Էջմիածնում տղամարդու հագուստ, ներքնաշորեր եւ կոշկեղեն չի վաճառվում: Հագուստի վաճառքով զբաղվողների խոսքով` պարզապես գնորդ չկա, քանի որ տղամարդկանց գերակշիռ մասը մեկնել է արտագնա աշխատանքի: Սրան զուգահեռ` գյուղացի կանայք հաճախ կատակում են, թե «գյուղում տղամարդ չկա, այդ պատճառով էլ հանգիստ կարող ենք դրսում՝ արեւի տակ, տաշտը դնել ու լողանալ»:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության սահմանահատումների հաշվառման տվյալների համաձայն՝ 2012թ. հունվար-հուլիսին Հայաստան ժամանածների եւ մեկնածների թիվը համապատասխանաբար եղել է 1 մլն 68 հզ. 159 եւ 1 մլն 151 հզ. 919: Սալդոն բացասական է` -83 հազար 760:
Ըստ ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության հրապարակած տվյալների՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ օդային տրանսպորտով, երկաթուղով եւ ավտոտրանսպորտով մեկնածների եւ ժամանածների թվերի տարբերությունն աճել է 5,1 հազարով կամ 6,5%-ով: Օդային տրանսպորտով սահմանը հատած ուղեւորների տեսակարար կշիռն ուղեւորափոխադրումների ընդհանուր ծավալում կազմել է 44,1%:
Հետազոտողները նշում են, որ արտագաղթի առավել ակտիվություն է նկատվում 25-44 տարեկան տղամարդկանց շրջանում, ինչն ազդում է ժողովրդագրական տվյալների վրա եւ հետագայում կարող է հանգեցնել երկրում աշխատուժի պակասի: Պաշտոնական հետազոտությունների համաձայն` 2002-2007թթ. ՀՀ-ից արտագաղթած 230 հազար հոգու 94 տոկոսն աշխատանք փնտրողներն են:
Բնականաբար, հատկապես արական սեռի ներկայացուցիչների զանգվածային արտագաղթն անդրադառնում է ոչ միայն երկրի ժողովրդագրական պատկերի, այլեւ ամենատարբեր ոլորտներում առկա իրավիճակի վրա, այդ թվում եւ` մանրածախ առեւտրի:
«Ես կանացի հագուստն ու կոշիկն ավելի շատ եմ վաճառում, քան տղամարդունը: Անցյալ տարի ավելի լավ էր: Ի դեպ, Արմավիրի մարզի կարկտահարությունն էլ իր վատ ազդեցությունն ունեցավ առեւտրի վրա: Հիմա ո՞վ է գալու հագուստ գնի»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժգոհեց Էջմիածնում հագուստի վաճառքով զբաղվող տիկին Կարինեն:
Իսկ տասնհինգ տարվա փորձ ունեցող վաճառական Հենրիկը նկատեց, որ տղամարդ գնորդների թվի նվազման պատճառով ինքն արդեն սկսել է չվաճառել տղամարդու հագուստ եւ կոշիկ. «Կարող է՝ ողջ օրվա ընթացքում ոչ մի տղամարդ չմոտենա նույնիսկ գին հարցնելու համար: Մեկ օրում կարող է տասը զույգ կանացի կոշիկ վաճառվել, բայց տղամարդու՝ ոչ»:
47-ամյա Շաղիկն էլ զայրացած ներկայացրեց, որ տղամարդու ոչ միայն հագուստն ու կոշիկը չեն վաճառվում, այլեւ ներքնաշորը. «Ժամերով նստում ես, ոչ մի մարդ չի գալիս անց կենում, ջահելություն չկա, գնացել են, գնում են: Մենք էլ վարկեր ունենք, չենք կարողանում գնալ ու ապրանք բերել: Այս տարի անցյալ տարվա համեմատ ահավոր է: Մարդ չկա: Նախկինում գալիս էին, գոնե ապրանքի գինն էին հարցնում, բայց հիմա հարցնող չկա: Նույնիսկ տղամարդու մայկաներն ու տրուսիկները չեն վաճառվում»:
Վաճառականներից ամենատարեցի` Գեւորգի համոզմամբ, եթե մի երկրում գնորդ չկա, նշանակում է՝ առեւտրի մասին խոսելն ավելորդ է: «Եթե մի երկրում ամբողջ քաղաքականությունը գնում է հարկային բեռը ծանրացնելու ուղղությամբ, էլ ի՞նչ կարող ես ասել: Այսօրվա դրությամբ անցյալ տարի շատ ավելի լավ էր. օրական 300-ից 400 հազար դրամի առեւտուր էինք անում, բայց այսօր եթե 30 հազար դրամի առեւտուր անենք, շատ ենք ուրախանում, ուրեմն դա հրաշք բան է: Երկիրը հայաթափվում է, աշխարհի ոչ մի կայսրություն չկարողացավ մեր երկիրը հայաթափել, անգամ 1915 թվին դա չեղավ, իսկ այսօր… Ես իմ ցավն ունեմ, ու այդ ցավը կապված է իմ առեւտրի հետ, որովհետեւ գնորդ չկա: Նախկինում փողոցներն այնքան մարդաշատ էին, իսկ հիմա մարդ չկա: Ետդարձի ոչ մի հույս չկա: Գնացողը գա այս երկիր, ի՞նչ պետք է անի, ի՞նչն է կանչում իրեն: Ես ինքս էլ կգնամ եւ վերջ: Հավատ չկա,-ափսոսանքով նշեց Գեւորգը` ընդգծելով, որ հիմնականում տղամարդկանց արտագաղթի արդյունքում մեծ թվով ընտանիքներ են քանդվում,-մի գյուղից մի տղամարդ էր գնացել ու կնոջն էլ երեք աղջկա հետ թողել էր այստեղ: 15 տարի անց եկել է, արդեն թոռ ունի ու կնոջը դուրս արել տանից, ինչ է թե լսել է, որ կինն անբարոյական է: Բա դու այնտեղ ի՞նչ էիր անում: Քանդվե՞ց տասնամյակների ընտանիքը, քանդվեց: Եվ ամեն օր քանի՜ ընտանիք է քանդվում»:
«Սպառողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը նույնպես փաստում է, որ երկրից մեկնողները շատ են. «Գնողունակությունը երկու ձեւով է ընկնում. կա՛մ վճարունակությունն է պակասում, կա՛մ էլ գնորդը: Հիմա մենք այս պարագայում երկուսի հետ էլ գործ ունենք: Բնականաբար, զառամյալ տղամարդը երկրից չի հեռանա, գնում են ակտիվ տարիքի տղամարդիկ, որոնք էլ պոտենցիալ գնորդներ են»:
ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՀԱԳՈՒՍՏ ՉԻ ՎԱՃԱՌՎՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ