Վերջերս հայտնի դարձավ, որ Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանն ազատվել է աշխատանքից` տնօրեն Վարդան Գրիգորյանի՝ 2016 թվականի փետրվարի 12-ի N 13-Ա հրամանով: Նրան պաշտոնից ազատելու հիմքերն ու պատճառները տարբեր են, այդ թվում՝ պարբերաբար առանց հարգելի պատճառի աշխատանքի չներկայանալը, իրեն վերապահված պարտականությունները պարբերաբար չկատարելը, տնօրենի հանձնարարականներն ու հրամանները չկատարելը, կամայականություն դրսեւորելը, իր մասնագիտական եւ աշխատանքային պարտականություններից բխող հաշվետվությունները չներկայացնելը եւ այլն:
Թեմայի շուրջ նախ զրուցեցինք թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանի հետ:
-Պարո՛ն Գրիգորյան, ավելի վաղ նշել եք, որ արել եք ամեն ինչ` թատրոնում ստեղծված իրավիճակը հանդարտեցնելու համար, փաստորեն, Ձեր ջանքերն արդյունք չտվեցին…
-Հանդարտեցում ասվածը հետեւյալն էր. մի գաղափար էր առաջացել, որն այդ շրջանում ինձ թվաց ամենաօպտիմալը եւ լավագույն ելքը: Ըստ այդ գաղափարի` պետք է երկուստեք «պայմանագիր» կնքվեր, որը ոչ թե իրավական, այլ զուտ բարոյական նշանակություն կունենար: Այդ «պայմանագիրը» յուրաքանչյուր կողմը պետք է ստորագրեր, եւ ամեն մեկը հանգիստ գնար իր աշխատանքին: Սակայն դա, ցավոք սրտի, ձախողվեց: Իսկ դա բերեց այն մտքին, որ հետագա աշխատանքները հնարավոր չի կազմակերպել:
-Ի՞նչ «բարոյական պայմանագրի» մասին է խոսքը:
-Ես առաջարկել էի կետեր, նախագիծ, ըստ որի՝ պարզ էին դառնում երկուստեք պարտականություններն ու իրավասությունները: Դա իրավական ակտ չէր, համաձայնագիր էր: Ուղղակի ռեժիսորը չեկավ, ինձ ասաց, որ էմոցիոնալ է, այդ ֆոնին կարող է վիճաբանություն ծագել եւ այլն: Իհարկե, դա անընդունելի է. եթե բանակցող կողմերից մեկը ներկա չի լինում, պարզ չի՞, որ համաձայնագիրը չէր կայանա: Գլխավոր ռեժիսորը եկավ ավելի ուշ, հարց է ծագում` ինչո՞ւ նա չեկավ ավելի շուտ: Սա է, ուրիշ բան չկա:
-Դրանից անմիջապես հետո՞ որոշվեց, որ Արմեն Մելիքսեթյանը թատրոնում չի աշխատելու:
-Ոչ թե անմիջապես հետո, այլ հետագա ընթացքը ցույց տվեց, որ բոլոր ճանապարհները տանում են նման հանգուցալուծման: Ես ինքս եմ նրա` աշխատանքից ազատման որոշումը կայացրել, որեւէ մեկը չի խառնվել դրան: Չգիտես ինչու` մեզ մոտ հայտարարում են, որ տնօրենները նշանակովի են, բայց իրականում այդպես չէ. ես` որպես տնօրեն, իրավասու եմ հետեւություններ անելու: Թատրոնի հետագա գործունեությունից, զարգացումից ելնելով` կայացրել եմ որոշում, որ խանգարող բան չլինի:
-Բայց առանց գլխավոր ռեժիսորի դժվար չի լինի՞: Ինչպե՞ս եք պատկերացնում թատրոնի հետագա աշխատանքները:
-Եթե մի տարի շարունակ գլխավոր ռեժիսորն իր գործով չի զբաղվել, թատրոնն ի՞նչ է` չի՞ աշխատել. տնօրենն է դրանով զբաղվել, մյուս ռեժիսորը, ամբողջ թատրոնը: Մենք տվել ենք ավելի լավ ցուցանիշներ, դա ցանկությունից է կախված:
Պայմանականություններից պետք է վեր կանգնել, այսօրվա թատրոնը չի ենթադրում պահպանողականություն, այսօր պետք են նոր, կրեատիվ մոտեցումներ: Ես` որպես տնօրեն, կողմ եմ, որ թատրոնը շնչի, ճանաչելի դառնա, ուրիշ տեղեր ներկայանա. սրանք այն հարցերն են, որոնցով ես ակտիվորեն զբաղվել եմ, չգիտեմ` որքանով է ստացվել:
-Գլխավոր ռեժիսորի նոր հնարավոր թեկնածուներ արդեն կա՞ն:
-Ո՛չ, նման խնդիր դեռեւս դրված չի, իհարկե, կարելի է մտածել այդ ուղղությամբ, բայց որքանով ես հասկացա, ավագ սերունդը մեր թատերական դաշտում իր ամբիցիաներից վերեւ չի բարձրանում: Հիմա այս իրավիճակում չէի ցանկանա նույնիսկ նման հարց բարձրացնել, կա չշտապելու, այդ հարցը հանգիստ քննարկելու խնդիր: Թատրոնի ներքին հոգեբանական մթնոլորտը կայունացնելու ժամանակահատված է պետք: Մեզ մոտ բնականոն աշխատանքներ են ընթանում, շուտով կսկսվեն նոր ներկայացումների փորձեր, մենք ունենք երկրորդ ռեժիսոր, առայժմ նա իր աշխատանքներով է զբաղված: Այս էտապում որեւէ մեկի թեկնածությունը չկա եւ չի կարող քննարկվել:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ նույն թատրոնի դերասանուհի Շողեր Ջալալյանի հետ, ով տեղեկացրեց, որ թատրոնում այժմ ամեն բան նորմալ է. «Հիմա մեզ մոտ խաղաղ մթնոլորտ է, փորձեր են ընթանում»:
Անդրադառնալով Ա. Մելիքսեթյանի` աշխատանքից ազատվելուն, Շողերը նշեց. «Մենք չենք աշխատել իր հետ, որ հիմա իր պակասությունը զգանք: Նա թատրոն չէր ներկայանում, փորձերից տեղյակ չէր: Հիմա երկրորդ ռեժիսորը` Արթուր Սարիբեկյանը, զբաղվում է հին ու նոր ներկայացումներով, եւ դեռ կգան նոր ռեժիսորներ` նոր ներկայացումներով»:
Մենք զրուցեցինք նաեւ թատրոնի՝ արդեն նախկին գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանի հետ:
-Պարո՛ն Մելիքսեթյան, թատրոնի տնօրենը մեզ հետ զրույցում պատմեց «բարոյական համաձայնագրի» մասին, որն առաջարկվել էր երկու կողմերին: Դուք խուսափել եք դրանից, ինչու՞:
-Ես չէի գնացել թատրոն քաղաքականությամբ, դիվանագիտությամբ զբաղվելու… Թատրոնը կա՛մ լինում է, կա՛մ չի լինում: Ուզում են կոնսեսուսի գանք, ինչ-որ բաներ անենք. խաղ է դա, կրկեսային համար, անլուրջ բան, դա բնորոշ չէ մայրաքաղաքային թատրոնին, գավառական մտածելակերպի արդյունք է:
-Դուք ինչո՞ւ չկարողացաք մնալ Ձեր պաշտոնում, ո՞րն է Ձեր մեկնաբանությունը:
-Ինձ վերադարձրին թատրոն` խոստանալով ամեն ինչ անել, որ այն դառնա երաժշտական, բայց պետությունն իր խոստումը չկատարեց, եւ ոչ մի օգնություն այդ առումով չեղավ, իսկ եթե չկա աջակցություն պետության կողմից, ոչինչ անել հնարավոր չէ: Պետք է ստեղծվեին պայմաններ, որ կարողանայինք փոխել թատրոնի բնույթը, բայց այնտեղ հավաքված են մարդիկ, որոնք բացարձակ կապ չունեն թատրոնի հետ:
-Օրինակ` ո՞ւմ նկատի ունեք` տնօրենի՞ն, դերասանների՞ն:
-Տնօրենով, բանով… Ամեն ինչն էր շատ անհաջող: Տնօրենը, փաստորեն, նշանակվել էր, որ առաջին օրվանից վերանորոգման աշխատանքներ կատարեր, տարի ու կես է` «ռեմոնտ» է անում, փոխանակ մտածեր գեղարվեստական հարցերի մասին: Բայց նրա նպատակը դա է` գալ, «ռեմոնտ» անել: Անցյալ տարի թատրոնին բեմադրության համար ոչ մի կոպեկ չի փոխանցվել, բայց «ռեմոնտ»-ի համար փոխանցվել է, թատրոնը «ռեմոնտ» անող կազմակերպությո՞ւն է. դե, թող անեն, բայց առանց ինձ:
-Ինչպես Դուք եք ասում՝ Ձեզ բերեցին թատրոն` ստեղծագործական հարցեր լուծելու համար: Այդ դեպքում ինչո՞ւ էլի ազատեցին աշխատանքից: Փաստորեն, չարդարացրիք հույսերը…
-Ես առաջին օրը չէ, որ պետք է ինձ արդարացնեմ (ծիծաղում է): Ես տասնյակ բեմադրություններ ունեմ, իմ կարողություններից ոչ ոք դեռ չի բողոքել: Բայց նպաստավոր պայմաններ չստեղծվեցին, որ ես կարողանամ աշխատել… Կա նման դասական մոտեցում. քեզ առաջարկում են աշխատանք, որ թույլ չտան` դու դա անես: Մանկական խաղեր են, որ մի անգամ էլ ապացուցեն, որ ունակ չեմ, չեմ կարող (ծիծաղում է): Հնարավոր է, որ այս պաշտոնին դրեցին, որ չթողնեն աշխատեմ, չգիտեմ… Օպերային թատրոնում տիրող իրավիճակին հետեւեց այս մյուս ծայրահեղությունը, եթե խորը նայես, այս ամենի մեջ, իհարկե, ինչ-որ կապ կա, նույն ձեռագիրն է:
-Այսինքն` առանց «գլխավորի» թողնելու միտո՞ւմ:
-Այս թատրոնը միշտ էլ առանց ղեկավար է եղել: Վերջին տարիներին մուլտֆիլմեր են բեմադրվել, երեւի այդպես էլ կշարունակեն, եթե չգա մի ուժ, որ կարողանա քարը տեղից շարժել:
-Գուցե Դուք Ձեր ուզած «բարեփոխումները» իրականացնեիք ավելի հանդարտ կերպո՞վ, քայլ առ քայլ, առանց կտրուկ որոշումների…
-Ես մաքսիմալիստ եմ, եթե գործից հասկանում եմ, առաջարկում եմ ինչ-որ բան անել, չեն անում ասածս, ուրեմն իմաստ չունի այնտեղ լինել: Հանդարտ լինելը ո՞րն է: Վերջին հաշվով, դա իմ խառնվածքն է, ես հո չե՞մ հայհոյում: Ես գնացել էի բեմադրություն անելու, ոչ թե մեկին հաճոյանալու, ժպտալու… Աշխատանքը մնում է աշխատանք:
-Աշխատանքից ազատվելով` Դուք ի՞նչ կորցրիք:
-Ես կորցնելու բան չունեմ, նյարդերս հիմա հանգիստ կլինեն, ամեն մի անհասկացող մարդու բացատրություններ չեմ տա, չեմ կրթի… Ես ուրիշ թատրոններում բեմադրություններ եմ անում, հրավերներ ունեմ, դասավանդում եմ: Ձեզ թվում է` ծնվել եմ, որ այդ թատրոնում աշխատե՞մ: Պետք է խնդրեն, որ ես այնտեղ բեմադրություն անեմ… Այդ թատրոնը չի, որ ինձ պետք է կերակրի, կամ անունս, համբավս բարձրացնի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ թատրոնի անձնակազմը տեւական ժամանակ էր` որոշում էր ընդունել, որ չի շարունակելու աշխատել գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանի հետ: Հունվարի 29-ին մշակույթի նախարարությունում գեղարվեստական խորհուրդը, այդ թվում մշակույթի նախարարը, քննարկել էր թատրոնում ստեղծված իրավիճակը եւ փորձել ելքեր գտնել, բայց, ինչպես ցույց տվեց ժամանակը, ապարդյուն:
Աննա Բաբաջանյան