա նա խնդիր չի ունեցել:

Այսօրվա ՀՀ կառավարության անդամները վառ օրինակ: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն արդեն ավելի քան 18 տարի նախարարական եւ այլ բարձր պաշտոններ է զբաղեցնում: ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նույնպես երկու տասնամյակ է՝ պետական կառավարման համակարգում փոխնախարարի, նախարարի կամ այլ պատասխանատու պաշտոնի է: ՀՀ ֆինանսների նախարարը, Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւ այսպես շարունակ, նրանք ու, ընդհանրապես, այսօրվա պատասխանատուների ավելի քան 60 տոկոսը կառավարման համակարգում է շուրջ քսան տարի:

Իհարկե, Սերժ Սարգսյանի դեպքում ձեւական առումով իշխանությունների կուսակցական, ասել է, թե քաղաքական կողմը պահպանվում է, բայց դա ընդամենը պատրանք է, քանի որ բավական է՝ պաշտոնյաների կենսագրությունը ուսումնասիրեք եւ կտեսնեք, որ նրանք մի կուսակցությունից մյուսն են անցել, ու նրանց միակ մղումը եղել է համակարգում մնալը: Կոալիցիոն սկզբունքով` ոչ ՀՀԿ-ի կամ իշխանական բուրգի ղեկավարի առաջարկությամբ նշանակվող պաշտոնյաները եւս պետք է պահպանեն վերը նշված խաղի կանոնները: Նրանք, պարզապես, ոչ թե «օբշագին» են «մուծվում», այլ իրենց ներկայացնող կուսակցությանը:

Բնականաբար, նման պայմաններում հարց կարող է ծագել՝ իսկ ինչ սկզբունքով են պետական պաշտոնյաները համակարգից դուրս շպրտվում, քանի որ նման բազմաթիվ դեպքեր եւս եղել են: Հայաստանի իշխանական համակարգում պաշտոնյաների շրջանում մահացու մեղքը «մուծվելուց» խաբելն է: Նման քայլի գնացող պաշտոնյաները, որպես կանոն, ոչ միայն համակարգից դուրս են նետվում, այլ նաեւ հետագայում բավական դաժան ճակատագրի են արժանանում:

Օրինակ՝ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը, նա արդեն հինգ տարի անազատության մեջ է, եւ դժվար է ասել, թե երբ ազատ կարձակվի: ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանը պաշտոնանկությունից հետո չնայած ազատությունից չզրկվեց, բայց նրա տան վրա ավազակային հարձակում տեղի ունեցավ, որի արդյունքում նա միլիոնավոր դոլարների կարողություն կորցրեց: Իսկ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության նախկին պետ Հովհաննես Թամամյանը եւ ՀՀ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը մի քանի տարի անցկացրին անազատության մեջ, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանն էլ, թեեւ անազատության մեջ չհայտնվեց, բայց համակարգից օտարվեց:

Գումարների հետ կապված «սխալներից» հետո պաշտոնյաների հաջորդ «մեղքը» համակարգի որոշակի կանոնները խախտելն է, օրինակ՝ մեկ այլ պաշտոնյայի եւ եղբոր հարաբերությունների մեջ է մտել ու ինչ-որ այլ «սխալ» քայլեր է արել: Նման դեպքերում, եթե պաշտոնյաներն իրենց «խելոք» են պահում, նրանք համակարգից հեռացվում են առանց ծանր հետեւանքների: Իրեն վերապահված ոլորտը լիարժեք ձախողելը կամ սկանդալային ինչ-որ պատմության մեջ ընկնելը երբեք հիմք չէ պաշտոնյայի ազատման եւ առավել եւս համակարգից հեռացման համար:

Սկանդալային պատմությունները, եթե դրանք վերաբերում էին իշխանության, այսպես կոչված, հիմնական կազմին, նախկինում չէին կարող պաշտոնանկության պատճառ դառնալ: Օրինակ՝ 10 կամ 15 տարի առաջ պաշտոնյաների սկանդալների մասին մեկ-երկու թերթ կգրեր, կանցներ, կգնար: Վերջին 7-8 տարիներին համացանցի շնորհիվ սկանդալային պատմություններն ավելի մեծ արձագանք են ստանում, եւ երբեմն իշխանությունները ստիպված են լինում այս կամ այն պաշտոնյային որոշ ժամանակով ասպարեզից հեռացնել: Նման դեպքերում, եթե տվյալ անձը ցանկանում է, ապա որոշ ժամանակ անց կարող է կրկին վերադառնալ համակարգ, ինչպես, օրինակ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Պաշտոնյաները կարող են նաեւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի պես հրապարակային քաղաքականությունից հեռանալ, այլ կերպ ասած՝ անցնել ստվերի տակ՝ պահպանելով իրենց իշխանական ազդեցության մեծ մասը եւ բիզնեսներն ամբողջությամբ:

Այսինքն՝ իշխանական համակարգը արդեն մոտ երկու տասնամյակ է` գործում է՝ հաշվի չառնելով Հայաստանի հանրության կարծիքը, եւ այս փաստն է պատճառը, որ մարդիկ կարող են իրենց վստահված ոլորտն ամբողջությամբ ձախողել, արտերկրում պախարակել Հայաստանը, բայց, միեւնույն է, նրանք շարունակում են պաշտոնավարել: Այս մոտեցմամբ իշխանական համակարգի պարագլուխներն իրենց թիմակիցներին մշտապես հուշում են, որ նրանք ամեն դեպքում պաշտպանված են, եւ իրենց միակ եւ առանցքային պարտականությունը համակարգի հանդեպ է. ժամանակին եւ ազնիվ «մուծվել» ու խաղի կանոնները չխախտել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս