ՀԱՆՑԱՎՈՐ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ Ազգային ժողովում  2012թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահագն Մախսուդյանը բարձրաձայնել է  Սեւանում սիգի ձկնապաշարների աղետալի նվազման եւ դրա դեմն առնելուն ուղղված բնապահպանության նախարարության կողմից իրականացվող անբավարար միջոցառումների մասին: Մարտունեցի պատգամավորը նկատել է, որ Սեւանում այսօր ձկնորսությամբ զբաղվում է 250 ընտանիք, եւ ցանկության դեպքում բնապահպանության նախարարությունը կարող է նրանց «ձեռքը բռնել»: Ի պատասխան՝ բնապահպանության նախարար Արամ  Հարությունյանը նախ փորձել է այնպիսի անհեթեթ  հակափաստարկներ ներկայացնել, որոնք հակասում են անգամ իր իսկ ղեկավարած գերատեսչության  ներկայացուցիչների հնչեցրած թվերին: Այսպես. նախարարը հավաստիացրել է, թե այն գնահատականները, թե ներկայումս Սեւանում սիգի պաշարները կազմում են 5-6 հազար տոննա, չեն համապատասխանում իրականությանը: Իհարկե, նախարարը ճիշտ է, իրականությունը շատ ավելի տխուր է: Օրինակ՝ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի  Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի  տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի գնահատականներով` ներկայումս Սեւանում առհասարակ սիգի արդյունագործական պաշարներ չկան, եւ այսօր գերխնդիր է անգամ այդ ձկնատեսակի 2-3-հազար տոննա պաշարի ձեւավորումը, որից հետո միայն հնարավոր կլինի մտածել մի 30-40 տարի հետո ութսունականներին ունեցած 30 հազար տոննա ցուցանիշին մոտենալու մասին: Այն էլ` եթե խստիվ արգելվի սիգի որսը: Եվ այդ ամենը` բնապահպանության ճանապարհաշինարար նախարարի գործուն անգործության արդյունքում: «Միգուցե պետք է օրենքները խստացնել, քրեական պատասխանատվությունը խստացնել: Այդ 250 ընտանիքների ցանկը տվե՛ք մեզ, իրենց հետ աշխատանք ծավալենք, զբաղվածություն ապահովենք»,-պատգամավորին ասել է նախարարը: Նման  հայտարարությունից հետո ակամայից առաջանում է հետեւյալ հարցադրումը. իսկ միգուցե պետք է Արամ Հարությունյանի նման բնապահպանության նախարարից ազատվե՞լ, միգուցե պետք է նրա  գործունեության ընթացքում կատարված աղաղակող ապօրինությունների հետ կապված քրեական պատասխանատվությո՞ւնը խստացնել, որպեսզի մի ողջ երկրի բնապահպանական գերատեսչության ղեկավարը նախ` չհեգնի  իր իսկ անմիջական պարտականությունների տիրույթում գտնվող խնդրի մասին բարձրաձայնող  պատգամավորին, ապա եւ`  նրանից չպահանջի իր փոխարեն իր գործն անել` տրամադրելով ձկնորսությամբ զբաղվող ընտանիքների ցանկը: Այն, որ Սեւանա լճում սիգի վերացման միակ պատճառը որսագողությունն է` միաբերան նշում են ոլորտի անխտիր բոլոր մասնագետները: Ու եթե այդ ոլորտը վերահսկողը չի կարողանում  որսագողության դեմն առնել, ուրեմն պետք է կա՛մ հրաժարական տա հանցավոր անգործության համար, կա՛մ էլ գոնե առնվազն երրորդ անգամ չվերանշանակվի:




Լրահոս