«ՈՐՈՇ ՄԱՐԴԿԱՆՑ ՊԱՀՎԱԾՔՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան ԳՆԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԸ դատի է տվել «Շանթ» հեռուստաընկերությանը` պահանջելով դեկտեմբեր ամսվա իր աշխատավարձը: «Երկխոսությունը չստացվեց հ/ը գլխավոր պրոդյուսեր Հունան Սողոյանի հետ: Իրենց ոչ ողջամիտ կամ մի քիչ ավելի ինքնահավան լնելու պատճառով եղավ այս ամեն ինչը: Արդյունքում ես դիմեցի դատարան: Սա առաջին դեպքը չէ, երբ այս հ/ը-ն չի վճարում աշխատողներին, մի քանիսին էլ է բախտ վիճակվել, որ «Շանթ»-ն իրենց «քցի»: Ուղղակի նրանց մի մասն աչք է փակել ու շարունակել աշխատել, մյուս մասը դուրս է եկել, ես միակն էի, որ դիմեցի այս քայլին»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց դերասանը:
-Ինչո՞ւ հանկարծ «Շանթ»-ը որոշեց չտալ Ձեր աշխատավարձը:
-Ամեն ինչ սկսվեց դեկտեմբերին, երբ նկարահանման ժամանակ ցրտի ու սառած ասֆալտի պատճառով միջադեպ տեղի ունեցավ: Այդ օրը պետք է նկարվեի  «Համմեր» մակնիշի մեքենայով, բայց ես զգուշացրի, որ ճանապարհը սառած է, կարող է մեքենան փախցնի, առաջարկեցի համբերել մի 20 րոպե, որ գոնե սառույցը հալվի, որովհետեւ եթե 4-տոննայանոց մեքենան փախներ, ես պատասխանատու չէի: Իսկ մենք ունենք պայմանագիր, համաձայն որի՝ իրենք պետք է հոգան դերասանի անվտանգությունը, եթե բարդ տեսարաններ են` կասկադյոր վարձեն, հազար ու մի խնդիր լուծեն: Իմ զգուշացումից հետո էլ բան չփոխվեց, ասացին՝ դեմը Նոր տարի է, պետք է հասցնենք: Նստեցի, նկարահանեցինք, ու վթար տեղի ունեցավ. «Համմեր»-ը, որի ղեկին ես էի, խփեց ճամփեզրին կանգնած «Միցուբիշի» մակնիշի մեքենային: Ոչ մի զոհ չի եղել, մեքենան ուղղակի կանգնած էր ճանապարհին: Բնականաբար, տեղյակ պահեցինք «Շանթ»-ի ղեկավարությանը, մեզ էլ ասացին՝ շարունակե՛ք նկարահանումները, մենք այդ հարցը կկարգավորենք: Դե կարգավորեցին, գնացինք, «Միցուբիշի»-ի տերերին տեսանք, ինձ ճանաչելով՝ ասացին՝ խնդիր չկա, ոնց ձեզ հարմար ա, էդպես էլ անենք, միայն թե մեր մեքենան սարքվի: Մի խոսքով, «Շանթ»-ը գումար էր տվել, մեքենան սարքել էին, ու վերջացավ այդ ամբողջ պատմությունը:
Իսկ տոներից հետո՝ հունվարի 7-ին` մեր առաջին նկարահանման օրը, մենք հանդիպեցինք գլխավոր պրոդյուսեր Հունան Սողոյանի մոտ, որն էլ իր աշխատասենյակում ինձ ասաց, որ մեքենայի ծախսը մեծ է, գոնե կեսը դու պիտի տաս: Ես էլ ասացի, որ եթե որեւէ կերպ կապացուցվի իմ մեղավորությունը, ես նույնիսկ ամբողջը կտամ, բայց ես մեղավո՞ր եմ, ասացի՝ ապացուցե՛ք, տամ: Չստացվեց մեր երկխոսությունը: Ինքն էլ սկսեց բորբոքել խոսակցությունը, իմ կարծիքով՝ դիտավորյալ, ինձ ասաց, թե ես գողական եմ գնում, ուզում եմ «Շանթ»-ին «քցեմ»: Այդ օրն էլ չգնացի նկարահանման, որովհետեւ կրկին մեքենայով տեսարան էր, նրան էլ ասացի՝ մի հարցը չլուծած՝ նոր խնդրի մեջ չեմ ուզում ընկնել: Մարդ կարգուկանոնից է խոսում, բայց հենց իրենք չեն առաջնորդվում իրենց իսկ պայմանագրի կետերով:
Ասեմ՝ մեր այդ զրույցից հետո սրանք սկսեցին առիթավորվել, ինչ-որ թղթեր էին պատրաստում, իմ տուն ծրարներով  նամակներ ուղարկում, դե, ըստ մեր պայմանագրի, մեզ պետք է կանչման թերթիկ տան նկարահանումներից երկու օր առաջ: Սկսեցին կարգով աշխատել ու ինձ մեղադրել, թե ես նկարահանումներ եմ պրովալ տվել, իմ պատճառով գովազդատուներ են կորցրել: Նման բան չի եղել, ես ամեն օր զանգել եմ մեր ադմինիստրատոր Հայկին ու հարցրել՝ վաղը ես նկարահանում ունեմ, թե ոչ: Իսկ երբ հունվարի 15-ին դեկտեմբերի իմ աշխատավարձը չփոխանցեցին, եւ հունվարի 19-ին նստեց աշխատավարձիս մի մասը, ես Հունանին հարցրի՝ ինչու, ասաց՝ դու մտածի, որովհետեւ պրովալ ես տվել: Հունանին Սողոյան բարկացրեց այն փաստը, որ աշխատողը կարող է կարծիք հայտնել, դե իրենց մոտ դեռ 17-րդ դարն է, իրենք սովոր չեն, երբ ստրուկն իրենց ինչ-որ բան է ասում: Ոչ մի երկխոսության չգնացին ինձ հետ՝ չնայած, որ ես պատրաստ էի: Հունվարի վերջին էլ պատահական իմացա, որ մեր կնքած պայմանագիրն իրենք խզել են, այն դեպքում, երբ ըստ մեր պայմանագրի՝ այն կարող է խզվել միայն երկու կողմերի համաձայնության դեպքում: Ստացվեց, որ իրենք միակողմանի որոշում են կայացրել: Ես առայժմ դատական պրոցեսով դրան չեմ անդրադառնում, դեռ դեկտեմբեր ամսվա աշխատավարձս եմ պահանջում:
-Ինչքա՞ն պետք է լիներ ամբողջ աշխատավարձը:
-400.000 դրամ, որից 75.000 դրամը ես բարեխիղճ կերպով վճարել եմ պետությանը, ինձ փոխանցել են կեսը, այս դեպքում իրենք ոչ միայն ինձանից, նաեւ պետությունից են պահում արել: Ես ձեռք չեմ քաշի այս ամենից: Բոլոր այն վնասները, որ կկրի «Շանթ»-ը, թող իմանան, որ դա Հունան Սողոյանի տգիտության պատճառով է: Իրենց թվաց` ես անգործ կմնամ, բայց ես թքած ունեմ ցանկացած աշխատանքի վրա, որտեղ նման բաներ են կատարվում, հաճույքով վերջ կտամ իմ կարիերային ու կզբաղվեմ ուրիշ գործով: Հիմա արդեն ես չեմ ուզում մտնել իրենց հետ դիալոգի մեջ: Հունիսի 12-ին հերթական նիստն է, տեսնենք՝ ինչ կասեն: Հիմա ես անգործ եմ, 5 ամիս է՝ տանը նստած եմ ու սպասում եմ՝ դատական գործը վերջանա: Եթե առաջարկներ չունենամ այլ հեռուստաընկերությունից, ուղղակի կմեկնեմ իմ հայրենիքից:
-Ո՞ւր:
-Хоть в Баку (կատակում է-Ե.Ռ.): Ես էլ ընտանիք պահելու խնդիր ունեմ: Հայրենիքից նեղացած չեմ, բայց որոշ մարդկանց պահվածքն ինձ համար անընդունելի է:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս