Հարգելի’ ընթերցողներ, «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրակազմը ցավով տեղեկացնում է, որ այսօր օրաթերթը լույս չի տեսել «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության գործունեության կամ անգործության հետեւանքով: Գիշերը 01:00-ին, երբ թերթի տպագրության ավարտին րոպեներ էին մնացել, հոսանքազրկվեց Կենտրոն վարչական շրջանի մի հատվածը, այդ թվում` Աբովյան 22ա հասցեն: Հեռախոսազանգերին պատասխանող աշխատակիցը սկզբում հավաստիացրեց, որ երկու ժամվա ընթացքում խնդիրը կկարգավորվի, աշխատանքներ են տարվում: Սակայն երկու ժամ անց 5-6 հեռախոսազանգից հետո միայն տեղեկացրեցին, որ մինչեւ 04:00-ն էլ. էներգիա չենք ունենա: Մինչդեռ այդ դժվարին իրավիճակում գոնե կարելի էր անկեղծ լինել և ասել, որ խնդիրը չի կարգավորվի մեկ երկու ժամվա ընթացքում, որպեսզի հնարավոր լիներ այլընտրանքային տարբերակներ կիրառել՝ թերթի տպագրությունը կազմակերպելու համար:
Այսպիսով` Հայաստանի էլեկտրացանցեր ընկերության գործունեության հետեւանքով է, որ մեր ընթերցողներին օրաթերթը այսօր չի հասել: Վաղ առավոտից խմբագրության հեռախոսները «պայթում» են ահազանգերով, թե ինչու լույս չի տեսել օրաթերթը: Իսկ ՀԷՑ-ը դեռ ուսումնասիրում է խնդիրը՝ հասկանալու համար, թե ինչ է պատահել: Ի դեպ, այս պահին եւս խմբագրությունը հոսանքազրկված է:
Մեկ անգամ եւս «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրակազմը հայցում է ընթերցողների ներողամտությունը: